Ամրապնդելով հայ-վրացական մշակութային կապերը. Հայաստանը հյուրընկալել է «Երաժշտական Բաթումի» ծրագիրը

«Երաժշտական Բաթումի» մշակութային նախաձեռնության շրջանակում, որը մարտի 25-29-ը անցկացվում է Երևանում և Վանաձորում, Հայաստանում կազմակերպվում են վրացական երաժշտության գեղեցիկ երեկոներ։

Համերգներից մեկը, որի ընթացքում ելույթ ունեցան Աջարիայի պետական վոկալ անսամբլը՝ «Բաթումի»-ն և Բաթումիի պետական նվագախումբը, տեղի ունեցավ մարտի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

-ի հաղորդմամբ՝ կարևոր իրադարձությունների առթիվ Հայաստան է ժամանել Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեն։

Նրա այցի ընթացքում նախատեսված է հագեցած մշակութային և կրթական ծրագիր՝ միտված հայ-վրացական մշակութային կապերի խորացմանը, երիտասարդ տաղանդների խրախուսմանը և մասնագիտական փորձի փոխանակմանը։

Մինչ համերգի մեկնարկը լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ սիրով են Հայաստանում՝ հնչեցնելու վրացական ձայնը։

«Հայ-վրացական հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև բարեկամական ու մշակութային, ինչի ապացույցն էլ այն է, որ այսօր այստեղ ենք։ Երևանյան համերգից բացի, համերգային ծրագրով հանդես ենք գալու նաև Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան համերգասրահում»,-նշեց Բոլքվաձեն։

Նա շեշտեց, որ Վրաստանում մեծ հայկական համայնք կա, ուստի իրենց համար շատ կարևոր է նաև մշակութային միջոցառումների միջոցով հարաբերություններ խորացումը։

«Հայ համայնքն ակտիվ ներգրավված է Վրաստանի մշակութային կյանքում։ Նման միջոցառումներն էլ կազմակերպվում են հենց այն նպատակով, որ կապերը ոչ միայն ամրապնդվեն պաշտոնատար անձանց մակարդակով, հյուպատոսության և նախարարությունների, այլև՝ հասարակությունների։ Հույս ունեմ, որ հարաբերությունների զարգացման ընթացքում նաև կլինեն տարբեր կրթական ծրագրեր, որոնց շրջանակում հայ ուսանողները կկատարեն վրաց հեղինակների գործեր, իսկ Վրաստանում առավել հաճախ կհնչեն Կոմիտասի և Խաչատրյանի ստեղծագործությունները»,-ասաց նախարարը։

Մարտի 26-ին Էլիսո Բոլքվաձեն այցելել է Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, հանդիպել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավար կազմի հետ, ինչպես նաև անցկացրել է վարպետության դաս կոնսերվատորիայի ուսանողների համար։

Նա նշեց, որ առիթ է ունեցել լսելու երիտասարդ հայ երաժիշտների կատարումներն ու շատ տպավորված է։ Ցանկանում է նոյեմբերին նրանց համերգով հրավիրել Բաթումի։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ շեշտեց, որ Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններում շատ կարևոր դեր է խաղում մշակույթի բնագավառում համագործակցությունը, ինչն ամրագրվում է նաև ամեն տարի գումարվող միջկառավարական խորհրդի նիստի արձանագրություններում։

«Նախորդ տարի ամռանն այստեղ Վրաստանի մշակույթի օրեր անցկացրինք։ Այս տարի աշնանը նախատեսում ենք Հայաստանի մշակույթի օրեր կազմակերպել Վրաստանում։ Երկու օր առաջ Թբիլիսիում Վրաստանի գործընկերոջս հետ քննարկել ենք միջոցառումների մանրամասներն ու կարծում եմ՝ մեզ հագեցած մշակութային օրեր են սպասվում»,-ասաց նախարարի տեղակալը։

Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Թբիլիսիում է գործում Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը, որն արդեն նոր շենք ունի։ Փոխնախարարը կարևորեց մշակութային երկխոսությունը Հայաստանի և Աջարիայի միջև՝ նշելով, որ կրթության, գիտության և երիտասարդության ոլորտում համագործակցությունը ևս շատ ինտենսիվ է։

Մարտի 27-ին Էլիսո Բոլքվաձեն պաշտոնական հանդիպում պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, ինչպես նաև այցելի Մատենադարան։ Նույն օրը պատվիրակությունը կմեկնի Վանաձոր, որտեղ կշարունակվի «Երաժշտական Բաթումի» ծրագրի երկրորդ փուլը։

Մարտի 28-ին Վանաձորում նախատեսված են հանդիպումներ մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև համերգ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, որտեղ հանդես կգա անսամբլ «Բաթումի»-ն։ Այցը կամփոփվի մարտի 29-ին։

«Երաժշտական Բաթումի» ծրագիրը կարևոր հարթակ է տարածաշրջանային մշակութային համագործակցության զարգացման համար՝ նպաստելով ստեղծագործական երկխոսությանը և նոր համագործակցությունների ձևավորմանը Հայաստանի և Վրաստանի միջև։

«Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները պարգևատրվել են. հաղթող է ճանաչվել 10 դպրոց