Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնն իննսուն տարի շարունակ չի փակում դռներն ու հյուրընկալում է թե՛ փոքրիկ, թե՛ հասուն հանդիսատեսին՝ նրան նվիրելով հեքիաթ, որը լուսավորում է, հնարավորություն տալիս հավատալ հրաշքներին։ Տիկնիկայինը, որը երբեք չի ծերանում նվիրյալ ստեղծագործողների, երազել սիրող արվեստասերների շնորհիվ, հոբելյանը տոնեց երաժշտական շքեղ շոուով և մրցանակաբաշխությամբ՝ իր հարկի տակ ընդունելով թատրոնի բոլոր հավատարիմ ընկերներին։
-ի հաղորդմամբ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը բեմում հայտնվեց կախարդական մեքենայով, ողջունեց ներկաներին ու հիշեցրեց՝ Տիկնիկայինը բաց է եղել Երկրորդ համաշխարհային, ղարաբաղյան պատերազմների, համավարակի ընթացքում, հեքիաթ է նվիրել Թումանյանի, Աղայանի, Շեքսպիրի, Չեխովի և այլ մեծանունների տեքստերով, իսկ հեքիաթը պատմում է, թե որտեղ են բարին ու չարը, մահն ու անմահությունը։ «Ի վերջո՝ հեքիաթն է մարդուն մարդ դարձնում»,-ասաց Բաբայանը։

Նա պատմեց, որ 1951 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը լուծարել է Տիկնիկային թատրոնը, սակայն դերասանները չեն հանձնվել, վերցրել են տիկնիկներն ու Հայաստանով մեկ խաղացել թատրոնի ներկայացումներն ու նորերն են բեմադրել։ 1957 թվականին կառավարությունը, տեսնելով, որ թատրոնը փակել հնարավոր չէ, նրան է վերադարձրել պետական կարգավիճակը։ Ըստ Ռուբեն Բաբայանի՝ ապրելու, ստեղծագործելու ցանկությունը բնորոշում է թատրոնի էությունը։
«Տիկնիկային թատրոնների քանակն ու առկայությունը երկրում խոսում են այդ երկրի քաղաքակրթական ընտրության մասին։ Երկիրը չի կարող իրեն առաջադեմ ու քաղաքակիրթ համարել, եթե չունի տիկնիկային թատրոն»,-նշեց նա։

Ռուբեն Բաբայանը Տիկնիկայինում է աշխատում 1980-ականներից, սակայն ղեկավարությունը ստանձնել է 1998 թվականից։ «Գալով թատրոն՝ ցանկացա այն հնարավորինս ազատ դարձնել. թատրոնում կիրառվում են տիկնիկային արվեստի բոլոր ձևերը. բեմադրվում են դրամատիկ, մնջախաղային, ստվերային ներկայացումներ։ Ոչ միայն խաղում են դերասաններ, բեմադրություններ են անում ռեժիսորներ, որոնք հաստիքով են աշխատում այստեղ, այլև բեմադրիչներ ու դերասաններ են հրավիրվում տարբեր թատրոններից։ Երիտասարդ տաղանդների համար այս թատրոնն առաջին քայլերն անելու վայր է, իսկ արվեստը որևէ սահմանափակում չի ընդունում. որքան ազատ, այնքան ավելի հետաքրքիր։ Որքանով դա ինձ հաջողվեց, պետք է դատեն հանդիսականները, բայց այն, որ թատրոնը պահանջված է Հայաստանում և այլ երկրներում, փաստ է։ Հյուրախաղերով, միջազգային փառատոններին մասնակցելով մոտ քառասուն երկրում ենք եղել։ Հավանաբար դա նշանակում է, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է»,-նշեց Ռուբեն Բաբայանը։

