
Ջերմուկում անցկացվող «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» երկրորդ աշխատաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է երկրի տնտեսության զարգացման կարևորությունը պետական շահի համատեքստում։ -ի հաղորդմամբ ՝ վարչապետը նշել է, որ գործարար համայնքի հետ աշխատաժողովային ձևաչափով հանդիպումները դառնում են պարբերական, քանի որ նման քննարկումները պահանջված են և հնարավորություն են տալիս բացահայտել ոչ միայն առանձին խնդիրները, այլև ընդհանուր մակարդակի մարտահրավերներն ու հաջողությունները։
Վարչապետը շեշտել է, որ Հայաստանում տեղի են ունենում սոցիալ-հոգեբանական և քաղաքական մտածողության շերտային փոփոխություններ, և նույնը պետք է տեղի ունենա նաև տնտեսական ոլորտում։
«Տնտեսության մեջ մենք հաճախ առերեսվում ենք մտածողության ձևերի և բանաձևերի, որոնք համարժեք չեն այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Եվ սա վերաբերում է թե՛ կառավարությանը, թե՛ պետական մարմիններին, թե՛ գործարար համայնքին։ Այդ առումով կարևոր եմ համարում, որ մենք խոսենք տնտեսական մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին։
Վերջին 5 տարիներին մենք ունեցել ենք միջինում 7 տոկոս տնտեսական աճ։ Դա շատ լավ ցուցանիշ է, մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Ուզում եմ այդ արդյունքի համար շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի Հանրապետության գործարար համայնքին՝ նրանց ներկայացուցիչների միջոցով, շնորհակալություն հայտնել բոլոր տնտեսվարողներին ու քաղաքացիներին, ովքեր աշխատում են, ստեղծում են արդյունք և վճարում են օրենքով սահմանված հարկերը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով՝ Հայաստանը մտնում է մի նոր փուլ, որտեղ տնտեսական քաղաքականության ձևավորման և տնտեսական գործունեությամբ զբաղվելու քաղաքացիների մտածողության ձևերը պետք է առնվազն վերանայվեն։
«Մենք պետք է դրանք համապատասխանեցնենք ոչ թե այսօրվան, որովհետև այսօրվան համապատասխանեցնելը միշտ նշանակում է ուշանալ։ Այսօր պետք է խոսել ընթացքի դինամիկային և կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարություններին համապատասխանեցնելու մասին, որովհետև մեր տնտեսությունն էլ, և մենք էլ, գլոբալ աշխարհի մաս ենք, և մեր մտածողության ու գործողությունների ձևերը պետք է համահունչ լինեն համաշխարհային զարգացումներին։
Սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ ցանկանում եմ այսօրվա քննարկվող կոնկրետ խնդիրները վերափոխել տեսական ու ընդհանրական քննարկման։ Ընդհակառակը՝ ասում եմ այն դիտանկյունից, որ կոնկրետ խնդիրների համատեքստում միշտ պետք է գտնել այն հենման կետերը, որոնց շուրջ աշխատելով մենք կարող ենք ձևավորել երկարաժամկետ պատկերացումներ և ռազմավարություններ։ Այդ ռազմավարությունը չպետք է լինի միայն կառավարության կամ քաղաքական մեծամասնության ռազմավարությունը, այլ պետք է դառնա Հայաստանի տնտեսության ռազմավարությունը»,-ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է, որ 2026 թվականի կառավարության առաջին նիստում կընդունվի տնտեսական քաղաքականության նոր դոկտրինը, որը կսահմանի Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները մինչև 2050 թվականը։
«Շատ է խոսվել մեր քաղաքական կյանքի ընթացքում, երբ ասում են՝ համախմբում պետության շուրջ, համախմբում պետական շահերի շուրջ։ Բայց ո՞րն է այդ համախմբման հենակետը և առանցքը։ Դա տնտեսական զարգացումն է, որովհետև որևէ ոլորտում՝ մշակութային, մարզական, սոցիալական, որևէ նպատակ չի կարող իրագործվել առանց տնտեսական զարգացման։
Մեր երկրում դեռ պահպանվում է այն ընկալումը, թե մշակութային հաստատությունները պետք է լինեն կազմակերպություններ, որոնք խնդրող դեմքով նայեն կառավարության, բարերարների կամ մեծահարուստների կողմը։ Սա է, որ մեզ թույլ չի տալիս ունենալ այն զարգացումները մշակույթի ոլորտում, որոնք ուզում ենք։ Անհրաժեշտ է փոխել մտածողությունը՝ մշակույթը տնտեսության ճյուղ է, սպորտը տնտեսության ճյուղ է և այսպես շարունակ։
Հետևաբար, այս արձանագրումը, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է, այն հենակետն է, որի համատեքստում մենք պետք է փորձենք նոր բանաձևեր ձևավորել։ Եվ հենց տնտեսական զարգացման շուրջ է, որ պետք է ապահովենք համախմբումը՝ նախևառաջ Հայաստանի գործարար համայնքի, բայց նաև ամբողջ հանրության, որովհետև հանրության մեջ չկա որևէ անձ, անկախ սոցիալական պատկանելությունից, աշխատող է, թե գործազուրկ, որը որևէ կերպ առնչություն չունենա Հայաստանի տնտեսական զարգացմանը, հետևաբար՝ պետական շահին»,-եզրափակել է Փաշինյանը։








































































































































































































