Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք Հայաստանի առաջնության չեմպիոնությունը պահպանելու համար. Սերգեյ Մուրադյան

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Նոա»-ն պատմական արդյունքի հասավ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ` դառնալով առաջին հայաստանյան թիմը, որը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ:

«Նոա»-ն վերջին տարիներին այլ մակարդակի բարձրացրեց մրցակցությունը ներքին առաջնությունում, ինչպես նաև հստակ քայլերով առաջխաղացում է ապրում եվրագավաթային մրցասպարեզում:

-ի հետ զրույցում «Նոա»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը խոսեց ակումբի ապագայի տեսլականից, Հայաստանի ներքին առաջնությունում առկա մրցակցությունից: Մուրադյանն օրեր առաջ իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի չեմպիոնի կազմում:

-Սերգեյ, պիտի խնդրեմ, որ պատմեք` ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ֆուտբոլով:

-Երբ 7 տարեկան էի, տատիկիս ու պապիկիս հետ ամառային արձակուրդների ընթացքում եկանք Երևան: Ես օրեր շարունակ բակի երեխաների հետ դրսում ֆուտբոլ էի խաղում: Իսկ հետո, երբ վերադարձանք Սանկտ Պետերբուրգ, պապիկիս խորհրդով ծնողներս ինձ տարան ֆուտբոլի։

-Ինչպե՞ս պատահեց, որ «Զենիթ»-ի երիտասարդական թիմում հանդես գալով՝ որոշում կայացրեցիք միանալ հայկական «Նոա»-ին:

-Ինքս ինձ համար այնտեղ հեռանկար չէի տեսնում ու այդ ժամանակ առաջարկ ստացա «Նոա»-ից, ու որոշում կայացրեցի, որ այստեղ առավել մեծ են իմ հնարավորությունները մեծ ֆուտբոլում առաջխաղացման համար:

– Օրեր առաջ Դուք ձեր հոբելյանական 100-րդ հանդիպումն անցկացրեցիք «Նոա»-ի կազմում: Սա խոսում է Ձեր` ինչ-որ տեղ անփոխարինելի լինելու մասի՞ն: Դուք ինչպե՞ս եք հիշում Ձեր առաջին օրերը հայկական ակումբում և ինչպիսի՞ առանձնակի հիշողություններ ունեք՝ կապված ակումբի հետ:

– «Նոա»-ում շատ խաղացողներ կան, և նրանք բոլորն էլ բարձր մակարդակ ունեցող ֆուտբոլիստներ են, ուստի անփոխարինելի մարդիկ չկան: Երբ ես առաջին անգամ եկա, «Նոա»-ն ուներ մեկ այլ սեփականատեր և ակումբը պայքար էր տալիս Պրեմիեր լիգայում գոյատևման համար: Հիմա միայն ժպիտով եմ հիշում այդ ժամանակները։

-Սերգեյ, «Նոա»-ն նոր մակարդակի է բարձրացրել հայկական ակումբային ֆուտբոլը: Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտված է։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն էր այն «Նոա»-ի համար։

-Միանշանակ է, որ մեր նախագահը ցանկանում է «Նոա» ակումբը բարձրացնել միջազգային մակարդակի, և ես վստահ եմ, որ նա կհաջողի իր նախաձեռնությունում: Իսկ այս մրցաշրջանի մասին խոսելով`միանշանակ ինձ դուր չի գալիս այն փաստը, որ Հայաստանի առաջնությունում մենք որոշակի դժվարություններ ունենք միավորների հետ կապված, իսկ Կոնֆերենցիայի լիգայում լավ հաջողության հասանք և դուրս եկանք փլեյ-օֆֆ: Մրցաշրջանի երկրորդ հատվածում մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք չեմպիոնությունը պահպանելու համար:

-Ի՞նչ մակարդակի առաջնություն է Հայաստանի Պրեմիեր լիգան:

-Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը բարձր մակարդակի վրա չէ համալիր խնդիրների պատճառով: Մի շարք թիմեր առանձնանում են բարձր մակարդակի ֆուտբոլիստներով, սակայն ընդհանուր առմամբ մրցակցությունը ցածր է:

-Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը ձգտում է իր ուժերը փորձել նաև եվրոպական մակարդակում: Դուք էլ, կարծում եմ, բացառություն չեք: Ինչպե՞ս եք տեսնում Ձեր ապագան:

-Չէի ցանկանալի ժամանակից առաջ ընկել, հիմա գործող պայմանագիր ունեմ «Նոա»-ի հետ ու կենտրոնացած եմ ինքնազարգացման ու ակումբի առաջընթացի վրա:

-Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը:

– Ինձ համար Սերխիո Ռամոսը:

-Ո՞վ է լավագույն պաշտպանը, որի դեմ խաղացել եք:

-Ռուբեն Դիաշը:

-Ո՞վ է լավագույն պաշտպանը, որի հետ նույն թիմում խաղացել եք:

-Գոնսալո Սիլվան:

-Ձեր կյանքը կախված է որոշիչ 11 մետրանոց հարվածից, որը Դուք չեք իրացնելու: Ո՞ւմ կվստահեիք այն:

-Քրիշտիանու Ռոնալդուին:

Լուսանկարները` «Նոա» ֆուտբոլային ակումբի

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը քննարկել է Երևանում կայանալիք Հրաձգության մեծահասակների ԵԱ-ի կազմակերպմանը վերաբերող հարցեր
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ»․ մեկնարկում է քվեարկությունը