
Օրեր առաջ, երբ պաշտոնական վիճակագրությունը դեռ չէր հրապարակել անցած տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշը, ՊԵԿ նախագահն ասուլիս էր հրավիրել և իրենից գոհ հայտարարում էր, թե 2025թ. ստվերի կրճատման առումով հերթական աննախադեպ բարելավումն են ունեցել։
«Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականին բարելավվել է 1 տոկոսային կետով՝ հասնելով 24.5 տոկոսի»,- ասում էր ՊԵԿ նախագահը՝ հպարտանալով, որ 1 տոկոսային կետով աճը 2018 թվականից ի վեր հարկեր-ՀՆԱ ցուցանիշի երկրորդ ամենամեծ բարելավումն է ու դա հնարավորություն կտա հասնել այս տարվա համար կառավարության ծրագրով թիրախավորված հարկեր-ՀՆԱ 25 տոկոսին։
Երբ ՊԵԿ նախագահն անում էր այս հայտարարությունը, ՀՆԱ ցուցանիշը դեռ չէր հրապարակվել։ Բայց դա չէր խանգարում նման ամպագոռգոռ թվեր հնչեցնել։
Ի դեպ՝ ՊԵԿ նախագահից առաջ էլ ֆինանսների նախարարն էր նույն կեղծ լավատեսությամբ ստերը տարածում։ Նա էլ էր ասում, թե Հայաստանում հարկերի և ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականի վերջին կկազմի 24.5 տոկոս՝ մոտենալով կառավարության 25 տոկոս թիրախային ցուցանիշին։
Հրապարակվեց անցած տարվա ՀՆԱ ցուցանիշն ու պարզվեց, որ ինչպես՝ ֆինանսների նախարարը, այնպես էլ՝ ՊԵԿ նախագահը ստել են։ Հարկերի հավաքագրման բարելավումն անցած տարի շատ ավելի ցածր է եղել, քան հայտարարավող 1 տոկոսային կետն է։ Թե ինչո՞ւ էին մինչև ՀՆԱ ցուցանիշի հրապարակումն այս մարդիկ նման հայտարարություններ անում ու կեղծ լավատեսությամբ խաբում քաղաքացիներին, հավանաբար դժվար չէ հասկանալ։
Նշենք, որ պետական բյուջեով կառավարությունն ակնկալում էր հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում 2025թ. ապահովվել հարկեր-ՀՆԱ հարաբերության բարելավում 0.7 տոկոսային կետի չափով։
Հիմա տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել։
Ըստ պաշտոնական վիճակագրության, 2025թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11 տրիլիոն 317 մլրդ դրամ։ Հավաքվել է շուրջ 2 տրիլիոն 725 մլրդ դրամի հարկ ու տուրք։ Հավաքագրված հարկերն ու տուրքերը կազմել են ՀՆԱ 24.07 տոկոսը։
Անգամ 24.1 տոկոսի չեն հասել։ Մինչդեռ՝ ՊԵԿ նախագահը վերջերս խոսում էր անցած տարվա արդյունքներով, ՀՆԱ մեջ հարկերի 24.5 տոկոսի հասնելու մասին։
Թիրախային ցուցանիշն էլ չեն կատարել։
Այլևս պարզ է, որ չեն կարողանալու կատարել նաև 2026թ. համար հարկեր-ՀՆԱ խոստացած 25 տոկոս մակարդակը։
Բայց նույնիսկ դա չէ ամենավատը։ Այդքան խոսում են հարկերի հավաքման աննախադեպ աճերից, բարձր կատարողականներից, երբեմն՝ գերկատարողականներից, սակայն ՀՆԱ մեջ հարկերի հավաքագրման մակարդակը, որն ամենակարևոր ցուցանիշն է ստվերի դեմ պայքարի ու իրականացվող հարկային վարչարարության գնահատման առումով, շատ դանդաղ է բարելավվում, եթե նույնիսկ բարելավվում է։ Ունենք այն, որ վերջին 2 տարվա կտրվածքով ՀՆԱ-հարկերը գրեթե չեն փոխվել, մնացել են գրեթե նույն մակարդակին։
2023թ. համախառն ներքին արդյունքի մեջ հարկերը կազմել էին 24 տոկոս։
2024թ. այս ցուցանիշը ոչ միայն չբարելավեց, այլև նվազեց։ Այսինքն՝ տեղի ունեցավ ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման վատացում։ 2024թ. հարկեր-ՀՆԱ-ն կազմեց 23.5 տոկոս։
Անցած տարվա արդյունքներով՝ այն 24.07 տոկոս է։
