
Երևանում մեկնարկում է Սիլվա Կապուտիկյանի անվան գրական բանավեճի առաջին մրցաշարը։ Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հրավիրած ասուլիսում անդրադարձ եղավ նախագծի մեկնարկին, իսկ միջոցառմանը ներկա թիմերը և նրանց մենթորները հնարավորություն ունեցան հարցեր հնչեցնելու բանավեճի ձևաչափի, փուլերի և նախապատրաստության վերաբերյալ։ Սիլվա Կապուտիկյանի անվան գրական բանավեճի մրցաշարը նպատակ ունի զարգացնել դպրոցականների հետաքրքրությունը ռուս, հայ և համաշխարհային գրականության հանդեպ, ինչպես նաև ձևավորել քննադատական մտածողության, հրապարակային երկխոսության մշակույթի հմտություններ։
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Անդրեևայի ձևակերպմամբ, բանավեճերի գաղափարը նոր չէ, հատկապես որ անցյալ տարի ուսանողների միջև արդեն իսկ անցկացվել է ժամանակակից պատմության թեմաներով բանավեճերի առաջնություն։ «Այս անգամ որոշեցինք ներգրավել ավելի երիտասարդ լսարան՝ ավագ դասարանների աշակերտներին, որոնց համար կարևոր է զարգացնել խոսելու, վիճելու և փաստարկելու հմտությունները։ Այդպիսի ձևաչափը թույլ կտա երեխաներին ոչ միայն աշխատել դպրոցական ծրագրով, այլև կարդալ լրացուցիչ գրականություն՝ ընդլայնելով սեփական աշխարհայացքը»։
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը ներկայացրեց, թե ինչու է բանաստեղծուհու ժառանգությունը շարունակում արդիական լինել երիտասարդ ընթերցողների համար։ «Սիլվա Կապուտիկյանին դեռ կենդանության օրոք էին ամենուր սպասում։ Նրա պոեզիան ոչ միայն ժանյակի նման գեղեցիկ էր, այլև հզոր»,-ասաց տիկին Դեմիրճյանը։
Խաչատուր Աբովյանի տոհմի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ևս ընդգծեց ինտելեկտուալ բանավեճի մշակույթի կարևորությունը։ Նրա խոսքով, բանավեճերը ոչ թե վիճել են սովորեցնում, այլ դրանց միջոցով փորձ է արվում առանց ագրեսիայի հղկել խոսքի հմտությունը և կողմնորոշումը կոնկրետ իրավիճակում։ «Երեխաները պետք է սովորեն բանավիճել, որովհետև ցանկացած ազգի գոյատևման միակ միջոցը, անկախ պատմական ժամանակաշրջանից, սեփական դիրքորոշումը պաշտպանելու կարողությունն է։ Իսկ ազգը բաղկացած է բոլորիցս»,-ասաց Արման Աբովյանը։
Կենտրոնի մշակութային նախագծերի բաժնի մասնագետ Արամ Գյուրջյանը տեղեկացրեց, որ Սիլվա Կապուտիկյանի անվան գրական բանավեճի մրցաշարի յուրաքանչյուր փուլից հետո բանավիճի մասնակիցները հնարավորություն կունենան այցելել Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան՝ ավելի խորությամբ ծանոթանալու նրա ստեղծագործական ժառանգությանը։ Արամ Գյուրջյանը նաև նշեց, որ նման նախագծերն օգնում են դեռահասներին յուրովի վերլուծել կարդացածը, պասիվ ընթերցողից դառնալ համահեղինակ։
Հավելենք, որ մրցաշարի ժյուրիի նախագահն է ՀՀ վաստակավոր ուսուցիչ, միջազգային Պուշկինյան մրցույթի հաղթող, ԱՊՀ «Կրթության գերազանցիկ» կրծքանշանի դափնեկիր, ինչպես նաև «Հայաստանի լավագույն ռուսերենի ուսուցիչ -2025» մրցույթի հաղթող Անահիտ Գրիգորյանը, անդամները՝ Ռուսական տան ներկայացուցիչները, ինչպես նաև որևէ հրավիրյալ հանրային դեմք։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Հայաստանում Ռուսական տան




















































































































































































































