Շախմատը խաղի, արվեստի ու գիտության միաձուլումն է. Մարիամ Մկրտչյան

Շախմատը եղել և մնում է մտքի ճկունության, անսահման մտահորիզոնի ու հեռուն տեսնելու համադրություն, մարզաձև, որտեղ համադրված են մարդկային մտքի հավասարակշռվածությունը, հարգանքը մրցակցի նկատմամբ ու նվիրումը սեփական աշխատանքին:

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը վերջին տարիներին համադրում է ավագների ու երիտասարդների փորձն ու ձգտումը: Հայաստանի հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանի հետ խոսել ենք շախմատի, իր անցած ճանապարհի ու ձգտումների մասին:

-Մարիամ, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել շախմատով:

-Շախմատի հետ ծանոթանալ սկսել եմ դպրոցում` «Շախմատը` դպրոցներում» առարկայի շրջանակներում: Եվ մենք առաջին սերունդն էինք, որ սկսեց անցնել այդ առարկան: Ինձ համար ինքնին խաղը հետաքրքիր էր, քանի որ խաղի ժամանակ` պարտիայի ընթացքում, քեզ առաջնորդ էիր զգում: Գիտեք, փոքր տարիքում շատ ես ուզում ինչ-որ բան միայնակ անել, ու շախմատը տալիս էր այդ հնարավորությունը:

-Արդյոք եղե՞լ է մի մրցաշար, որից հետո վերջնականապես ինքներդ Ձեզ համար որոշել եք, որ ապագան կապում եք շախմատի հետ:

-Իրականում կդժվարանամ հստակ պահ ու մրցաշար ասել, քանի որ բարդ էր շախմատային կարգերը լրացնելը, սակայն դրան հաջորդող ժամանակահատվածում մասնակցեցի Եվրոպայի առաջնությանն ու իրադարձությունները շատ արագ զարգացան: Եվ, երբ արդեն 18 տարեկան էի, երկընտրանքի առաջ էի կանգնած՝ կամ շարունակել կրթությունս, քանի որ ավարտում էի դպրոցը և ինչպես բոլոր հայկական ընտանիքներում, այդպես էլ մեզ մոտ, բարձրագույն կրթությունը պարտադիր էր, կամ առավել խորանալ շախմատի մեջ: Այդ տարի հունվարին կայացած Հայաստանի առաջնությունում դարձա չեմպիոն, այդ տարի ես նաև դարձա աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող:

-Մարիամ, շախմատիստը պետք է տաղանդավո՞ր լինի, աշխատասե՞ր, թե՞ կա «ոսկե միջին»:

-Սպորտային ասպարեզում առանց տաղանդի գուցե անհնար կլինի, բայց աշխատասիրությունն է, որ զարգացնում է տաղանդը: Աճը տեսնելու համար միայն աշխատանք է պետք: Ինձ համար առաջնայինն ու գնահատելին աշխատասիրությունն է:

– Վաղվա ո՞ր նպատակի համար եք մարզվում այսօր: Ինչի՞ մասին եք երազում:

-Ինձ համար այս պահի երազանքն աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում հայտնվելն է, որպեսզի ավելի շատ մարդ իմանա մեր երկրի` Հայաստանի մասին: Առաջնայինը դա, բայց երազանք է նաև չեմպիոնության համար պայքարելը, սակայն գիտեմ, որ մինչ այդ դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու:

-Կա՞ արդյոք մի շախմատիստ, ում պարտիաներն օրինակելի են եղել Ձեզ համար:

-Կարող եմ առանձնացնել Մագնուս Կարլսենին: Նա ինձ համար աշխատասիրության ու տաղանդի համադրումն է: Նա կամային բարձր որակներ ունեցող շախմատիստ է, ինչի հաշվին, կարծում եմ, երկար տարիներ լավագույններից լավագույնն է:

-Այդ դեպքում ո՞վ է բոլոր ժամանակների մեծագույն շախմատիստը:

-Մագնուս Կարլսենը:

-Ո՞րն է շախմատի գեղեցկությունը:

-Ինձ համար շախմատի ամենագեղեցիկ կողմն այն է, որ որքան էլ համակարգիչներն օգնում են մարդկանց, սակայն ամեն մի մրցաշարում մենք տեսնում ենք մարդկային մտքի գեղեցկությունը: Գեղեցկությունը նաև կարևոր պահերին ընդունած ճիշտ որոշումներն են:

-Իսկ Ձեզ համար շախմատը խա՞ղ է, արվե՞ստ, թե՞ գիտություն:

-Շախմատը խաղի, արվեստի ու գիտության միաձուլումն է: Հիմա, երբ տեխնոլոգիաներն այսքան զարգացել են, ակնհայտ է դառնում, որ շախմատը ինչ-որ տեղ նաև գիտություն է:

-Որո՞նք են Ձեր սիրելի երեք խաղաքարերը:

-Ձին, թագուհին ու զինվորը:

-Զինվո՞րը:

-Այո, գիտե՞ք ինչու, քանի որ, գուցե, կթվա, որ քիչ արժեք ունեցող խաղաքար է, սակայն երբեմն հենց ինքն էլ ունենում է վճռորոշ դեր:

-Շախմատային պարտիաները երբեմն ձգվում են ժամերով: Ինչպե՞ս եք հաղթահարում հոգեբանական այդ պահերը:

-Իմ կարծիքով, շախմատիստներից շատերը չեն էլ նկատում, որ ժամերով շարունակվում է մրցախաղը: Ես իսկապես չեմ էլ նկատում, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խաղում եմ: Իսկ բուն հոգնածությունը մրցաշարերի ընթացքում չեմ զգում, միայն ավարտից հետո եմ հասկանում, թե որքան հոգնեցուցիչ էր:

– Շախմատիստների եմ ճանաչում, որոնք սնահավատ են: Գրում են նույն գրիչով, կրում են նույն շապիկը: Իսկ դուք սնահավա՞տ եք:

-Գիտեք, այն կարծիքին եմ, որ սնահավատությունը միջոց է մտքերը ցրելու, ինքդ քեզ քաջալերելու համար: Սկսում ես հավատալ ինչ-որ բանի, որը կարող է քեզ ուժ տալ:

-Մարիամ, այս փուլում դուք հովանավորների փնտրտուքի մեջ եք: Ի՞նչ խնդրի առաջ եք կանգնած:

-Փոքր տարիքից փորձում ենք հովանավորներ գտնել, որոնք կօգնեն մեզ, որ կարողանանք մասնակցել միջազգային մրցաշարերի, ինչը կբերի նրան, որը կբարձրանա իմ վարկանիշը, ինչն էլ հնարավորություն կտա մտնել լավագույնների մեջ: Այդպես են վարվում աշխարհի գրեթե բոլոր երկրների շախմատիստները:

-Եվ գալով կանանց ազգային թիմին: Դուք հավաքականի անդամ եք և տեսնում եք ընտրանին «ներս»-ից: Ինչպիսի՞ ներուժ ունեցող թիմ է Հայաստանի կանանց հավաքականը:

-Մեր հավաքականում շատ ջերմ մթնոլորտ է տիրում: Միջազգային մրցաշարերի ժամանակ ակնհայտորեն երևում է, որ թիմային մրցաշարի ենք մասնակցում: Բայց թիմային մրցաշարերն էլ իրենց բարդությունն ունեն, քանի որ դու պատասխանատվություն ես կրում թիմի համար, ոչ միայն ինքդ քո համար: Երբ նոր-նոր էի մտել հավաքական, միանգամից ինտեգրվեցի թիմին, թե՛ Էլինայի, թե՛ Լիլիթի դեպքում երբեք չեմ զգացել տարիքային այդ մեծ տարբերությունը: Հատկապես վերջին երկու տարիների ընթացքում կանանց հավաքականը սկսել է առավել կայուն հանդես գալ: Հեռանկարային հավաքական ունենք:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին մարտին ընկերական խաղ կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ
Վստահ ենք մեր ուժերին. Ռուբեն Նազարեթյանը` ԵԱ-ի հաղթանակների մասին