Ստացվում է, որ 2 տարվա ընթացքում ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրումը հաջողել են բարելավել ընդամենը 0.07 տոկոսային կետով՝ 2023թ. 24 տոկոսից 2025թ. հասցնելով 24.07 տոկոսի, ինչը նույնիսկ բարելավում դժվար է անվանել։ Դեռ չենք ասում, որ անցած տարվա ցուցանիշի մեջ ներառված են նաև վերադարձված եկամտային հարկի գումարները։
Այդքանից հետո, գրեթե զրոյին մոտ արդյունք են ապահովել ստվերի դեմ պայքարում։ Ու դա տնտեսության տարբեր ոլորտների, հատկապես՝ մանր ու միջին բիզնեսի վրա հարկային բեռի կտրուկ ծանրացման պայմաններում։
Ինչպես հայտնի է, անցած տարի կրկնապատկեցին շրջանառության հարկի բեռը, տնտեսության որոշ ոլորտներ ընդհանրապես հանեցին շրջանառության հարկի դաշտից ու տեղափոխեցին հարկային ընդհանուր համակարգ՝ անհամեմատ ավելի ծանր հարկային բեռով։ Նույնիսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին չխնայեցին՝ մտցրեցին 20 տոկոս եկամտային հարկով հարկման տակ, վերացրեցին միկրոձեռնարկատիրության ոլորտում գործողների արտոնյալ հարկային համակարգն ու դրեցին շատ ավելի ծանր շրջանառության հարկով հարկման տակ։
Մանր ու միջին բիզնեսի հարկային բեռը բարձրացնելուց բացի, հայտնի է, որ տարեցտարի ավտոմատ ավելանում են ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարերը՝ վառելիք, ծխախոտ, օղի, բազմաթիվ այլ ապրանքներ։
Այլ փոփոխությունների մասին էլ չենք խոսում։
Ու այսքանից հետո 2 տարվա կտրվածքով՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մնացել է գրեթե անփոփոխ։ 2024թ. նվազումից հետո, 2025թ. վերականգնվել է 2023թ. մակարդակին։
Բա ո՞ւր մնացին ամպագոգոռ հայտարարությունները ստվերի դեմ տարվող անհաշտ պայքարի, հարկային վարչարարության կատարելագործման ու բարելավումների վերաբերյալ։ Չէ՞ որ հարկերի հավաքագրման արդյունավետությունը գնահատվում է ոչ թե նրանով, թե անվանական արտահայտությամբ ինչքան հարկ է հավաքվել, այլ նրանով, թե ՀՆԱ մեջ ինչքան են կազմել հավաքագրվող հարկերը։ Ունենք այն, որ 2 տարում բարելավում տեղի չի ունեցել։ Իսկ դա նշանակում է, որ իրականացված հարկային բարեփոխումներն անմիաստ ու անարդյունք են եղել։
Նույնիսկ երկարաժամկետում կառավարությանը չի հաջողվել հասնել հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավման։ 2021թ. ունեինք 22.7 տոկոս, 2025թ.՝ 24.07 տոկոս մակարդակ։ Տարբերությունը ընդամենը 1.37 տոկոսային կետ է։
Չորս տարում 1.37 տոկոսային կետի բարելավում հազիվ են կարողացել ապահովել։ Միջին՝ տարեկան ընդամենը 0.34 տոկոսային կետ։ Այնքան, ինչքան գրեթե միշտ ապահովվել է։ Չնայած նստում-ելնում, հարկերի աննախադեպ աճերից ու ապահոված բարձր կատարողականներից են խոսում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ






























































































































































































































































































































































































































































































































