
«Բլոկադա» ներկայացումը պատմում է Լեռնային Ղարաբաղի շրջափակման օրերին երկու ընտանիքների համատեղ կյանքի մասին, խոսում անհատների մտորումների, սպասումների, հույսի և լույսի մասին՝ հիշեցնելով, որ կան արժեքներ, որոնք անփոխարինելի են։
-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան փետրվարի 25-26-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
Ներկայացման բեմադրող ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն առաջին անգամ է երևանյան բեմում դրամա բեմադրում, ուստի մեծ պատասխանատվությամբ է մոտեցել գործին։ Դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց՝ ներկայացման գաղափարը պատկանում է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանին, որին հետագայում միացել է համապրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը։
«Բեմադրությունն իրական դեպքերի հիման վրա է՝ հագեցած գեղարվեստական լուծումներով. սա փաստավավերագրական ներկայացում չէ, սակայն կան դրվագներ, որոնք մեզ պատմել են։ Ինձ հաճախ են հարցնում, թե մենք ինչ ենք առաջարկում հանդիսատեսին։ Մեր առաքելությունն առաջարկելը չէ, մեր նպատակը պատմությունը պատմելն է, որն ինչ-որ բան է արթնացնում մարդու մեջ, ներկայացնում է կերպարների փոխակերպումը՝ ելնելով իրավիճակից»,-ասաց նա։
Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը խոստովանեց՝ թե՛ թեման, թե՛ աշխատանքը բավականին բարդ ու պատասխանատու են։ Նա նշեց, որ պատմությունը ղարաբաղյան մի տան մասին է, տուն, որը ևս կերպար է։ Ղարաբաղյան մի ընտանիքի Երևանից մի ընտանիք է հյուր գալիս, և սկսվում է Ղարաբաղի բլոկադան։
«Այդ երկու ընտանիքները, աշխարհից կտրված, պետք է ապրեն մի տան մեջ՝ չիմանալով, թե ինչ կլինի։ Փորձել ենք ներկայացնել անորոշությունը, հույսը, կյանքը շարունակելու այլընտրանքային տարբերակները»,-նշեց սցենարիստն ու հավելեց՝ կան ներկայացումներ, որոնք հարցեր են բարձրացնում, կան ներկայացումներ, որոնք պատասխաններ են տալիս, իսկ իրենք երկուսն էլ արել են։
Նրա խոսքով՝ ներկայացմամբ ցանկանում են ասել, որ հայը, անկախ բնակության վայրից, բարբառից և հատկանիշներից, տեսակով յուրահատուկ է ու չպետք է կոտրվի։
Բեմադրության մեջ զբաղված են դերասաններ Լևոն Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Բորիս Մելքոնյանը, Էլեն Գևորգյանն ու Մարիամ Ալեքսանյանը։
Վաչե Երիցյանը խոստովանեց՝ դեռ կերպարը լիարժեք ընկալելու փուլում է։ Նա պատմեց, որ մարմնավորած կերպարը հայտնվել է Ղարաբաղում ամենադժվար պահին և չգիտի, թե ինչ է լինելու, սակայն ռեալ է դատում ամեն բան։
«Նա ապրում էի իր աշխատանքով և շտապում է տուն վերադառնալ, բայց լինում է այն, ինչ լինում է։ Այդ իրավիճակը հենց նրա նյարդերի վրա է ազդում։ Թե նա ինչպես է իրեն դրսևորում, մենք դեռ պարզում ենք, փորձում հասկանալ, թե ինչպես է լինելու փոխակերպումը»,-պատմեց դերասանը։
Էլեն Գևորգյանը մարմնավորում է ղարաբաղցի աղջկա, որն ամենափոքրն է ընտանիքում, սակայն ամենաուժեղն է։ «Կարծում եմ՝ նա ոչ թե սառնասիրտ է, այլ զուսպ ու կարողանում է կառավել իր հույզերը։ Աղջիկ է, որն ունի երազանքներ և չի կոտրվում, քանի որ գիտի, որ պետք է ուժ լինի իր պապիկի, մոր համար։ Նա ասես լույսի շող լինի այդ ծանր իրականությունում, նա հենց հույսն է»,-իր կերպարը մեկնաբանեց դերասանուհին։
Բորիս Մելքոնյանն էլ կերտել է երևանցի տղայի կերպար, որը կռվել է պատերազմում։ «Մտածում էի կերպարի մասին ու ուզում հասկանալ, թե ինչու նա միանգամից չի վերադառնում տուն, և հասկացա, որ նա չի ցանկանում հեռանալ, քանի որ այնտեղ կռվել է, ընկերներ է կորցրել ու չի կարողանում հետ գնալ անգամ այդ ամենի ավարտից հետո, ցանկանում է պայքարել։ Նա ուժեղ կերպար է»,-ընդգծեց Մելքոնյանը։
Ստեղծագործական կազմը մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով է մոտեցել ներկայացմանը. հույս ունեն, որ հանդիսատեսը կսիրի այն։

































































































































































































































































































