
Պետական սահմանի Ագարակի անցման կետում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ, որոնց անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի սահմանով ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցները հնարավորինս արագ ստանան համապատասխան մաքսային ձևակերպումներ և բացթողնվեն անցման կետի տարածքից։ -ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից։
«Մաքսային գործառնությունների նկատմամբ իրականացվող մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես վերջին շրջանում, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների և բեռնատար տրանսպորտային միջոցների փոխադրողների (վարորդների) կողմից մաքսային ձևակերպումների համար երբեմն ներկայացվում են թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթեր»,– նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Կոմիտեից հիշեցնում են, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է 1 ժամվա ընթացքում մաքսային մարմնին ծանուցել ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների ժամանման մասին՝ ներկայացնելով Օրենսգրքի 89-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները։ Բացի այդ, փոխադրողը կամ Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված այլ անձինք ժամանման մասին ծանուցման պահից սկսած՝ 3 ժամվա ընթացքում պարտավոր են կատարել համապատասխան մաքսային գործառնություններից որևէ մեկը․
- Ապրանքները հանձել ժամանակավոր պահպանման
- Լրացնել մաքսային հայտարարագիր
- Միության մաքսային տարածքից արտահանել ապրանքները։
Միաժամանակ, Օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված է, որ Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները, ի թիվս այլ փաստաթղթերի, ներառում են նաև տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր և փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր (ինվոյս, հաշիվ-ապրանքագիր և այլն)։ Հետևաբար, վերը ներկայացված մաքսային գործառնությունների իրականացման (ժամանակավոր պահպանման հանձնելու կամ մաքսային հայտարարագրի լրացման) համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները չներկայացնելու դեպքում՝ փոխադրողը կամ շահագրգիռ այլ անձինք նույն ժամանակահատվածում պետք է ձեռնարկեն միջոցներ՝ ապրանքների և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների Միության մաքսային տարածքից վերաարտահանման համար։
ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ ԻԻՀ-ում գրանցված (հաշվառված) բեռնատար տրանսպորտային միջոցների համար ՀՀ մուտք գործելիս ենթակա են վճարման ճանապարհային և բնապահպանական հարկեր։

























































































































































































































































































































































































































