Անգլիացի ականավոր դերասան Էդմունդ Քինը, որը հեղափոխություն է արել թատերական աշխարհում՝ բոլորովին այլ տեսանկյունից մեկնաբանելով շեքսպիրյան հերոսներին, անձնական հմայքի ու կնամեծարության շնորհիվ գերել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, կենդանացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։

Գրիգորի Գորինի մեկնությամբ «Քին» պիեսն այնքան է տպավորել ռեժիսոր, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանին, որ վերջինս այն հանդիսատեսին է ներկայացնում՝ պահպանելով 19-րդ դարի պալատական ու բոհեմական կյանքին հատուկ փայլն ու շքեղությունը։

Դրամատիկական թատրոնի խաղացանկում իր ուրույն տեղը գտած ներկայացման մեջ զբաղված են Լիդիա Գրիգորյանը, Լևոն Հախվերդյանը, Մարիամ Ադամյանը, Նարինե Պետրոսյանը, Վլադիմիր Մսրյան կրտսերը և այլք: Քինին մարմնավորում է Հրաչյա Հարությունյանը։ Բեմադրությունը դիտելիս նկատում ես, որ Հարությունյանի և Քինի միջև որոշ զուգահեռներ են անցկացված։

-ի թղթակցի հետ զրույցում դերասաններն ընդգծում են՝ «Քին»-ն այն ներկայացումներից է, որին կարոտել էին թե՛ արտիստները, թե՛ հանդիսատեսը։

Լիդիա Գրիգորյանը կերտել է Էդմունդ Քինի կնոջ՝ Աննա Դեմբիի դերը։ Յուրաքանչյուր նյութի, կերպարի վրա աշխատելիս Գրիգորյանը փորձում է հնարավորինս շատ բան իմանալ հերոսների ճակատագրերի, տվյալ ժամանակաշրջանի մասին։ Նա հիշեցնում է՝ Քինին անդրադարձել են Դյուման, Սարտրը և այլք։ Հենց այդ հեղինակներից ոգեշնչվելով է դրամատուրգ Գրիգորի Գորինը գրել պիեսը։

Նրա խոսքով՝ Քինը լայն ճանաչում է գտել շեքսպիրյան ողբերգական դերերով՝ Օթելլո, Համլետ, Ռիչարդ III և այլն։ «Այդ ժամանակաշրջանում նա դերասանի վարպետության նոր որակներ է առաջ բերել ու գերել հանդիսատեսին։ Լինելով սկանդալային դեմք, ապրելով ինտրիգային կյանքով՝ Քինը մեծ համակրանք է վայելել կանանց շրջանում թե՛ որպես դերասան, թե՛ որպես տղամարդ։ Ասում են՝ բեմից մենախոսությունները կոնկրետ մարդկանց է ուղղել»,-պատմում է Լիդիան։

Ըստ նրա՝ պիեսն ասես այն դերասանի համար է, որը պետք է բեմ բարձրանա և ներկայացնի տարիների ընթացքում կուտակած դերասանական հմտություններն ու վարպետությունը։

Էդմունդ Քինն Աննա Դեմբիի հետ ծանոթանում է Դրուրի Լեյն թատրոնում։ Քինը կարծում է, թե Աննան իր երկրպագուն է, հետո հասկանում է, որ երիտասարդ աղջիկը մեծ բեմեր նվաճելու ցանկությունից է հայտնվել թատրոնում։ Նրա երիտասարդությամբ և գեղեցկությամբ հմայված՝ Քինը Դեմբիին թատրոնում մնալու և խաղալու հնարավորություն է ընձեռում։ Հետագայում նրանք երկու որդի են ունենում, որոնցից մեկը վաղ հասակում է մահանում, մյուս որդու հետ Քինը թատրոնում է խաղացել։

Ըստ մեր օրեր հասած տեղեկությունների՝ «Օթելլո» ներկայացման ժամանակ Քինը մարմնավորել է Օթելլոյին, իսկ որդին՝ Չարլզը, Յագոյին։ Հենց այդ ներկայացման ընթացքում է Քինի ինքնազգացողությունը վատացել, ինչից մի քանի օր անց նա մահացել է։

«Քին» ներկայացման մեջ Չարլզի դերում Լիդիա Գրիգորյանի որդին է՝ Էդուարդ Մկրտչյանը։ Նա արդեն իսկ փոքր դերակատարումներով հանդես եկել է «Փարիզյան դատավճիռ», «Լորենցաչչո» ներկայացումներում։

«Իրականում Էդուարդը չի ցանկանում դերասան դառնալ. տարված է ֆուտբոլով։ «Լորենցաչչո» ներկայացման մեջ մի պահ, երբ երկուսս էլ բեմում էինք, զգացի, որ այնքան եմ հուզվում նրա խաղի համար, որ արմունկներս սեղմվում են։ Դա նաև հանդիսատեսն էր զգացել։ Այժմ ավելի հմտացել է, սակայն թող ինքնուրույն որոշի, թե ինչ մասնագիտություն է ուզում ստանալ»,-ասում է Լիդիան։

Վերադառնալով Դեմբիին՝ դերասանուհին խոստովանում է՝ այդ դերն իրեն ուղղակի անհրաժեշտ էր։ Ավելի քան մեկ տարի Գրիգորյանը Դրամատիկական թատրոնում կերտում է Համլետի կերպարը, որը նրա վրա մեծ ազդեցություն ունի։

