«Պեպո»-ի ծնունդը, թիֆլիսյան բարբառի պահպանումն ու Թբիլիսիի հայկական թատրոնի առաջնահերթությունները. պատմում է գեղարվեստական ղեկավարը

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը շուտով տոնելու է հիմնադրման 170-ամյակը։ Թատրոնն իր ձևավորած ավանդույթներով, ձեռագրով մեծ դերակատարություն ունի Վրաստանի թատերական կյանքի զարգացման գործում և տարիներ շարունակ հետաքրքիր, ինքնատիպ ներկայացումներով ինչպես հայ, այնպես էլ օտար հանդիսատեսի ուշադրության կենտրոնում է։

Վերջերս թատերախումբը, որը մշտապես պահպանում է կապը Հայաստանի հետ, Երևանյան թատերական միջազգային փառատոնի հրավերով հյուրընկալվել էր Մայր թատրոնում, որտեղ խաղաց Սունդուկյանի «Պեպո»-ն՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ։

-ի թղթակիցն այդ օրերին հանդիպել է ռեժիսորին՝ նրա հետ արծարծելով թատրոնին, հայ հեղինակներին, թատերախմբին վերաբերող հարցեր։

«Մեր թատրոնի համար շատ կարևոր է Սունդուկյանը, որը Թիֆլիսի թատրոնն անվանում էր հայոց թատրոն։ Սունդուկյանն ու դերասան, ռեժիսոր Գևորգ Չմշկյանն այդ թատրոնի հիմնադիրներից են. բնական է, որ Թիֆլիսի հայ թատրոնի խաղացանկում ներկա է Սունդուկյանը, բացի այդ՝ կարևոր է պահպանել թիֆլիսյան բարբառը։ Բարբառով երկու դասականներ են ստեղծագործել՝ Գաբրիել Սունդուկյանն ու Սայաթ-Նովան։ Այդ բարբառը շատ հարուստ է, սակայն այն գոյություն չունի Թիֆլիսից դուրս։ Այդ բարբառը երկար ճանապարհ է անցել. մեր մեծերը, սկսած Չմշկյանից, խաղացել են Սունդուկյանի գրեթե բոլոր գործերը։ Սկսում եմ Չմշկյանից, քանի որ Սունդուկյանը «Պեպո»-ն նվիրել է նրան ու հենց Չմշկյանի խնդրանքով է այն գրել։ Նրանք հանգստանալիս են եղել Կոջորում. Սունդուկյանը թելադրել է, իսկ Չմշկյանը գրել է։ Սունդուկյանն իր հուշերում ասում է՝ երբ թելադրել է «Պեպո»-ն, ուշադիր հետևել է Չմշկյանի արձագանքին. հենց նա դադար է տվել, նշանակել է, որ այդ տողը նրան դուր չի գալիս։ Երբ ժպտացել է, Սունդուկյանը հասկացել է, որ տողը տեղին է»,-պատմում է Բայանդուրյանը։

1922 թվականին թատերական ռեժիսոր, թատերագետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լևոն Քալանթարն ու դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ Իսահակ Ալիխանյանը Թբիլիսիից գալիս են Հայաստան։ Քալանթարը բեմադրում է Սունդուկյանի «Պեպո»-ն, իսկ Ալիխանյանը կերտում է Պեպոյի կերպարը։ Հենց այդ ներկայացմամբ է ազդարարվում է Սունդուկյանի անվան թատրոնի բացումը։ Բայանդուրյանը Սունդուկյանի անվան թատրոնը Թբիլիսիի թատրոնի զավակ է համարում։

Նա կարծում է, որ Սունդուկյանի գործերը պետք է միշտ առկա լինեն թատրոնի խաղացանկում և հանդիսատեսին ծանոթացնեն պատմական բարբառին։

Ռեժիսորը պատմում է՝ դերասան, ՀԽՍՀ, ԱԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը, որը հանդես է եկել Պեպոյի դերում և Գևորգ Չմշկյանից հետո իր ձեռքն է վերցրել Թբիլիսիի հայոց թատրոնի ղեկը, մի առիթով խոստովանել է, որ Պոլսում հյուրախաղերով հանդես գալիս կարծել է՝ Թիֆլիսի բարբառը չեն հասկանա, և ներկայացումը վերածել է աշխարհաբարի։ Պոլսում «Պեպո»-ն խաղացել են լեփ-լեցուն դահլիճում, սակայն ոչ ոք չի ծափահարել։ Աբելյանը հասկացել է, թե որքան կարևոր է բարբառի դերը։

