ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս Սահակ Մանուկյանը պնդում է՝ աշխատանքից հեռացվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի միջամտությամբ։ -ի հետ զրույցում Մանուկյանն ասել է, որ պատգամավորի դուստրն իր ուսանողներից է, և դասախոսություններից մեկի ժամանակ իր բերած օրինակի համար են իրեն աշխատանքից ազատել։

«Քաղաքական ռեժիմներ թեման եմ բացատրել։ Հասել եմ դեմոկրատական քաղաքական ռեժիմին և ներկայացրել իր ատրիբուտները, որոնցից մեկը՝ խոսքի ազատությունն է։ Ասել եմ, որ խոսքի ազատությունը ունի որոշակի սահմանափակում, մասնավորապես՝ վիրավորանքի և զրպարտանքի հետ կապված։ Եվ որպեսզի ուսանողները ավելի լավ հասկանան, բերել եմ մի օրինակ Scotch and whisky ֆիլմից որտեղ հնչում է խնդրո առարկա բառը՝ ֆուցն։ Ասել եմ, որ այդ բառը ոչ միայն հանդիպել ենք ֆիլմում, այլև քրեական և քաղաքացիական գործերում տարբեր ընկալումներ ունեն։ Քրեական գործով բառը դիտարկվել է որպես վիրավորանք, և խնդիրն այն է, որ այդ նույն բառը մեկ այլ իրավիճակում՝ քաղաքացիական գործում մեկնաբանվել է դատարանի կողմից որպես զրպարտություն և երկուսի նյոանսներն էլ բացատրել եմ ուսանողներին»,- ասաց Մանուկյանը։

ԵՊՀ-ից մեզ տեղեկացրել էին, որ ԵՊՀ նախկին դասախոսը հեռացվել է «ոչ պատշաճ վարքագծի պատճառով»՝ տրամադրելով նաև լուսանկարներ դասախոսության ընթացքից և ծնողի՝ ռեկտորին ուղղված նամակից։

«ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար»,- նշել են համալսարանից։

Լուսանկարի հետ կապված ԵՊՀ նախկին դասախոսը պարզաբանում է․ «Եթե լուսանկարը նայել եք, այնտեղ տեսնում եք, որ կանգնած եմ էլեկտրոնային գրատախտակի մոտ։ Գրատախտակին գրած է խոսքի ազատություն, ապա վիրավորանք և զրպարտություն, իսկ վիրավորանքի տակը գրված է ֆուցն բառը և դրա տակը գրված է ապուշ, սա է եղել»։

ԵՊՀ նախկին դասախոսը նշեց, որ պատրաստվում է դիմել դատարան։

Անի Թամրազյան