
«Բաց թող» ֆիլմը հոր և դստեր ամուր, բայց ցավով ու կարոտով լի կապի մասին պատմություն է՝ հիմնված իրական փաստերի վրա։ Ֆիլմն արտացոլում է հայ ընտանիքի վերքերը, այն պահը, երբ հայրերը հեռանում են, իսկ երեխաներն ընդմիշտ փոխվում են։
-ի հաղորդմամբ՝ կարճամետրաժ կինոնկարի փակ դիտումը, որին ներկա էր ամբողջ ստեղծագործական կազմը, տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմի ցուցադրությունից հետո հանրությանը ներկայացվեց նաև համանուն գիրքը։
«Բաց թող» ֆիլմի գաղափարի հեղինակն ու պրոդյուսերը Լարիսա Խաչատրյանն է։ Նա ֆիլմի և գրքի միջոցով ներկայացրել է իր անձնական պատմությունը։
«Այս ֆիլմը պատասխաններ գտնելու մասին չէ։ Այն սովորելու մասին է. ապրել առանց ափսոսանքի, ցավի ու այն ծանր զգացումների, որոնք խանգարում են տեսնել կյանքի գեղեցիկ ու լուսավոր կողմերը։ «Բաց թող»-ը նվիրում եմ իմ ամենաիսկական ընկերոջը՝ հայրիկիս։ Ես դեռ սովորում եմ բաց թողնել, և այս ֆիլմն ու գիրքն այդ ճամփորդության մի մասն են։ Շնորհակալ եմ նկարահանող ամբողջ թիմին, ստեղծագործական կազմին և ընկերներիս, որոնք օգնեցին ինձ անցնել այս դժվար, բայց սիրով լի ուղին։ Նրանք ոչ միայն զգացին իմ ապրումները, այլև կարողացան դրանք ճշգրտորեն փոխանցել էկրանին», – նշում է Լարիսա Խաչատրյանը։

Ֆիլմում գլխավոր հերոսուհուն՝ Լառային հասուն տարիքում մարմնավորել է Լուիզա Ղամբարյանը, իսկ մանուկ հասակում՝ Տաթև Ավետիսյանը, Լառայի հորը մարմնավորել է Բաբկեն Չոբանյանը։ Կինոնկարում նկարահանվել են նաև Ջուլիետա Ստեփանյանը, Հրաչյա Գասպարյանը, Ագնեսա Շահնազարյանը։
Բաբկեն Չոբանյանի խոսքով՝ ֆիլմի թեման կարևոր է, քանի որ այն անդրադառնում է հասարակության համար ցավոտ ու հաճախ լռության մատնված իրականությանը։
«Բաժանումը միշտ ցավ է, և ոչ բոլորն են կարողանում դրա հետ ապրել։ Այն մեկին կարող է ուժ տալ, մյուսին՝ կոտրել ու թևաթափ անել։ Արտագաղթի հետևանքով բազմաթիվ հայրեր տարիներ շարունակ հեռացել են իրենց ընտանիքներից, ինչի հետևանքով հիմնականում տուժել են երեխաները»,-ասում է դերասանն ու հավելում՝ ֆիլմի թեման իր համար կարևոր է, իսկ ֆիլմն առիթ էր ևս մեկ անգամ խոսելու այն մասին, թե ինչպես է ծնողների վարքը, ծնողների կյանքն անմիջականորեն անդրադառնում երեխաների վրա։
Լուիզա Ղամբարյանն էլ ընդգծում է, որ ֆիլմում մասնակցելու իր հիմնական խթանն անձնական պատմությունն է, իր և հոր ամուր կապը։

«Հայրս էր ինձ դեպի արվեստ ուղղորդողն ու առաջին հանդիսատեսը։ Այսօր ամեն ինչ կտայի, որ ծափահարություններից մի քանիսը լինեին ծնողներինս։ Կարոտի, հայրական սիրո և այդ բացակայության մասին փորձեցի պատմել արվեստի լեզվով։ Ես ինձ տեսա այս կերպարում, ֆիլմում տեսա ասելիք։ Պետք է շարունակել ապրել նրանց համար, ովքեր քո կյանքում ամենասիրելիներն են եղել, և, որքան էլ դժվար լինի կարոտին դիմանալը, ներսում գտնել ուժ, ամուր կանգնել ոտքերի վրա և ապրել ավելի լավ հանուն նրանց երազանքների ու ցանկությունների»,-շեշտում է Ղամբարյանը։
Ֆիլմի ռեժիսորը Միքայել Բագրազյանն է, սցենարիստն ու համանուն գրքի հեղինակը՝ Գոհար Մեժլումյանը, բեմադրող օպերատորն Արգո Բալոյանն է։

Ռեժիսորը կարծում է՝ կան պատմություններ, որոնք պետք է անպայման բարձրաձայնել, որպեսզի հնարավոր լինի բաց թողնել դրանք։ Ըստ նրա՝ «Բաց թող»-ը սրտում տեղ ազատելու, ապրելու մասին է։
Գրքի հեղինակ Գոհար Մեժլումյանն էլ նշում է. «Սա ինն ամիսների երկար, շատ դժվարություններով և սիրով անցած ճանապարհ է։ Լարիսայի հետ օրեր, գիշերներ ամիսներ աշխատել ենք։ Սա գիրք է բոլորիս համար, որտեղ գտնելու ենք մեզնից մի մասնիկ։ Նախագծին որոշեցի միանալ, քանի որ այն պատմություն է, որն ապրում է յուրաքանչյուրիս ներսում։ Այն ինքնաճանաչման, ներքին հարցադրումների և դրանց պատասխանները գտնելու ճանապարհի մասին է։ Վստահ եմ, պատմությունը անտարբեր չի թողնի ոչ ոքի և կդառնա ներքին երկխոսության կարևոր սկիզբ»։

«Բաց թող» ֆիլմը նախատեսված է միջազգային կինոփառատոնների՝ դրամայի, ընտանեկան հոգեբանական ֆիլմերի և հեղինակային կինոյի ծրագրերի համար։



























































































































































































































































































































































































































































