2026 թվականից Հայաստանում կգործարկվի կինոյի ոլորտում աջակցության նոր մեխանիզմ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն շրջանառել է և 2026-ից ծրագրել է գործարկել կինոյի ոլորտում ֆինանսավորման ևս մեկ հնարավորություն, այն է՝ դրամագլխի մեխանիզմը։

-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ երբ ընդունվել է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքը, օրենքում դրամագլխի գաղափարը դրված է եղել։ Այժմ փորձում են իրագործել այն։ Արդեն իսկ մշակված է և կինոյի ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել է դրամագլխի տրամադրման կարգը։

Ժաննա Անդրեասյանը հույս ունի, որ առաջիկայում այն կքննարկվի ՀՀ կառավարությունում և կհաստատվի։

«Ծրագրում ենք այս մեխանիզմը գործարկել 2026 թվականին։ Այն հնարավորություն է տալու մի շարք ուղղություններով կինոյի ոլորտում ծրագրեր ֆինանսավորել։ Հիմնական գաղափարն այն է, որ ոլորտը պետք է ունենա ինքնաբավություն ֆինանսավորման տեսանկյունից և մեխանիզմներ՝ ֆինանսավորելու այն ծրագրերը, որոնք շարունակականություն են պահանջում կամ դեբյուտային ծրագրեր են, երիտասարդ ռեժիսորների առաջարկներ են։ Այդ իմաստով դրամագլուխը պետք է շարունակաբար համալրվի։ Համալրման գաղափարը կարևոր է, որպեսզի մենք հասկանանք ու պատկերացնենք կինոարտադրությունն իբրև մի համակարգ, որտեղ այդ շրջանառությունը կարող է վերադառնալ և էլի ծառայել կինոոլորտի զարգացմանը. օրինակ՝ նկարահանվում են տարբեր ֆիլմեր, դուրս են գալիս շրջանառության, ինչի արդյունքում լինում են մուտքեր, և այդ մուտքերի առնվազն մի մասը կարող է վերադառնալ դրամագլխին ու ֆինանսավորել նոր ծրագրեր, ինչին պետք է գումարվեն նաև պետության կողմից դրամագլխին արվող փոխանցումները։ Համատեղ ջանքերով ձևավորված դրամագլուխը հնարավորություն կտա ոլորտում եղած ամենատարբեր ծրագրերի ֆինանսավորման համար»,-մանրամասնեց նախարարը։

Նրա խոսքով՝ դա չի չեղարկում մրցութային դրամաշնորհների տրամադրումը։

Անդրադառնալով կինոյի ոլորտում գրանցած հաջողություններին՝ Անդրեասյանը հիշատակեց Թամարա Ստեփանյանին, որի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» բաժնում, իսկ նրա «Արտոյի երկիրը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ներկայացվել է Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնում՝ որպես բացման ֆիլմ։ «Շատ ուրախ եմ, որ նախորդ տարվանից արդեն ունենք պետության գործարկած դրամական խրախուսման կարգ, և բոլոր արվեստագետները, որոնք նշանակալի հաջողություններ են գրանցում միջազգային հեղինակավոր փառատոններում և հարթակներում, արժանանում են նաև պետության կողմից գնահատման՝ դրամական խրախուսման ձևով։ Թամարա Ստեփանյանը մեր այս ծրագրի շահառու է»,-ասաց նախարարն ու հիշեցրեց նաև Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի մասին, որն ընդգրկվել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ ծրագրում և արժանացել է 3-րդ մրցանակի։ Այն ներառվել է նաև Սարաևոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում՝ արժանանալով «Լավագույն կարճամետրաժ» ֆիլմ մրցանակին, իսկ Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին։

Նախարարը հիշատակեց նաև Զաքար Դեմիրճյանի և Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմը, որն աշխարհի ամենահեղինակավոր «Անսի» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում է ընդգրկվել, ինչպես նաև՝ Բուխարեստի փառատոնում։

Խոսելով կինոժառանգության մասին՝ նա ընդգծեց, որ 2025-ին 13 ֆիլմ են թվայնացրել և վերականգնել։ Այդ նպատակի համար պետությունն ավելի քան 81 մլն դրամ է հատկացրել։

«Սա շարունակական քաղաքականություն է, և մենք Կինոյի հիմնադրամի համար մշակել ենք կարևոր ծրագիր, որը վերաբերում է մեր կինոժառանգության պահպանման պայմաններին։ Գիտենք, որ այսօր լավագույն պայմանները չունենք, իսկ իրականում իրավիճակը շատ վատ է։ Կարևոր է, որ համապատասխան ներդրումներ արվեն, որ կինոժառանգության պահպանման պայմաններ ձևավորվեն։ Այս ծրագիրը տևական ժամանակ քննարկում ենք ու հաջորդ տարի կսկսենք դրա իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել և պատշաճ միջավայր ձևավորել»,-եզրափակեց Ժաննա Անդրեասյանը։

Հարություն Խաչատրյանի տասը ֆիլմերը Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում ցուցադրություններից հետո մեծ հաջողություն են ունեցել աշխարհում
Հարություն Խաչատրյանը Վահան Տերյանի 140-ամյակի առթիվ մեծ գրողին նվիրված ֆիլմ կստեղծի. նկարահանումները կմեկնարկեն հունվարին
Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով. Փաշինյան
25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել թմրամիջոցներ և տեղադրել տարբեր հատվածներում