
Քսաներորդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ դեկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց հեղինակին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը:
-ի հաղորդմամբ՝ կյանքին իրապես սիրահարված, յուրօրինակ նուրբ հումորով ու բացառիկ բարությամբ օժտված, հին Երևանի եզակի վավերագրող, գեղանկարիչ, գրաֆիկ, օֆորտի վարպետ, գիտական հոդվածների և հետազոտությունների հեղինակ Աղասյանի՝ շուրջ վեց տասնամյակի ստեղծագործական ուղին բացահայտող, ներկայացնող ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ճամփորդել Իտալիայի և Ֆրանսիայի, Անգլիայի և Իսպանիայի, Էստոնիայի և Վրաստանի քաղաքներով, Հայաստանի գողտրիկ գյուղերով ու ավաններով, երևանյան հին բակերով ու կոլորիտային շուկաներով, հրապարակներով ու փողոցներով, ինչպես նաև վիրտուալ իրականության միջոցով շրջել նկարչի սիրելի արվեստանոցում:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, Գրիգոր Աղասյանի թոռնուհի և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը խոստովանում է՝ իր համար բավականին բարդ է եղել մեկտեղել արվեստաբանին, համադրողին, տնօրենին և թոռնուհուն:

«Կարծեցի՝ ես պետք է համադրեմ ցուցահանդեսը, քանի որ ամբողջ նյութն ինձ մոտ է, լավ ուսումնասիրել եմ պապիս, բոլորից լավ եմ ճանաչել նրան: Աշխատանքի սկզբնական փուլում իմ ապրումներն ավելին էին, քան պետք էր գործընթացի կայացման համար, բայց ինչ-որ փուլում կարողացա չեզոքացնել ժառանգ Մարինային և լիովին ընկղմվել գործի մեջ որպես համադրող: Վերջին օրերին, ի զարմանս ինձ, երբ տեղափոխում էի նկարները, էքսպոզիցիան էի անում և այլն՝ վերացարկվել էի»,-նշում է Հակոբյանը:
Ցուցադրությունը կազմակերպվել է պատկերասրահի չորս սրահում: Հետահայաց ցուցադրությունն ընդգրկում է արվեստագետի ստեղծագործական բոլոր փուլերը:
«Առաջին երկու ցուցասրահներում ներկայացված է քաղաքի գաղափարը: Աղասյանը սիրահարված էր իր ծննդավայրին՝ Երևանին, հետո՝ աշխարհի տարբեր քաղաքներին: Առաջին ցուցասրահը նվիրված է 1930-ականների Երևանին․նա ծնվել է 1926 թվականին, և 1930-ականների Երևանը մինչև կյանքի վերջը, նրա համար նվիրական վերհուշ էր: Հենց այդ շրջանի աշխատանքների համար Աղասյանին անվանում են «հայկական Բրեյգել»։ Նորարար էր այդ բնագավառում, քանի որ բազմաֆիգուր թեմատիկ կոմպոզիցիաներ էր ստեղծում, որոնցում ոչ թե ինչ-որ տեսարան էր ներկայացնում՝ մի փողոց, մի թաղ, մի հրապարակ, այլև առանձին փոքրիկ ժանրային դրվագներով մոնտաժում էր դրանք ու ստեղծում Երևանի հավաքական կերպարը»,-ընդգծում է Մարինա Հակոբյանը:
Երկրորդ ցուցասրահում հեղինակի շրջագայություններն են: Շատ հեշտ է հասկանալ, թե ինչ ուղիներով է նա ճամփորդել. երկար տարիներ Ֆրանսիայում է եղել, Անգլիայում, Իտալիայում, այլ երկրներում: Ցուցասրահում հատված առ հատված տեսնում ենք այդ շրջագայությունների արգասիքը:

Մյուս երկու ցուցասրահները վերաբերում են նրա հիշողություններին, միջավայրին, մտորումներին ու ապրումներին:
«Վերջին ցուցասրահն ասես Աղասյանի ստեղծագործական ամբողջ ճանապարհի ամփոփումն է: Պատահական չէ, որ կոնցեպտով դիմահայաց պատը ներկայացված է բացարձակ այլ կերպ. սա նրա տան, ընտանիքի խորհրդանիշն է, որովհետև հենց այսպես են այս նկարները կախված եղել նրա տանը, իսկ թախտը՝ դրված պատի տակ, Աղասյանն արվեստանոցից արվեստանոց իր հետ տարել է: Սա շրջագայող թախտ է»,-նշում է համադրողը:
Ցուցասրահում շրջելիս անհնար է անտարբեր անցնել փոքրիկ աղջնակի կտավի կողքով: Նկարում Մարինա Հակոբյանն է: Նա շատ լավ հիշում է այդ օրը, երբ պապը պատկերել է իրեն:

«Այս նկարը՝ «Կարմիր գլխարկը», առանցքային և հետաքրքիր պատմություն ունի: Նույն պատին կախված է նաև նկարչի դստեր՝ իմ մոր կտավը, որը ևս նկարչուհի է: Պապս հազվադեպ էր աշխատում տանը, հիմնականում արվեստանոցում էր ստեղծագործում: Առավոտյան դուրս էր գալիս տանից, երեկոյան վերադառնում էր: Այդ անգամ որոշել էր տանը նկարել մայրիկիս: Երբ տեսա, որ նկարում է, շատ վրդովվեցի, որ ինձ չի նկարում. ինքնուրյույն հագնվեցի, զամբյուղը վերցրի ձեռքս ու պատրաստ եկա, կանգնեցի նրա առաջ: Պապիկը ստիպված մի կողմ դրեց մորս դիմանկարն ու անցավ ինձ նկարելուն: Նույն թվականին ստեղծվեցին այս երկու դիմանկարները»,-պատմում է Մարինա Հակոբյանն ու հավելում՝ նկարում երեք տարեկան է:
Գրիգոր Աղասյանի ստեղծագործական ուղին սկսվել է 1930-ականներին՝ դեռևս մանուկ տարիքում, երբ «փոքրիկ նկարիչը» արժանանում է «մասնագիտական» առաջին պարգևին ու հրատարակվում է նրա մասին անվանի արվեստագետ Վահրամ Գայֆեճյանի հոդվածը, որը դառնում է մարգարեական:

Նկարչական կրթությունն Աղասյանը ստանում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, ապա Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում, որտեղ իր ուսուցիչներն էին նշանավոր արվեստագետներ Վ. Ֆավորսկին, Ի. Գրաբարը, Ս. Գերասիմովը և այլք: Ինքնուրույն ստեղծագործելու առաջին տարիներից Աղասյանն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում կազմակերպվող ցուցահանդեսներին, արժանանում մրցանակների և շուտով իր հստակ տեղն ու ճանաչումը ձեռք բերում նկարիչների և արվեստասերների շրջանում:
Չնայած նրան, որ արվեստագետը նույն խանդավառությամբ ու պահանջկոտությամբ աշխատել է բնանկարչության, դիմանկարչության, նատյուրմորտի և այլ ժանրերում՝ առավել նախընտրել է կենցաղային ժանրը. ընդհանուր էմոցիոնալ-հոգեբանական ուղղվածությամբ, սիրով ու քնքշությամբ լի քաղաքային մոտիվներով տեսարաններ ու կենցաղային պատկերներ, աշխատանքային փոքր դրվագներ, առօրյա «սովորական» գործունեության բանաստեղծականացված, մայրության ու մանկության թեմաների քնարական կերպավորումներ: Առանձին ժանրային տեսարանների մոնտաժման միջոցով նա ստեղծում է սիրելի քաղաքի անցյալի կոլորիտային պատկերը։
Հեղինակին նվիրված բացառիկ ցուցադրության շրջանակում վիրտուալ իրականության (VR) միջոցով այցելուն կարող է հայտնվել Գրիգոր Աղասյանի արվեստանոցում, որտեղ նկարիչը ստեղծագործել է շուրջ 40 տարի: Բնիկ երևանցի ու հարազատ քաղաքի սիրահար նկարչի արվեստանոցը ստեղծագործական տարածք է, ինչպես նաև հիշողության, քաղաքի և անձնական պատմությունների խտացման վայր։ Այստեղ են իր նկարակալը, մագնիտոֆոնը, ներկապնակն ու վրձինները, արևոտ և ընդարձակ պատշգամբից բացվող քաղաքի համայնապատկերը։ Ինտերակտիվ գործիքներով այցելուն կարող է ինքնուրույն պտտել օֆորտի հաստոցի անիվը, ստեղծագործել նկարչի վրձիններով, միացնել մագնիտոֆոնը, թերթել սեղանին դրված ճեպանկարներն ու էտյուդները:
Ցուցադրության «էքսպոնատներից» են Աղասյանի՝ սերնդային շարունակականությունն ու հիշողության փոխանցումը խորհրդանշող 1900-ականների նախշազարդ սեղանը (դրա մեջ այսօր էլ պահվում են նկարչի անձնական իրերը), ինչպես նաև թախտն ու նկարակալը:
Ցուցահանդեսում ընդգրկված շուրջ 100 նմուշների մի մասը «հայտնաբերվել է» թաքստոցներից և ներկայացվում է առաջին անգամ:































































































































































































































































