Տիկնիկային թատրոնը եղել է Մատենադարանի տնօրեն, Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանի առաջին պաշտոնական աշխատավայրը։ Նա եղել է թատրոնի գրական բաժնի վարիչ։ Մինչ օրս կարոտով է հիշում իր և Ռուբեն Բաբայանի կիրակնօրյա տևական զրույցները։ «Եթե ինձ հարցնեք, թե որն է ամենամեծ բանը, որ ստացել եմ այս թատրոնից և Ռուբեն Բաբայանից, կպատասխանեմ՝ ազատ մտածելու հմայքի զգացողությունը»,-նշեց նա և ընդգծեց՝ Ռուբեն Բաբայանը մեծ ազդեցություն ունի երիտասարդ թատերական սերնդի աշխարհայացքի, թատերական կողմնորոշումների, մասնագիտական գրագիտության ու չափանիշների ձևավորման վրա։

Խզմալյանի խոսքով՝ Ռուբեն Բաբայանն իսկապես նորարար է, որը Տիկնիկային թատրոն բերեց նաև մեծահասակների համար նախատեսված բեմադրություններ՝ ընդգծելով, որ թատրոնի գույքը և պայմանները չպետք է սահմանափակվեն ժանրով ու արվեստի տեսակով և պետք է լիարժեք կիրառվեն գեղագիտական ճաշակի և թատրոն գաղափարի համար։ «Այսօր բազմաթիվ ռեժիսորներ, որոնք ղեկավարում են թատրոններ, պահանջված են, իրենց մասնագիտական որոնումները սկսել են այս թատրոնից՝ շնորհիվ այն պայմանների, որոնք ստեղծում է Ռուբեն Բաբայանը։ Այս թատրոնից սկիզբ առան ազատ բեմի գաղափարն ու փորձարարությունը։ Այս թատրոնը չի սպառում իր նշանակությունը միայն տիկնիկային արվեստով, այն բառիս բուն իմաստով մշակութային կյանքի կարգավորման, ռեժիսորական սերունդների ձևավորման, նրանց կայացման լավագույն հարթակներից է եղել և կա»,-հավաստիացրեց Մատենադարանի տնօրենը։
Խզմալյանը թատրոնին մաղթեց անավարտ մանկություն։ «Այս դժնդակ ու անկառավարելի տեղեկատվական հոսքերի պայմաններում մեզ պետք են մաքուր օդի, թթվածնի, անաղարտության օազիսներ, ուր կարող ենք տանել մեր երեխաներին, ինքներս ընկղմվել մանկության աշխարհ։ Թող թզուկի երգն ուղեկից լինի բոլորիս՝ անկախ այն հանգամանքից, թե քանի տարեկան ենք, ինչ պաշտոն ենք զբաղեցնում»,-ասաց նա։
Իննսունամյա թատրոնն իր հյուրերին հնարավորություն տվեց տեխնիկապես հագեցած բեմում նորարարական լուծումներով շոուի միջոցով վերհիշել իրենց անցյալը, ներկայացումները, որոնք ժամանակին դիտել են, հանդիպել սիրելի տիկնիկներին, ծանոթանալ նոր հերոսների հետ, որոնք խոսում էին, պարում, ծիծաղում, անգամ մրցանակներ հանձնում։

Շոուի ռեժիսորը թատրոնի բեմադրիչներից Սամսոն Մովսեսյանն է, որի կարծիքով՝ Տիկնիկային թատրոնում հեքիաթն է ծնվում։ Նա ամեն ներկայացմամբ փորձում է այդ հեքիաթն առավել գեղեցկացնել, հանդիսատեսին էլ դարձնել դրա մի մասնիկը։

«Զգույշ եմ մոտենում բոլոր բեմադրություններին, որպեսզի թատրոնը պահպանի իր ավանդույթները, իսկ հեքիաթը շարունակական լինի։ Այս թատրոն են գալիս երեխաներն իրենց ծնողների հետ, ուստի այն սերունդների միջև կապ ստեղծող կարևոր օղակ է»,-նշեց նա։
Մովսեսյանի տատիկի աշխատավայրը Տիկնիկային թատրոնին շատ մոտ է եղել, ինչի արդյունքում փոքրուց հաճախ է այցելել թատրոն։ Կարծում է՝ դա էլ է նշանակություն ունեցել ռեժիսորի մասնագիտությունն ընտրելու և թատրոնի շարունակականություն ապահովելու գործում։
Միջոցառմանը թատրոնը խորհրդանշական «Տիկնիկոն» մրցանակներ հանձնեց այն կառույցներին, որոնք տարիներ շարունակ աջակցել են թատրոնին, կանգնել նրա կողքին։ «Տիկնիկոն» տրվեց ՀՀ կառավարությանը։

