Los Angeles Times-ի անդրադարձը «Մայլեռ Մաունթին Ռեզորթին»՝ որպես Հայաստանի ամենամեծ ներդրումային նախագիծ

Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը հրապարակել է Հայաստանին նվիրված հատուկ թողարկում, որը միջազգային լսարանին է ներկայացնում երկրի տնտեսական միջավայրը, ներդրումային հնարավորությունները և զարգացման հիմնական ուղղությունները։

Պարբերականը հատուկ անդրադարձ է կատարել նաև «Մայլեռ» լեռնադահուկային համալիրին, «Միկշին» ընկերության և դրա հիմնադիր Տիգրան Հարությունյանին, ում նախագծերի շնորհիվ Հայաստանն այժմ վերադիրքավորվում է որպես տարածաշրջանային մրցունակ կենտրոն, ուր միավորվում են տուրիզմը, անշարժ գույքի շուկան և բարձրակարգ կյանքի ոճը։

Անձնական երազանքից՝ խոշոր ներդրումային նախագիծ

«Դեռ 90-ականներին, երբ ենթակառուցվածքները դեռևս խորհրդային միության ժառանգությունն էին, Հարությունյանն Արագածի լանջերին բացահայտել էր դահուկասպորտը։ Այդ վաղ փորձառությունից ձևավորվեց երկարաժամկետ տեսլական, որը տարիներ անց, միջազգային փորձի ներգրավմամբ, կյանքի կոչվեց» – նշում է Los Angeles Times-ը՝ ներկայացնելով «Մայլեռի» ստեղծման պատմությունը։

«Մայլեռ Մաունթին Ռեզորթի» տարածքի ընտրությունը պատահական չէր․ Տիգրան Հարությունյանն ու թիմը՝ լեռնադահուկային հանգստավայրերի նախագծմամբ զբաղվող Կանադական Ecosign ընկերության հետ համագործակցությամբ երկրի տարբեր տարածքներում խորը ուսումնասիրություններ էին իրականացրել։

«Ձմռանը բազմաթիվ վայրեր այցելելուց և հետազոտություններ իրականացնելուց հետո մենք ընտրեցինք «Մայլեռի» ներկայիս տարածքը՝ իր բացառիկ առավելություններով» – պարբերականի հետ հարցազրույցում նշել է Հարությունյանը։ Այն մոտ է Երևանին, ունի զգալի բարձրություն և բավականաչափ ջրային ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս արհեստական ձնագոյացում իրականացնել։

Ենթակառուցվածքներ և ներդրումային հեռանկարներ

«Մայլեռ Մաունթին Ռեզորթն» այսօր 1,3 միլիարդ դոլար արժողությամբ բազմափուլ ներդրումային նախագիծ է։ Այն իր տեսակի մեջ խոշորագույնն է Հայաստանում։

Համալիրն այժմ առաջարկում է ավելի քան 21 կիլոմետր (13 մղոն) երկարությամբ սահուղիներ, որոնք ապագայում դառնալու են ավելի քան 100 կիլոմետր (60 մղոն)՝ դասելով Մայլեռը տարածաշրջանի խոշորագույն դահուկային ուղղությունների շարքին: «Մայլեռ Մաունթին Ռեզորթում» գործում են 6 ռեստորաններ, ավստրիական «Doppelmayr» ընկերության նախագծած ճոպանուղիներ, շալեներ, սպա կենտրոն, դահուկային և սնոուբորդինգի դպրոց և վարձակալության ծառայություններ: «Գիշերակացի հնարավորություններն այս պահին սահմանափակ են։ Սա նշանակում է, որ ներդրողների համար հյուրանոցներ կառուցելու մեծ հեռանկարներ կան», – շեշտել է Հարությունյանը՝ ընդգծելով նախագծի բաց և գործընկերության վրա հիմնված մոդելը:

Համալիրի տարածքը Կառավարության կողմից ստացել է ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կարգավիճակ, իսկ «Մայլեռը» ճանաչվել է ԱՏԳ կազմակերպիչ՝ առաջարկելով մինչև 20 տարվա հարկային արտոնություններ, ինչը նախագիծը ներդրումային առումով էլ ավելի գրավիչ է դարձնում։

Քաղաքային զարգացում և ժամանակակից ապրելակերպ

Զբոսաշրջությունից բացի, պարբերականն անդրադարձել է նաև «Միկշին» ՍՊԸ-ին։ Վերջինս իր բազմաֆունկցիոնալ «Երազ» բնակելի թաղամասով Երևանում ժամանակակից քաղաքային կյանք է ձևավորում։ Հարությունյանը Երևանը նկարագրում է որպես «հարմարավետ և հասանելի ապրելակերպ թելադրող մեծ ու անվտանգ քաղաք», որն աստիճանաբար էլ ավելի գրավիչ ուղղություն է դառնում ներդրողների համար:

Հեղինակավոր ամսագրին տրված Հարությունյանի հարցազրույցը եզրափակվել է Սփյուռքին ուղղված ուղերձով․ «Մայլեռ Մաունթին Ռեզորթը» միայն մասշտաբի և ներդրումային եկամտաբերության մասին չէ․ այն նաև երկարաժամկետ նպատակ ունի։

«Սա Հայաստանի ամենամեծ ներդրումային նախագիծն է։ Բացի իր մասշտաբային լինելը՝ Մայլեռն ապրելակերպի, ընտանեկան ժամանցի և հիշողություններ ստեղծելու մասին է»- նշել է Տիգրան Հարությունյանը և հավելել, որ Հայաստանի խաղաղության և վստահության նոր փուլում համալիրը գործընկերներին հրավիրում է ներդրում կատարել ոչ միայն ենթակառուցվածքներում, այլև համատեղ առաջընթացի և զարգացման մեջ։