
Եռանդաշատ, կենսասեր, մոլեգին, հանճարեղ… Այս բառերով է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին բնութագրել նրա լավ բարեկամ, թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության վաստակաշատ խմբագիր երջանկահիշատակ Հովհաննես Այվազյանը: Նա սրտանց հիանում էր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական մտքի թռիչքներով, մարդկային որակներով, բարությամբ։ Հաճախ էր այցելում Մանսուրյանին։ Զրուցում, «փիքր էին անում» աշխարհի շուրջ ու պարզապես լավ զգում միմյանց ընկերակցությամբ, սակայն Հովհաննես Այվազյանը գիտակցում էր, որ Մանսուրյան մտածողին լավագույնս պետք է ճանաչեն նաև հանրության լայն շրջանակները, ուստի բաց չէր թողնում նրա հետ նաև հարցազրույցներ անելու հնարավորությունը։
Հովհաննես Այվազյանի դուստր Տիրուհի Նազարեթյանը, կարևորելով այդ հարցազրույցների դերն ու նշանակությունը, որոշել է դրանք լույս ընծայել գրքի տեսքով։ Այն կունենա «Տիգրան Մանսուրյան. հարցազրույցներ և հոդվածներ» վերնագիրը։ -ի թղթակցի հետ զրույցում Նազարեթյանը, որը նաև գրքի խմբագիրն է, նշում է՝ գրքում ներառվել են Հովհաննես Այվազյանի՝ Տիգրան Մանսուրյանի հետ արված հարցազրույցները 1981 թվականից մինչև 2019 թվականը։ «Այդ զրույցները տպվել են հայաստանյան պարբերական մամուլում, կան նաև հարցազրույցներ, որոնք մամուլում չեմ գտել։ Բոլոր նյութերի տակ նշված է, թե որ թվականին են հրապարակվել և որ պարբերականում, իսկ այն նյութերը, որոնց տակ թերթի անունը նշված չէ, տպագրության եմ պատրաստել հորս արխիվից»,- ասում է Նազարեթյանն ու հավելում՝ գրքի նախաբանի հեղինակը երաժշտագետ Աննա Արևշատյանն է։ Գիրքն սկսվում է «Ունկնդրում է աշխարհը» բաժնով։ Այստեղ միջազգային մամուլի անդրադարձներն են Մանսուրյանին և նրա ստեղծագործություններին։ Հովհաննես Այվազյանն այդ կարծիքների ծաղկաքաղ է կազմել։
«Տիգրան Մանսուրյան. հարցազրույցներ և հոդվածներ» գիրքը կունենա նաև ներդիր, որում ընդգրկված կլինեն կոմպոզիտորի լուսանկարներն ընտանիքի անդամների, հետաքրքիր ու հեղինակություն վայելող անհատների հետ։ Ուշագրավ են նաև Հովհաննես Այվազյանի՝ Տիգրան Մանսուրյանի և Համո Սահյանի, Մանսուրյանի և Հրանտ Մաթևոսյանի և այլոց համատեղ հարցազրույցները։ Զրուցակիցները, որոնցից յուրաքանչյուրը հեղինակություն է իր ոլորտում, զրույցների ընթացքում քննարկումներ են ծավալել երաժշտության, Կոմիտասի, գրականության և մշակույթի այլ ոլորտների շուրջ, հայտնել են տեսակետներ, որոնք հետաքրքիր են նաև մեր օրերում։
Մեծանուն կոմպոզիտորը հունվարի 27-ին տոնում է ծննդյան 87-ամյակը։ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը շնորհավորում է մեծն մաեստրոյին՝ մաղթելով առողջություն, ստեղծագործելու ոգեշնչումներ և նորանոր նվաճումներ։




























































































































































































































































































































































































































































