Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, Արտաշատի արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը մանրամասներ է ներկայացրել Արտաշատում շարունակվող պեղումներից, որոնց արդյունքում հայտնաբերվել է 4-րդ դարի առաջին երեսունամյակին թվագրվող եկեղեցին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զարդարյանը նշել է, որ հայտնագործությունն իրականացրել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների համատեղ արշավախումբը:

Եկեղեցին գտնվում է քաղաքի 17-րդ բլրի արևելյան լանջին և զբաղեցնում է մոտ 1000 քառակուսի մետր տարածք:

Հնագետի խոսքով՝ հայտնաբերված կառույցը բացառիկ է իր ճարտարապետական լուծումներով. այն առաջինն է Հայաստանում՝չորս խաչաձև ելուստներով:

Զարդարյանն ընդգծում է, որ այս տիպի եկեղեցիներ մեր տարածաշրջանում մինչև այժմ հայտնի չեն եղել, սակայն նման օրինակներ հայտնի են Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ նման կառույցներն ի հայտ են գալիս հենց մեր թվարկության 4-րդ դարից սկսած:

«Վաղագույն եկեղեցու ժամանակագրությունը հաստատվել է հնագիտական ուսումնասիրությունների և ռադիոկարբոնային անալիզների միջոցով։ Կառույցը թվագրվում է 4-րդ դարի առաջին երեսունամյակին և դասվում է Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3-րդ թագավորի օրոք կառուցված վաղագույն եկեղեցիների շարքին»,-ասաց նա:

Պեղումները Հին Արտաշատում շարունակվում են արդեն երկու տարի: Աշխատանքները իրականացվում են ավանդական հնագիտական մեթոդների և ժամանակակից գեոֆիզիկական հետախուզության զուգակցմամբ, ինչը թույլ է տալիս նախապես ուրվագծել դեռևս չբացահայտված հատվածները:

«Մինչ այժմ ուսումնասիրվել են չորս ելուստներից երեքը, իսկ չորրորդի ուրվագիծը հայտնի է գեոֆիզիկական տվյալների շնորհիվ: Կենտրոնական հատվածի ուսումնասիրությունները վկայում են, որ եկեղեցին եղել է կղմինդրածածկ, ինչը բնորոշ է անտիկ դարաշրջանի ճարտարապետական կառույցներին և հազվադեպ է հանդիպում հայկական վաղ եկեղեցաշինության մեջ»,-նշեց Մկրտիչ Զարդարյանը:

Եկեղեցին կառուցված է քարով և սվաղված սպիտակ կրասվաղով: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ մարմարե սալիկներ, որոնց անալիտիկ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք բերվել են Փոքր Ասիայի Դոգիմենյան քարհանքերից: Այս հանգամանքը վկայում է Արտաշատի՝որպես անտիկ դարաշրջանի խոշոր կենտրոնի, լայն միջազգային կապերի մասին:

«Արտաշատ մայրաքաղաքը զբաղեցրել է առնվազն 700 հեկտար տարածք և իրավամբ համարվում է անտիկ դարաշրջանի մեգապոլիսներից մեկը: Քաղաքը բաժանված է վերին և ստորին հատվածների: Վերին քաղաքը տեղակայված է Խոր Վիրապի 18 բլուրների վրա, որոնցից մինչ օրս պեղվել է ընդամենը երեքը: Վերջին տարիներին քաղաքում իրականացվել են նաև գեոֆիզիկական հետազոտություններ՝ 60 հեկտար տարածքում»,- ասաց արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը:

Մասնագետների գնահատմամբ՝ այդ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալները շլացուցիչ են և վկայում են ապագա մեծ բացահայտումների մասին: Գեոֆիզիկական հետախուզությունը թույլ է տալիս պատկերացում կազմել ստորգետնյա կառուցվածքների մասին դեռևս մինչ դրանց հնագիտական վերհանումը,սակայն վերջնական արդյունքը հնարավոր կլինի միայն ժամանակատար և մանրակրկիտ պեղումների միջոցով:

Բուն պեղումները իրականացվում են տարաբնույթ հնագիտական մեթոդներով, իսկ տեխնոլոգիական բաղադրիչը վերաբերում է հնագիտական նյութերի կամերալ ուսումնասիրությանը՝ կիրառելով բազմազան անալիտիկ միջոցներ: Ժամանակակից հնագիտությունը վաղուց այլևս սահմանափակված չէ միայն պեղումներով. այն ձեռք է բերել միջգիտական հետազոտությունների կարգավիճակ քիմիական, ֆիզիկական,գեոֆիզիկական և այլ հետազոտական մեթոդների ներգրավմամբ:

Պեղումները շարունակվում են նաև Արտաշատի գետամերձ թաղամասում՝ Արաքսի ափից մոտ 70 մետր հեռավորության վրա: Այստեղ հայտնաբերվել են բաղնիքներ խճանկարներ, որմնանկարներ և այլ եզակի գտածոներ, որոնք բացահայտում են քաղաքի կյանքը նոր տեսանկյունից:

Նախատեսվում է նաև պետական ծրագրի շրջանակում գետամերձ թաղամասի կոնսերվացիա և դրա ընդգրկում զբոսաշրջային շրջանառության մեջ:

«Հին Արտաշատում հայտնաբերված ութանկյուն եկեղեցին ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ քրիստոնեական աշխարհի վաղ շրջանի համար ունի բացառիկ արժեք: Նոր բացահայտումները հնարավորություն կտան ավելի ամբողջական պատկերացում կազմել Արտաշատի, Հայաստանի և տարածաշրջանի վաղ քրիստոնեական ճարտարապետության, հոգևոր կյանքի և քաղաքական պատմության մասին»,-եզրափակեց Մկրտիչ Զարդարյանը:

Լուսինե Ջալալյան