Հաշված օրեր են մնացել այն ժամկետից, որ կառավարությունը պետք է բանակցություններ սկսի, լիցենզիայից զրկելուց հետո, ՀԷՑ-ի ակտիվները գնելու վերաբերյալ։ Տրված եռամսյա ժամկետը լրանում է փետրվարի 18-ին, բայց բանակցություններ, որպես այդպիսին, չեն էլ սկսվել։
Բանակցություններ սկսելու փոխարեն՝ կառավարությունը զբաղված է ՀԷՑ-ի գնահատմամբ։ Գնահատումից հետո միայն պարզ կլինի, թե իշխանություններն ինչ գին են պատրաստվում առաջարկել Սամվել Կարապետյանին՝ ՀԷՑ-ը խլելու դիմաց։ Մի բան ակնհայտ է, որ գնահատման փուլում փորձում են ամեն ինչ անել հնարավոր ցածր գին ստանալու ու սեփականատիրոջ ունեցվածքը «ջրի գնով» իրենցով անելու համար։
«Այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում, եթե այն հասանելի կլինի ՀՀ պետական բյուջեի համար, ապա ՀԷՑ-ն ամբողջությամբ կպետականացվի և կհանձնվի հավատարմագրված կառավարման»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Թե ո՞վ է իրականացնում ՀԷՑ-ի «շուկայական արժեքի» գնահատումը, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչներն այս գործընթացում ներգրավված չեն ու տեղյակ չեն, թե ինչպես է իրականացվում գնահատումը։ Բայց պարզ է, որ գնահատող ընկերության ընտրությունը կարևոր դեր ունի այս ամբողջ պրոցեսում։ ՀԷՑ-ի շուկայական արժեքի որոշումը մեծապես կախված է նրանից, թե ով կիրականացնի գնահատումը։
Հաշվի առնելով ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հնչեղությունն ու միջազգային արբիտրաժային դատարանում ընթացող պրոցեսները, որոնց արդյունքում վաղը Հայաստանը կարող է կանգնել ֆինանսական լուրջ փոխհատուցում վճարելու փաստի առաջ, ենթադրվում է, որ դա պետք է անի միջազգային որևէ հեղինակավոր ընկերություն։ Այսքան անօրինականություններից, սեփականության իրավունքի բացահայտ ոտնահարումից ու քաղաքական բռնաճնշումներից հետո, գոնե անաչառ գնահատողի առկայությունը շատ կարևոր է հետագա դատական պրոցեսներում։ Բայց այս ընթացքում որևէ այդպիսի ընկերության անուն չի շրջանառվել։ Չի բացառվում, որ անկախ գնահատողի ֆունկցիան էլ են իրենք ստանձնել կամ վստահել են այնպիսի մի ընկերության, որը ցանկալի գին կորոշի՝ շուկայականի անվան տակ։
Վաղուց արդեն նորություն չէ, որ ամեն ինչ անում են ՀԷՑ-ը վարկաբեկելու միջոցով գինը գցելու համար։ Այդ նպատակով զրկեցին լիցենզիայից, հայտարարություններ են անում ընկերության տեխնիկական, ֆինանսական վատ վիճակի վերաբերյալ, կոռուպցիայի ու փողերի լվացման մեջ են մեղադրում։ Ու այդ ամենը՝ զուտ նրա համար, որ գինն իջեցնեն։
«Որոշակի տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակն այնքան վատ է, շուկայական արժեքն այնքան ցածր է, որ կարելի է կառավարությունից որոշակի գումար հատկացնել և այն ազգայնացնել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Դժվար չէ հասկանալ, թե ովքեր են այդ տեղեկությունները շրջանառողները։ Իրենք շրջանառում են, իրենք էլ փորձում են հավատացնել, թե այդպես է։
Մի ընկերության ֆինանսական վատ վիճակի մասին են խոսում, որն ամեն տարի միազգային աուդիտ է անցել ու ստացել աուդիտի դրական եզրակացություն։
Դեռ չհաշված, որ մինչև կառավարության ներկայացուցչի կողմից ՀԷՑ-ի կառավարման ստանձնումն ունեցել է միջազգային վարկանշային ընկերության կողմից տրված ավելի բարձր վարկանիշ, քան երկիրը։ Ու այդքանից հետո, տպավորություն են ուզում ստեղծել, թե ընկերության կառավարումը խլելուց հետո, կառավարման արդյունավետությունը բարելավվել է, թափանցիկությունն «էականորեն» բարձրացել է։ Մոռանում են, որ կառավարության կողմից ՀԷՑ-ի կառավարումը խլելուց հետո միջազգային վարկանշային ընկերությունը նվազեցրեց նախկինում տրված վարկանիշը։
