ԵԱՏՄ շրջանակներում մշակվել է ռոբոտաշինության միջպետական ծրագիր, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ և Միության անդամ երկրների ոլորտային բիզնեսի մասնակցությամբ պատրաստում է առաջարկություններ արդյունաբերական ռոբոտաշինության զարգացման համապարփակ ծրագրի ձևավորման համար։
Մոսկվայում -ի թղթակցի փոխանցմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը՝ ներկայացնելով կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկման առաջին արդյունքներն ու դրա առավելությունները բիզնեսի համար։

«Տնտեսությունների անցումը ռոբոտացմանը պահանջում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններն ընդունեն համապատասխան ռազմավարական որոշումներ և ձևավորեն պետական աջակցության գործիքակազմ։ Այդ նպատակով այս տարի ստեղծվել է «Ռոբոտատեխնիկա» Եվրասիական տնտեսական հարթակը։ Միջպետական այդ ծրագիրն ընդգրկում է արդյունաբերական ռոբոտատեխնիկայի նոր ձեռնարկությունների և կենտրոնների ստեղծում, գործող ձեռնարկությունների համալրում արդյունաբերական ռոբոտներով, ինչպես նաև ռոբոտատեխնիկայի համար միավորված թվային հարթակի ձևավորում»,-նշել է նախարարը։

Բարսեղյանն ընդգծել է նաև, որ հանձնաժողովը մեծածավալ աշխատանք է իրականացնում արդյունաբերական այն ոլորտների զարգացման ուղղությամբ, որոնք ունեն բարձր կոոպերացիոն ներուժ։ Դրանք են՝ տեքստիլ և կարի արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու սարքավորումների արտադրությունը, քիմիական և դեղագործական արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ինչպես նաև թվայնացման զարգացմանը միտված սարքավորումների արտադրությունը։






































































































































































