Բայանդուրյանն ուրախ է, որ այսօր երիտասարդները տիրապետում են թիֆլիսյան բարբառին, քանի որ նրանց տատիկները, պապիկները, ոմանց նաև ծնողները մինչ օրս խոսում են այդ բարբառով։

Նա դեմ չէ «Պեպո»-ի ժամանակակից մոտեցումներին, այն հանդիսատեսի համար ավելի ըմբռնելի ու մատչելի դարձնելուն։

Ներկայացման մեջ զբաղված է Ադամյանի անվան թատրոնի 44 երիտասարդ դերասան։ Արմեն Բայանդուրյանը վստահեցնում է՝ թեման միշտ արդիական կլինի, քանի որ մարդու ազնվության, անկեղծության մասին է։

«Մեր թատրոնի խաղացանկի 70 տոկոսից ավելին հայտնի դասականների գործերն են։ Կան ներկայացումներ, որոնք պետք է վերականգնել՝ Հակոբ Պարոնյան՝ «Բաղդասար ախպար», «Ատամնաբույժն արևելյան», Շիրվանզադե՝ «Չար ոգի» և այլն։ Չենք մոռանում նաև ժամանակակիցներին. Գուրգեն Խանջյանի «Գերեզմանատան երգչախումբը», «Ավերակների պահապանները» պիեսներն առաջին անգամ մեզ մոտ են բեմադրվել։ Բեմադրել ենք նաև Արմենուհի Սիսյանի «Ագռավը»։ Անընդհատ որոնումների մեջ ենք։ Ճիշտ կլինի, որ ռեժիսորները մշտապես զբաղվեն հայ ժամանակակից դրամատուրգների գործերով, ինչպես նաև՝ դասականներով։ Եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է բեմադրի նրանց գործերը։ Որքա՞ն ջանք ենք դնում համաշխարհային դասականների վրա։ Եթե այդ ջանքերի կեսը դնենք մեր դասականների ու ժամանակակից դրամատուրգների վրա, միայն կշահենք»,-վստահեցնում է Արմեն Բայանդուրյանը։

Այժմ Թբիլիսիի հայկական թատրոնն ունի 47 դերասան ու դերասանուհի, բոլորը Թբիլիսիից են, նրանցից մի քանիսը բարձրագույն կրթություն են ստացել Երևանում, մի քանիսն էլ ավարտել են Թբիլիսիի թատերական ինստիտուտի հայկական բաժինը, մի մասը՝ հայկական թատրոնին կից ստուդիան, որը շատ բան է տալիս թատրոնին, քանի որ ուսանողները մեծանում են կուլիսներում. կան դասընթացներ, որոնք անցկացվում են թատրոնում։ Նոր շենք տեղափոխվելուց հետո ընդունելություն կհայտարարեն։

«Մի նոր սերունդ է եկել թատրոն, որը նոր հանդիսատես է բերում։ 47 երիտասարդ դերասաններն ունեն բազմաթիվ ընկերներ, որոնք թատրոնում չեն, և դա հանդիսատեսի մեծ հոսք է ապահովում։ Եթե երիտասարդ դերասանն իր հետ երիտասարդ դահլիճ է բերում, ուրեմն այդ թատրոնն անմահ է»,-կարծում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Տասնհինգ տարի է՝ թատերախումբը չունի սեփական շենքը, ներկայանում է տարբեր հարթակներում։ Հին շենքը վթարային էր։ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող ուժի ղեկավար, Բիձինա Իվանիշվիլիի հովանավորությամբ զրոյից շենք է կառուցվել։ Մի քանի ամիս անց հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկայացումներ դիտել այնտեղ։

«Մենք գոհ ենք Վրաստանի ու Հայաստանի մշակույթի նախարարություններից։ Երկու պետություններից, որոնք աչքի լույսի պես են պահում մեզ, ինչն ուրախալի է։ Հաճախ եմ ասում, որ Վրաստանի կառավարության, երկրի նախարարության համար Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնն ու Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնը զավակներ են։ Երբեք մեզ խորթ չենք զգացել։ Օրեր առաջ Թբիլիսիի Պուշկին փողոցի N 13 հասցեում, որտեղ ապրել է մեր հանճարեղ նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարը, նրա հուշատախտակը բացվեց։ Վերջին տարիներին Տիգրան Պետրոսյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի հուշատախտակներն են բացվել։ Սա գալիս է նաև նոր ու երիտասարդ ղեկավարներից, Հայաստանի կառավարությունից ու Վրաստանում մեր դեսպաններից»,-ընդգծում է Բայանդուրյանը։

