
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսին, Հրաձգության եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները:
-ի հաղորդմամբ` բացման արարողության մեկնարկում տեսապատկերների ու հատուկ էֆֆեկտների միջոցով ներկաներին ներկայացվեց հայոց պատմությունը: Այնուհետ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին փոխանցվեց հյուրընկալող երկրի դրոշը:

«Մեր երկիրն առաջին անգամ է անցկացնում սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Վստահ եմ, որ ներկաներից շատերն այստեղից կհեռանան ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով: Ինչպես նաև հաճելի հուշերով` Հայաստանի Հանրապետության ու սպորտային այս իրադարձության մասին: Մենք հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը: Ուրախ ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր: Եվ ես համոզված եմ, որ ամեն առաջնության դրական տպավորությամբ առաջիկայում նորանոր առիթներ կունենանք հանդիպելու տարբեր առաջնություններում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկաներին ողջունելով ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բացման իր խոսքում` հույս հայտնեց, որ առաջնության ամբողջ ընթացքում հիշարժան օրերը շատ կլինեն ու դրական տպավարություններով մասնակիցները կհեռանան մրցավայրից:
«Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Սա մեծ պատասխանատվություն է և կարևոր հնարավորություն ևս մեկ անգամ ներկայացնելու մեր երկիրը, ինչպես միջազգային բարձրակարգ միջազգային մրցաշարեր կազմակերպող հարթակ»,-առանձնացրեց Անդրեասյանը:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը մեծ պատիվ է համարում Եվրոպայի առաջնությունը մայրաքաղաք Երևանում անցկացնելը:
«Այս առաջնությունը կարևոր է, ոչ միայն եվրոպական երկրների, այլ նաև Հայաստանի սպորտային կյանքում: Մեզ համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալել այս առաջնությունը»,-ասաց նա:

Բացման արարողությանը ելույթով հանդես եկավ նաև Հրաձգության եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներն, ով մասնավորապես ասաց. «Այստեղ, այսօր ներկա լինելով այս ինքնատիպ բացման արարողությանը, կարող եմ հպարտորեն ասել, որ դուք հաջողությամբ հաղթահարեցիք ձեր առաջ կանգնած բոլոր մարտահրավերները»:

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։





























































































































































































































































































































































































































































































































































