Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին վերադարձավ բնականոն զարգացման հուն. տնտեսագետ

Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին վերադարձավ բնականոն զարգացման հուն, արձանագրվեց ցուցանիշների կայունացում: Անցնող տարվա տնտեսական արդյունքները -ի թղթակցի հետ զրույցում այսպես գնահատեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը:

Տնտեսագետը համարում է, որ աշխարհաքաղաքական արմատական փոփոխությունների և համաշխարհային տնտեսությունում արտառոց իրավիճակների բացակայության պարագայում այս միտումը մեր երկրում կպահպանվի նաև հաջորդ տարի: Առհասարակ, նրա կանխատեսմամբ՝ առաջիկա տարիներին ՀՀ տնտեսությունը կարող է մոտ 4-5 տոկոսի աճ ապահովել:

Աղասի Թավադյանի արձանագրմամբ՝ այս տարի աստիճանաբար չեզոքացան Ռուսաստանին առնչվող զարգացումներով պայմանավորված դրական ազդակները, որոնք 2022-24 թվականներին նպաստել էին Հայաստանի տնտեսական աճի կտրուկ արագացմանը: Այդ գործոններից էին, օրինակ, Ռուսաստանից կապիտալի մեծ արտահոսքը և Հայաստանի ներգրավումը ռուսական ոսկու վերաարտահանման գործընթացում:

«2025 թվականին Հայաստանի տնտեսությունը վերադարձավ իր նորմալ վիճակին՝ գրանցվեց տվյալների կայունացում, արտահանման ծավալների կրկնակի կրճատում, ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղում: Բայց, ընդհանուր առմամբ, տնտեսության վիճակը կայուն է»,-գտնում է տնտեսագետը:

Նա հիշեցրեց, որ հիմնականում ռուսական ոսկու վերաարտահանման շնորհիվ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը 2024 թվականին հասել էր 13.1 մլրդ դոլարի: Դրա 63 տոկոսը բաժին էր ընկնում ոսկու վերաարտահանմանը, որը նաև զգալի կշիռ ուներ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշում: Մինչդեռ, Հայաստանի հիմնական ապրանքատեսակների արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ և Եվրամիություն նույն ժամանակահատվածում կրճատվել էր համապատասխանաբար 10 և 14 տոկոսով:

«Պետք է հասկանալ, որ ոսկու վերաարտահանման գործոնը, որի ազդեցության ականատեսն էինք 2023 թվականի վերջից մինչև 2024 թվականի կեսերը, ուռճացրել էր մեր երկրի ոչ միայն արտահանման, այլև տնտեսական ակտիվության ցուցանիշները: Տնտեսական ակտիվության հիմնական բաղադրիչներից մեկի՝ արդյունաբերության աճը, պայմանավորված էր ոչ թե արդյունաբերության հիմնական հատվածի զարգացմամբ, այլ գերազանցապես (90-95 տոկոսով) ոսկու վերաարտահանմամբ, որը գրանցվում էր որպես ներքին տնտեսություն ստեղծող ավելացված արժեք, բայց իրականում այդպես չէր։ Հիմա արդյունաբերությունն անկում է ապրել, որովհետև չկա ոսկու վերաարտահանումը։ Այդ գործոնի վերացումը հանգեցրել է ՀՀ արտահանման ցուցանիշի գրեթե կրկնակի կրճատման: Տարեվերջին այն, ենթադրաբար, կլինի 6-7 մլրդ դոլարի սահմանում։ Նաև ունենք տնտեսական աճի տեմպի դանդաղում, որը ձգտում է դեպի երկարաժամկետ նորմալը, այսինքն՝ մոտավորապես 5-5.5 տոկոսի»,- ասաց նա:

Աղասի Թավադյանը ուշադրություն հրավիրեց նաև Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում արձանագրված փոփոխություններին.

«Աճ է արձանագրվել բանկային համակարգում: Ներկայում ցանկի առաջին տասնյակում ներկայացված են բանկեր, որոնք դեռևս 10 տարի առաջ առկա չէին։ Իսկ, օրինակ, հանքաարդյունաբերական կազմակերպությունների ցուցանիշները թեթևակի անկում են գրանցել: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրելով ՀՆԱ-ի ցուցանիշները և դրանց աճին նպաստող գործոնները՝ կարող ենք արձանագրել հետևյալ պատկերը. արտերկրից ստացված գումարների շնորհիվ բանկային համակարգում ունենք աճ, որի ազդեցությունը զգացվում է նաև շինարարության ոլորտում: Այստեղ տիրող աշխուժությամբ պայմանավորված աճել են անշարժ գույքի գները: Այդ ամենն իր հերթին համեմվում է ծառայությունների գների աճով։ Սրանք են Հայաստանի տնտեսական աճի հիմնական բաղադրիչները: Իհարկե, նաև ՏՏ ոլորտը, որը նույնպես ուրույն տեղ ունի Հայաստանի զարգացման գործընթացում»։

Մեր զրուցակցի կարծիքով, 2026 թվականին Հայաստանում տնտեսական ցնցումներ չեն կանխատեսվում:

«Ընդհանուր առմամբ, 2026 թվականին Հայաստանի տնտեսությունը շարժվելու է դեպի կայուն դանդաղում: Եթե համաշխարհային տնտեսությունում կամ աշխարհաքաղաքական համակարգում արտառոց և արտակարգ իրադարձություններ տեղի չունենան, ապա Հայաստանում առաջիկա տարիներին կգրանցվի կայուն 4-5 տոկոսի տնտեսական աճ։ Իհարկե, որոշակի անհանգստություն են առաջացնում անշարժ գույքի շուկայում հնարավոր խնդիրները, սակայն դրանք նույնպես համաշխարհային իրավիճակով են պայմանավորված լինելու: Որոշակի միտումներ արդեն իսկ նկատվում են: Այսպես, 2025 թվականին գրանցվել է երկրորդային շուկայում անշարժ գույքի գների և գործարքների քանակի կրճատում, սակայն առաջնային շուկայում դրանց աճը դեռևս պահպանվում է: Այս առումով որոշակի անկում կա Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում»,- եզրափակեց Աղասի Թավադյանը։

Ձմեռային տուրիզմը Հայաստանում. նոր նախաձեռնություններ և փառատոններ
Team ընկերությունների խումբն ամփոփում է 2025 թվականի ձեռքբերումները
Դատարանը փոխել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցը
Սա Իրական Հայաստանն է, որի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունն է․ վարչապետը քաղաքացիների խմբի հետ այցելել է Կիրանց