Մրցանակը վերցնելիս ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց՝ Տիկնիկայինն այն թատրոններից է, որով կարող ենք հպարտանալ։ «Պատահական չէ, որ, երբ բեմից հարց հնչեց, թե ովքեր են փոքրուց եղել այստեղ, բոլոր ներկաները ծափահարեցին, որովհետև բոլորս մեծացել ենք Տիկնիկային թատրոնով։ Այսօր դպրոցներից մեկում մի ներկայացման էի, որի թեման բուլինգն էր։ Տեսա պայծառ երեխաների, որոնք նկատում են հանրության խնդիրները։ Այդ երեխաներին հարկավոր է Տիկնիկային թատրոնի պես վայր, որտեղ նրանց կյանքը նոր գույներ կստանա»,-ընդգծեց նա։
«Տիկնիկոն» տրվեց նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ցուցաբերած մշտական հոգատարության և աջակցության համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց՝ մեծացել է Տիկնիկային թատրոնում և անգիր գիտի բոլոր ներկայացումները։ Նրա խոսքով՝ թատրոնի առանցքային առանձնահատկություններից մեկն այն է, որ Տիկնիկայինը ոչ թե հասարակության որևէ շերտի համար ստեղծված թատրոն է, այլ բոլորինն է։ «Իննսուն տարի տարբեր սերունդների ներկայացուցիչներ են անցել այս թատրոնով։ Գուցե շատ մարզաբնակներ այդ հնարավորությունը չեն ունեցել, բայց այսօր թատրոնը պարբերաբար ներկայացումներով հանդես է գալիս նաև ՀՀ մարզերում՝ տեղի երեխաներին հասանելի դարձնելով թատերական արվեստը»,-նշեց Դանիելյանը։ Նա Տիկնիկայինի ևս մեկ կարևոր առանձնահատկություն համարեց բեմադրությունների դրական ավարտը, պիեսներ, որոնցում միշտ բարին հաղթում է չարին։ «Սա կարևոր ուղերձ է մեր երեխաներին ու երիտասարդներին այն մասին, որ խաղաղության աղավնին միշտ հաղթելու է, իսկ կրկռան ագռավները պիեսից հետո կհեռանան»,-շեշտեց փոխնախարարը։

Երեկոյին բեմադրություններով, տեսանյութերով հիշեցին նաև այն նվիրյալներին, որոնք այլևս չկան, սակայն երկար տարիներ աշխատել ու ստեղծագործել են Տիկնիկային թատրոնում՝ իրենց լուման ներդնելով թատրոնի կայացման ու զարգացման գործում։
Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ Հիմնադիրներն են բեմադրիչ Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: 1975-ին թատրոնը տեղափոխվում է իր ներկայիս շենք, որը Սայաթ-Նովա 4 հասցեում է: Թատրոնը երկար տարիներ ղեկավարել և ծաղկացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։ Թատրոնին կից գործում է հիմնադիր Պավլոս Բորոյանի անունը կրող, Հայաստանում միակ թատերական տիկնիկների թանգարանը: Թատրոնը հանդիսանում է UNIMA-ի անդամ:
Թատրոնի խաղացանկում կա 50-ից ավելի ներկայացում։ Թատրոնը տարեկան ունենում է մոտ 100 հազար հանդիսատես և ցուցադրում է ավելի քան 500 ներկայացում տարբեր ժանրերում՝ ստվերային տիկնիկային ներկայացումներից մինչև ժամանակակից պարային ներկայացումներ, ինչպես նաև իրականացնում բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, երաժշտական համերգներ, փառատոններ, կրթական ծրագրեր և այլն:
Թատրոնի առաքելությունն է լինել մանուկ և երիտասարդ սերնդի մշակութային կողմնորոշիչը՝ ապահովելով մշակութային կրթության առաջին և հիմնավոր քայլերը։


































































































































































































































