«Համլետից հետո սա իմ երկրորդ դերն է։ Ինձ հարկավոր էր «հետ գալ»։ Այս կերպարով փորձեցի հավաքվել։ Սա ինձ պետք էր, որպեսզի ամբողջովին Համլետի ստրուկը չդառնայի»,-ասում է դերասանուհին։

Էդմունդ Քինը հումանիստ դերասան է համարվել ու ձգտել է ստեղծել բարոյական բարձր արժեքներով կերպարներ։ Օթելլոյի դերում շեշտել է տանջանքի խորությունը, Համլետի կերպարում՝ բողոքը ստի և երեսպաշտության դեմ։ Հավանաբար հենց այդ յուրահատուկ մոտեցումների շնորհիվ է դարձել Ուելսի արքայազնի կուռքը։

Ներկայացման մեջ արքայազնի դերում Լևոն Հախվերդյանն է։ Մինչ բեմ բարձրանալը նա բավականին լարված էր։ Ասում է՝ մնաց հինգ րոպե մինչև աղետն ու խոստովանում՝ բեմում ամեն բան փոխվում է։

«Այս ներկայացումը Դրամատիկական թատրոնի ակունքներին մոտ բեմադրություններից է։ Հանդիսատեսը կարոտել էր նման թատերական լուծումներով ներկայացումները՝ սկսած կոստյումներից, ավարտած խաղով։ Որքան մանրակրկիտ աշխատել ենք կերպարների արտաքին տեսքի, նույնքան մանրակրկիտ աշխատել ենք ապրումների, զգացողությունների վրա»,-ասում է Հախվերդյանը։

Նա երրորդ անգամ է համագործակցում Հրաչյա Հարությունյանի հետ: Ավելի վաղ խաղացել է ռեժիսորի «Վերջին ծաղրածուն», «Օրնիֆլ» ներկայացումներում։ Հաճախ է ասում, որ Հարությունյանի բեմական որդին է, որովհետև երկու ներկայացումներում էլ Հարությունյանի կերտած կերպարների որդիների դերերում է։ «Երկար ժամանակ չգիտեինք, թե ով է լինելու արքայազնի դերում։ Այս դերն իսկապես նվեր է, և Հրաչյա Հարությունյանն այդ նվերն ինձ տվեց, ես այն մեծ պատասխանատվությամբ վերցրի»,-ընդգծում է դերասանն ու հավելում՝ այն ազդեցությունը, որը Հարությունյանն ունի Լևոն Հախվերդյանի վրա, Քինն ունի Ուելսի արքայազնի վրա։

Շքեղ կոստյումներով, գեղեցիկ բեմադրական ու նկարչական լուծումներով, հետաքրքիր դերասանական խաղով ներկայացումն ամբողջական է դառնում նաև այն կերպարների շնորհիվ, որոնց դժվար է առաջնային համարել, սակայն առանց որոնց անհնար է պատկերացում կազմել դարաշրջանի առանձնահատկությունների մասին։

Այդ կերպարներից մեկը կոմսուհին է, որի դերում Մարիամ Ադամյանն է։ Նա վստահեցնում է՝ «Քին»-ի շնորհիվ հանդիսատեսը գեղագիտական հաճույք կստանա և կլուսավորվի, քանի որ այն, ինչ գեղեցիկ է, լուսավորում է հոգին։

«Դժվար է օբյեկտիվ լինել աշխատանքի հանդեպ, որն անում ես, որովհետև երեխայի պես սիրում ու փայփայում ես այն։ Ցանկացած դերակատարում թանկ է, այս ներկայացումը՝ առավել, որովհետև այս շքեղությունը, հագուստները, բեմը նոր են ինձ համար»,-ընդգծում է դերասանուհին։

Ըստ նրա՝ կոմսուհին տարբեր գույներ ունի, ծայրահեղությունների մեջ է, աշխույժ է, կտրուկ է. լուրջ դերակատարություն չունի Էդմունդ Քինի կյանքում, սակայն հստակ ընդգծում է դարաշրջանի բարքերը։

«Բոլոր ժամանակներում մարդը նույնն է. հագուստը, արտահայտչամիջոցներն են փոխվել։ Եթե ժամանակի կախարդական մեքենա լիներ ու ես և նախորդ դարերից որևէ կին հանդիպեինք, տասը րոպե զրուցելուց հետո կհասկանայինք, որ մարդը միշտ նույնն է՝ զգացմունքները, ցանկությունները, սիրելու կարողությունը, սիրված լինելու և կատարելության ձգտումը։ Դասական հեղինակներից լավ ոչ ոք ոչ մի բանի մասին չի կարող ավելի լավ խոսել»,-նշում է Ադամյանը։

Էդմունդ Քինն իր դերասանական յուրահատուկ ձեռագրով մնացել է անգլիական թատրոնի պատմության էջերում։ Այդ է փաստում նաև նրան նվիրված երևանյան ներկայացումը։ Ապրելով իրադարձություններով հարուստ ժամանակներում, լինելով ուշադրության կենտրոնում, դժվար է ասել, որ Քինը երջանիկ է եղել։ Նրա աղմկահարույց անձնական կյանքի պատճառով հանրությունը սկսել է բացասաբար մոտենալ նրան։ Քինին արգելել են գլխավորել Դրուրի Լեյնը։ ԱՄՆ-ի հյուրախաղերից հետո նա գրեթե բեմ չի բարձրացել։