
Կինոյի և թատրոնի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մոնտաժող և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 26-ին տոնել է ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները։
-ի հաղորդմամբ՝ այդ առիթով Կինոյի տանը ցուցադրվել է ռեժիսորի «Ապրիլ» ֆիլմը։

1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ապրիլ» ֆիլմը Վիգեն Չալդրանյանի ստեղծագործական ուղու սկիզբը նախանշող ֆիլմերից է: Գործողությունները ծավալվում են հայկական լեռնային մի գյուղում. նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում 1980 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
Միջոցառման ընթացքում Վիգեն Չալդրանյանը Հայաստանի կինոգործիչների միության կողմից պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալով, որը կինոռեժիսորին հանձնել է միության նախագահ Հարություն Խաչատրյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Չալդրանյանի ընկերները, գործընկերները, արվեստասերներն ու ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

Ավելի վաղ Կինոգործիչների միությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Չալդրանյանն այն անհատն է, որն իր ուրույն, շատ ուրույն ձեռագիրն ունի հայ կինոյում և թատրոնում։
«Այն կարող է դուր գալ, կամ չգալ ոմանց, այն կարող են ընդունել, կամ՝ ոչ, բայց դա ձեռագիր է և դրանում որևէ մեկը չի կարող տարակուսել, իսկ ձեռագիրն արվեստագետի դրոշմն է, կնիքը, և ձեռագիրն է, որ մնում է որպես մշակութային ժառանգություն։ Բազմաթիվ են Չալդրանյանի ֆիլմերը, որոնք թե՛ ձեռագրային նշանակություն ունեն կինեմատոգրաֆում, թե՛ այդ ձեռագրային նշանակությամբ մաս են կազմում հայ կինոմշակութային ժառանգության, բայց առաջինը, որ ավետեց Վիգեն Չալդրանյան արվեստագետի, նրա մտածողության, նրա տեսակի և նրա անհատականության մասին, «Ապրիլ» ֆիլմն էր։ Հետո, անշուշտ, շատ եղան ֆիլմեր, որոնք մրցանակներ ու ճանաչում բերեցին արվեստագետին, սիրվեցին ու չսիրվեցին, ընդունվեցին ու չընդունվեցին, բայց «Ապրիլ»-ը մնաց այն առաջինը (թեպետ դրանից առաջ էլ կային աշխատանքներ), որը հավերժ մնաց որպես Վիգեն Չալդրանյան արվեստագետի սկզբի սկիզբը»,-ասվում էր հաղորդագրության մեջ։

























































































































































































































































































































































































































