Թբիլիսիի թատրոնը պարբերաբար համագործակցում է Հայաստանի մասնագետների հետ։ Վերջերս Թբիլիսիում բեմադրություն է արել բեմադրիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը։ Տարիներ առաջ աշխատել են բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հետ։ Չի բացառվում, որ ապագայում թատրոնում ներկայացումներ բեմադրեն նաև ՀՀ ժողովրդական արտիստներ Արմեն Խանդիկյանն ու Արմեն Էլբակյանը։

«Թատրոնում չպետք է մի ձեռագիր լինի։ Ըստ իս՝ գեղարվեստական ղեկավարը տարվա ընթացքում մեկ ներկայացումից ավելին չպետք է բեմադրի, պետք է նոր ռեժիսորներ հրավիրի, որպեսզի թատրոնի խաղացանկը գունեղ լինի, տարբեր ներկայացումներով ու ոճերով հարուստ։ Ամեն ռեժիսոր իր ձեռագիրն ունի։ Եթե գեղարվեստական ղեկավարն իր բեմադրություններով լցնի խաղացանկը, հանդիսատեսը կհոգնի։ Թատրոն ենք հրավիրում նաև առաջատար վրացի ռեժիսորների։ «Պեպո»-ի խորհրդատուն Ռոբերտ Ստուրուան է։ «Խանումա» ներկայացման գեղարվեստական ղեկավարը դարձյալ նա էր, ինչը թատրոնի համար մեծ հաջողություն է»,-նշում է նա և հավելում՝ Շահվերդյանն ու Ղազանչյանն իրեն առաջարկել են բեմադրություններ անել Հայաստանում, սակայն չի հաջողվել։

Թբիլիսիի թատրոնը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի թատրոնների հետ. թատերախմբին միշտ լավ են ընդունում։ «Փոքր բաներ կան, որոնք աչք են շոյում։ Մենք մեր դեկորներով ենք եկել Հայաստան։ Սունդուկյանի անվան թատրոնի բանվորները մեր բանվորներին թույլ չտվեցին խառնվել գործին, նրանք ամեն բան արեցին։ Դա շատ գնահատելի է»,-շեշտում է Բայանդուրյանը։

Վերադառնալով Թբիլիսիի հայկական թատրոնի շենքին՝ նա տեղեկացնում է, որ շենքը փակ է, սակայն ամեն օր առավոտյան ժամը 10։00-ից մինչև 20։00-ն ստեղծագործական կազմը թատրոնում է. փորձեր են անցկացնում։ «Զբոսաշրջիկները, որոնք գալիս են Թբիլիսի, հիմնականում այցելում են մեր մեծերի պանթեոն, եկեղեցի ու թատրոն։ Մեկ էլ տեսնում ես՝ դուռը ծեծում է քսան, երեսուն, քառասուն մարդ ու ասում՝ գիտեն, որ թատրոնը փակ է, բայց ցանկանում են շենքը տեսնել։ Շաբաթը վեց կամ յոթ անգամ դիմավորում եմ հարյուրավոր հայաստանցիների, որոնք ուզում են տեսնել նոր կառուցված շենքը։ Մեծ սիրով ուղեկցում եմ նրանց, ցույց տալիս ամեն բան։ Նրանք ևս վաղը դառնալու են մեր հանդիսատեսը»,-ասում է գեղարվեստական ղեկավարը։

Թատրոնի երիտասարդ ռեժիսորներից երեքն այժմ նոր բեմադրությունների վրա են աշխատում։ Բայանդուրյանի երազանքն է, որ նրանց ներկայացումները հաջողեն, քանի որ երիտասարդները թատրոնի ապագան են։ «Մեր տարիքի ղեկավարները, ռեժիսորները պետք է լայն ճանապարհ բացեն նրանց համար և տաղանդավորներին թողնեն թատրոնը։ Եթե գեղարվեստական ղեկավարը տաղանդավոր մարդուն չթողեց թատրոնը, կնշանակի՝ ինքը թատրոնի թշնամին է»,-եզրափակում է Արմեն Բայանդուրյանը։


Կինոյի և թատրոնի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը տոնում է 70-ամյակը
«Ջերմ Ամանոր Ջերմուկում». կանցկացվի հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա-համերգը