Կառավարության կողմից ՀԷՑ-ի կառավարման արդյունավետության բարելավումը երևաց այն ժամանակ, երբ անցած տարվա վերջին տասնյակ-հազարավոր ընտանիքներ մի քանի օր անընդմեջ զրկված էին հոսանքից։
Հավանաբար «կառավարման արդյունավետության բարելավման» արդյունքում է նաև, որ ամեն օր հազարավոր սպառողներ, ամբողջական թաղամասերով ու բնակավայրերով, բախվում են հոսքազրկումների հետ։ Որ իշխանությունները դա չնկատելու են տալիս, կարծում են, թե ցանցերի կառավարման արդյունավետությունը բարելավվել է։
Թափանցիկության մասին նույնիսկ ավելորդ է խոսելը։ Վերջին շրջանում շատ հաճախ են հնչում դժգոհություններ՝ սպառողների հաշիվներին անհամեմատ մեծ գումարի ծախսեր ներկայացնելու վերաբերյալ։
Բայց, բնականաբար, այսպիսի «մանրուքները» կառավարությունը չնկատելու է տալիս։ Որոշել են, որ անկախ ամեն ինչից՝ խլելու են ՀԷՑ-ը, ու արդեն 7 ամիս է, ամեն ինչ անում են դրա համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հնձնաժողովով, իրավապահներով, դատարաններով լծվել են Նիկոլ Փաշինյանի հիվանդագին մտասևեռումներն արդարացնելու ու ակնհայտ քաղաքական մոտիվներով սկսած հակաօրինական, հակապետական գործընթացները մինչև վերջ հասցնելու գործին։
Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ այս ամենին զուգահեռ՝ դատարանում «Տաշիր Կապիտալի» կողմից ՀԾԿՀ դեմ քննվող գործի շրջանակներում, որով պահանջում են վերականգնել ընկերության գործունեության լիցենզիան, սեփական իրավունքները պաշտպանելու համար ոչ մի հնարավորություն չեն թողնում։ Ամեն հասարակ գործով հայցի ապահովման միջոց են կիրառում, սեփականատիրոջից Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի կառավարումը վերցրել են, հիմա էլ պատրաստվում են գույքը խլել, չեն ուզում հայցի ապահովման միջոց կիրառել ու արգելել կառավարությանը դրա նկատմամբ որևէ գործողություն իրականացնել՝ մինչև դատարանի որոշումը։
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ՀԷՑ-ը պետք է «պետականացնել», խլել սեփականատիրոջից, ՀԾԿՀ-ն էլ, իրավապահներն էլ, դատարաններն էլ, բոլորը՝ մեկ մարդու նման, ամեն ինչ անում են դրա համար։
Վաղուց արդեն պարզ է, որ որևէ պետական կառույց համարձակություն չունի դեմ գնալու Նիկոլ Փաշինյանի որոշումներին, որքան էլ դրանք իրավունքից ու օրինականությունից դուրս լինեն։ Ժամանակին մեկն էլ միամտաբար համարձակվել էր ի պաշտոնե ասել, որ ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրի որոշումը ենթակա է պարտադիր կատարման։ Մեկ օր հետո հեռացվեց աշխատանքից։
Այն, ինչ հայտնի դեպքերից հետո տեղի է ունենում ՀԷՑ-ի շուրջ, ոչնչից զարմանալու տեղ չի թողել։ Անկախ նրանից, թե գնահատման արդյունքում ի՞նչ գին կորոշվի ու ի՞նչ գին կառաջարկվի սեփականատիրոջը, այլևս պարզ է, որ ՀԷՑ-ի ճակատագիրը որոշվելու է միջազգային արբիտրաժային դատարանում, որտեղ, Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների պատճառով, պետության վրա մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտավորություն կարող է կախվել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ


























































































































































































































































































































































































































































































