Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես ներողություն է խնդրել 2025 թվականին մահացած հայտնի մարդկանց հիշատակին նվիրված տեսահոլովակում թույլ տրված կոպիտ վրիպակի համար։ Ակումբի հրապարակած տեսանյութում մահացած անձի փոխարեն սխալմամբ օգտագործվել էր գործող ֆուտբոլիստի լուսանկար:

Տեսահոլովակում, ի թիվս այլոց, հիշատակվել են «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան և նրա եղբայրը՝ Անդրե Տեյշեյրա դա Սիլվան (ով հանդես էր գալիս պորտուգալական երկրորդ դիվիզիոնի «Պենաֆիել» ակումբում): Եղբայրները ողբերգական ավտովթարի զոհ էին դարձել հուլիսի 3-ին Իսպանիայում։

Սակայն տեսանյութում Ժոտայի եղբոր փոխարեն ցուցադրվել էր իսպանական «Էլչեի» պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվայի լուսանկարը։

Սխալի բացահայտումից հետո «Արքայական ակումբը» X սոցիալական ցանցում հանդես է եկել հայտարարությամբ.

«Մադրիդի «Ռեալը» ներողություն է խնդրում «Էլչեից» և ֆուտբոլիստ Անդրե Սիլվայից՝ պաշտոնական տեսահոլովակի նեկրոլոգում «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի եղբոր՝ Անդրե Սիլվայի փոխարեն նրա լուսանկարը սխալմամբ օգտագործելու համար։ Մենք ափսոսում ենք այս միջադեպի համար»։

Աղբյուրը՝