ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Սահակ Մանուկյանը , որ իրենից անկախ պատճառներով՝ այլեւս չի կարող դասավանդել ԵՊՀ-ում։ Նրա ձեւակերպմամբ, դասախոսության ժամանակ իր բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորն իրեն ազատել է աշխատանքից։

Aravot.am-ի հետ զրույցում Սահակ Մանուկյանը որոշ փակագծեր «բացեց». «Այս պրոցեսը տեղի է ունեցել սարսափելի արագ տեմպերով, անհասկանալի, ինձանից բացատրություն չեն պահանջել, ընդամենը հրավիրել են դեկանատ, որտեղ ներկա են եղել ամբիոնի վարիչը, դեկանը, ինձ ցույց են տվել առանց իմ թույլտվության եւ առանց իմ գիտության արված նկար: Մի ուսանողուհի համարձակվել է իմ դասի ժամանակ ինձ նկարել եւ ինձանից թույլտվություն չի հարցրել դրա համար: Նա նկարել է ինձ՝ դասախոսության ժամանակ իմ բացատրած օրինակն է նկարել, ներկայացրել համատեքստից կտրված: Իսկ օրինակս բխել է իրական քրեական եւ քաղաքացիական գործից»:

Մեր զրուցակիցը հավելում է. «Երբ բացատրում էի հարցաշարի հերթական հարցը՝ դեմոկրատական քաղաքական ռեժիմը, հասել էինք դրա հատկանիշներից խոսքի ազատությանը: Ուսանողներիս ասացի, որ թեկուզ դեմոկրատիայի պայմաններում խոսքի ազատությունը չի կարող կրել բացարձակ բնույթ, այն ունի սահմանափակումներ, երբ ուրիշի անձն ու արժանապատվությունն է սկսում շոշափել, այդ դեպքում կարող է լինել քրեական կամ քաղաքացիական պատասխանատվություն:

Ես գրատախտակին գրում եմ խոսքի ազատություն, իր երկու սահմանափակումները, որոնք են՝ վիրավորանքն ու զրպարտությունը: Ընդ որում, սկսում եմ ոչ թե բաներ հորինել, այլ օրինակներ եմ ներկայացնում իմ պրակտիկ գործունեությունից, իմ տարած գործերից, որոնց մանրամասնություններին քաջատեղյակ եմ: Ասացի, որ այդ նույն բանը հանդիպում է նաեւ «Սկոտչ եւ վիսկի» ֆիլմում: Հարցրի՝ հիշո՞ւմ եք: Երեխեքն ինձանից արագ պատասխանեցին, որ հիշում են: Ես այդ բառը գրում եմ գրատախտակին, հարցնում եմ՝ ինչ եք կարծում, երբ մեկը ինչ-որ մեկին այս բառն ասում է, խոսքի ազատության սահմանափակո՞ւմ է, թե ոչ…Ես 50 րոպե դասախոսություն կարդացի, որպեսզի բացատրեմ թեման՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բերելով օրինակներ»:

Սահակ Մանուկյանը նշում է, որ ուսանողին նկարել ու համատեքստից կտրված այդ ամենը ներկայացրել է ոչ թե իր անմիջական ղեկավարներին՝ դեկանին եւ ամբիոնի վարիչին, այլ համալսարանի ռեկտորին: Դրանից հետո, իր հետ որեւէ հարց ու պատասխան չի եղել: «Ես անակնկալ ստանում եմ իմ ազատման հրամանը, ամենախիստ կարգապահական պատասխանատվության տեսակն են կիրառում իմ նկատմամբ՝ դասախոսության ժամանակ իրական դեպքի հետ կապված օրինակ բերելու համար»,-ասում է ԵՊՀ դասախոսը:

Նշենք, որ կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրել նաեւ ԵՊՀ-ից: Բուհից փոխանցեցին, որ ռեկտորը գործուղման մեջ է, բայց կփորձեն կապվել եւ մանրամասներ ճշտել: ԵՊՀ պարզաբանումը ստանալուն պես կհրապարակենք:

Սահակ Մանուկյանի հարցազրույցի այլ մանրամասներ՝ առաջիկայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