Չինաստանի մայրաքաղաքում անցկացվող Ազգային ժողովրդական կոնգրեսի նստաշրջանի շրջանակում մարտի 6-ին տեղի է ունեցել Չունցինի պատվիրակության բաց դռների օր ձևաչափով հանդիպումը, որի ընթացքում ներկայացվել են քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները և քննարկվել 15-րդ հնգամյա ծրագրի (2026–2030 թթ.) գործողությունների նախագիծը։

-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման առանցքային թեմաներից մեկը դարձել է Չունցինի քաղաքային շարժունակության բարելավման ծրագիրը։ Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի փոխնախագահ Յին Ցիլոնգը ներկայացրել է այսպես կոչված «երկժամյա տրանսպորտային օղակի» նախագիծը, որի նպատակն է ապահովել, որ քաղաքի տարբեր հատվածներից երկու ժամվա ընթացքում հնարավոր լինի հասնել հիմնական տնտեսական և սոցիալական կենտրոններ։ Նախագիծը նախատեսում է զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքները և բարձրացնել հանրային ծառայությունների հասանելիությունը։

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաև ձևավորել «15 րոպեանոց կյանքի օղակ»՝ ապահովելով, որ բնակիչները իրենց բնակության վայրից առավելագույնը 15 րոպեի ընթացքում հասանելիություն ունենան հիմնական ծառայություններին՝ դպրոցներին, առողջապահական հաստատություններին, հասարակական տարածքներին և այլ կարևոր ենթակառուցվածքներին։

Պատվիրակության անդամները նշել են, որ այս մոդելը նպատակ ունի բարձրացնել քաղաքային կյանքի որակը և դարձնել Չունցինը ավելի հարմարավետ ու արդյունավետ կազմակերպված մեգապոլիս։

Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի փոխնախագահ Վան Չժիջեն ներկայացրել է Չունցինում մշակված նորարարական արտադրանքներ, այդ թվում՝ միկրո անօդաչու թռչող սարքեր, արհեստական բանականությամբ աշխատող համակարգիչներ և նոր էներգետիկ տրանսպորտային միջոցների մոդելներ՝ ընդգծելով քաղաքի տեխնոլոգիական ներուժը։

Մշակույթի և զբոսաշրջության զարգացման մասին խոսելով՝ Յին Ցիլոնգը նշել է, որ քաղաքի խորհրդանշական վայրերը՝ Ջեֆանբեյը և Հունյադոնը, դարձել են հանրաճանաչ զբոսաշրջային ուղղություններ, իսկ հայտնի դեղին տաքսիները, որոնք հաճախ անվանում են «դեղին Ֆերրարի», դարձել են քաղաքի յուրահատուկ խորհրդանիշ։

Հանդիպման ընթացքում լրագրողները հարցեր են ուղղել պատվիրակության անդամներին՝ կապված արդյունաբերության, քաղաքային կառավարման, սոցիալական քաղաքականության և Չունցինի բաց տնտեսական զարգացման ռազմավարության հետ։