
Ականավոր գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը տասնամյակներ շարունակ թե՛ փոքրիկ, թե՛ հասուն ընթերցողների սեղանին է։ Մարդասիրական հրաշալի վեպի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, մուլտֆիլմեր, բեմադրվել են ներկայացումներ։
Ամանորին ընդառաջ «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությանն է անդրադարձել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ հորդորելով հոգ տանել, պատասխանատվություն կրել բոլոր նրանց համար, ում ընտելացրել եք։

-ի հաղորդմամբ՝ նորարարական մոտեցումներով ներկայացման փակ դիտումը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին։
Մինչ ներկայացումը հանդիսատեսին անակնկալ մատուցեց «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Ալբերտը. նա թատրոնի մուտքի մոտ կատարեց եվրատեսիլյան «Քաջ սիրտ» երգը։ Մրցութային բեմում ևս Ալբերտը Փոքրիկ իշխանի կերպարով էր և կոչ էր անում պահպանել աշխարհը։ Նրա ներկայությունն ուրախացրեց փոքրիկ հանդիսատեսին. երեխաները մոտենում ու լուսանկարվում էին հեռանկարային երգչի հետ, իսկ ներկայացումից հետո և՛ երեխաները, և՛ մեծահասակները հոտնկայս ծափահարությունների արժանացրին արտիստներին։

«Փոքրիկ իշխանը» ներկայացման ստեղծագործական կազմի խոսքով՝ բեմադրությունը կոչված է վերհանելու յուրաքանչյուրի կյանքում մեծ նշանակություն ունեցող երևույթները՝ սեր, պատասխանատվություն, ընկերություն, մարդկային բարձր արժեքներ։ Ներկայացումը երկխոսություն է երեխայի և մեծահասակի միջև։ Իմերսիվ սարքավորումների, անիմացիոն պատկերների և թատերական տեխնիկաների միջոցով հանդիսատեսը հայտնվում է Փոքրիկ իշխանի լուսավոր, երազային աշխարհում։
Ստեղծագործության բեմականացման հեղինակն ու բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանն է։

«Մեր ներկայացման մեջ Փոքրիկ իշխանը խոսում է առանց «մանկականացնելու» իր ձայնը։ Նա խոսում է իրական, խորքային տոնով, որը հուզում է և՛ երեխային, և՛ մեծահասակին։ Դերասանի խաղը կառուցված է ոչ միայն խոսքի, այլև շարժման, հայացքի, լռության և էներգետիկ շեշտադրումների վրա։ Մենք հերոսին դուրս ենք բերում պարզեցված, կաղապարային պատկերացումներից և ներկայացնում որպես լուսավոր, խոնարհ, բայց ուժեղ հոգի։ Ստեղծվում է մի կերպար, որը ժամանակակից հանդիսատեսի հետ խոսում է կորցրած մանկության, բաց թողած հարցերի, մեծանալու ցավի մասին՝ մաքուր և սիրո լեզվով»,-նշում է Գրիգոր Խաչատրյանը։
Ներկայացման ռեժիսորական հայացքը հիմնված է պարզ, բայց առանցքային գաղափարի վրա՝ Փոքրիկ իշխանը ոչ թե տարիքի մասին է, այլ էներգիայի: Դա ներքին լույսն է, որը կրում է մարդը՝ անկախ նրանից փոքր է, թե մեծ:
Դա հաշվի առնելով՝ Խաչատրյանը գլխավոր դերի համար ընտրել է երիտասարդ դերասանուհի Դիանա Մալենկոյին, որի ներքին զգայունությունն ու արտիստիկ մտահղացումները մարմնավորում են հասարակ, բայց խորքային ճշմարտությունը:

«Փոքրիկ իշխանն ինձ համար առաջին հերթին այն փոքրիկ լույսն է, որն ապրում է յուրաքանչյուրի ներսում: Սա մի բացառիկ հնարավորություն է հանդիսատեսին փոխանցել այն զգացմունքները, որոնք ապրում եմ այս կերպարը խաղալիս: Կարծում եմ՝ Փոքրիկ իշխանը մանկական անմեղություն և հասուն, փիլիսոփայական ներքին ռիթմ է։ Ինձ համար մեծ պատիվ է մարմնավորել այդ երկխոսությունը երեխայի և մեծահասակի միջև»,-ասում է Դիանա Մալենկոն։
Ստեղծագործական թիմում ընդգրկված են արվեստագետներ, անիմատորներ, դիզայներներ Հայաստանից և արտերկրից։

Դերերում՝ Վլադիմիր Մսրյան, Լուսիա Հովհաննիսյան, Մերի Մկրտչյան, Արմեն Բարսեղյան, Կարեն Միրիջանյան, Նարեկ Քթոյան, Արմեն Մեսրոբյան, Հայկուհի Խուդավերդյան, Նիկոլայ Ավետիսյան, Էմմա Մանուկյան, Լիդիա Գրիգորյան։
Ներկայացման գլխավոր պրոդյուսեր՝ Էդվարդ Մխիթարյան, համապրոդյուսեր՝ Նարեկ Քթոյան։ Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Իզաբելլա Թչիխոնսկայի։
























































































































































































































































































































































































































































