Երևանի Կապույտ մզկիթում հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյակի առթիվ տեղի ունեցավ բանաստեղծի հիշատակին նվիրված արարողությունը և «Չարենց-նամե» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը:
-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին իր ելույթում նշեց, որ Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունենում մի մարդու հիշատակին նվիրված միջոցառում, որը իր կյանքի ընթացքում բազմիցս իր բարությանն ու հոգատարությանն է արժանացրել տվյալ վայրը:

«Անկասկած, այսօր ևս մեծահոգի ու մարդասեր Եղիշե Չարենցի վեհ ոգին մեզ հետ է: Նա միայն հանճարեղ բանաստեղծ և գրող չէր։ Նա մեծ ու ազատատենչ մարդ էր՝ վեհ հոգով, և հենց այդ վեհ հոգին դարձավ նրա խոսքի ու պոեզիայի ներշնչման աղբյուրը։ Ինչպես նշված է «Չարենց- նամե» գրքում, որի շնորհանդեսը տեղի է ունենում այսօր, ներկայացված հատվածներում նկատում ենք, որ սիրելի և մեծ հայ բանաստեղծն իրեն համարում է Մակուից, անկեղծ սեր է տածում Իրանի մշակույթի ու գրականության նկատմամբ, ինչպես նաև այնպիսի բանաստեղծների, ինչպիսիք են Խայամը, Հաֆեզը և Ֆիրդուսին, և այնպիսի քաղաքների նկատմամբ, ինչպիսիք են Մակուն, Շիրազը և Թեհրանը։ Նա իր ստեղծագործություններում խոսում է Իրանի արևի մասին»,- հանդիսավորությամբ նշեց Շիրղոլամին։
Դեսպանի բնորոշմամբ՝ Չարենցի մաքուր զգացմունքներն ու հիացմունքի արժանի տաղանդը Իրանի նկատմամբ, որոնք միշտ ներկա են եղել նրա հոգում ու մտքում, բյուրեղանում են տարբեր տողերում, և նա սիրով ու հառաչանքով ողբում է բաժանումը Իրանից։

«Չարենցը հայ գրականության ամենալուսավոր աստղերից մեկն է, որի ստեղծագործությունները համեմատելի են Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի և Սիամանթոյի ստեղծագործությունների հետ: Հայ գրականությունն առանց Չարենցի պատկերացնելն անհնար է: Եղիշե Չարենցը ապրել է Հայաստանի ամենադժվար ու ամենամռայլ, ստալինյան ծանր տառապանքներով ու ճնշումներով լի ժամանակաշրջանում: Նա դարձել է այդ մռայլ ու տառապանքով լի դարաշրջանի զոհը, սակայն միշտ խոսել է պայծառ ապագայի և կյանքի հանդեպ հույսի մասին»,- նշեց դիվանագետը:
Շիրղոլամիի դիտարկմամբ՝ Չարենցի բնատուր տաղանդը, մեծ գրողների ստեղծագործությունների հանդեպ նրա ծարավը և ազատատենչ ոգին կերտել են բացառիկ անհատականություն, որպեսզի այն ժամանակներում, երբ ազատությունից խոսելը բարձր գին կարժենար, բարձրաձայներ հայերի և մարդկանց ազատության և իրավունքների մասին, և իր ստեղծագործություններում առավել նրբանկատությամբ տվել է ստալինյան ծանր ու վախի մթնոլորտի բնութագիրը։
«Դրա համար նա վճարեց իր կյանքի գնով, կնոջ աքսորով և երեխաների հալածանքներով։ Չարենցին պետք է անվանել Հայաստանի արժանավոր զավակ, որի ստեղծագործությունները, հատկապես «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Կապուտաչյա հայրենիք», «Էպիկական լուսաբաց», «Երկիր Նաիրի» գրքերն այսօր ևս առաջնորդող և ոգեշնչող են։ Նա երբեք չի մոռանում Հայաստանը, Մոսկվայից գալիս է հայրենիք ու ասում. «Մեր նոր գրականությունը իր հասակը կառնի միայն այստեղ, ժողովրդի ծոցում»։ Բացի այն, որ Չարենցը սեր էր տածում և հետաքրքրություն էր ցուցաբերում Իրանի ու նրա մշակույթի նկատմամբ, կարևոր և նշանակալի դեր է ունեցել Երևանի Կապույտ մզկիթի պահպանման գործում»,- շեշտեց Շիրղոլամին:

Դեսպանը հիշեցրեց, որ սովետական տարիներին բազմաթիվ եկեղեցիներ ու մզկիթներ ավերվում էին, սակայն Չարենցը համարձակությամբ և նուրբ դատողությամբ կանխեց իրանական մշակութային կառույցի ավերումը։
«Ինչպես հայտնի է, ներկայում Իրանում որոշ մշակութային ու հնագիտական արժեքներ հայտնվել են հրթիռային հարձակման թիրախում, և այդ ոճրագործությունների նկատմամբ միջազգային հանրությունը լռություն է պահպանում։ Գնահատելով Եղիշե Չարենցի իրանասիրությունը՝ հաջորդ տարի, նրա 130-ամյակի առթիվ, Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ՝ Մակու քաղաքում և Սուրբ Թադևոսի վանքում կանցկացնենք հիշատակի միջոցառում և նրա 130 բանաստեղծությունները կթարգմանվեն պարսկերեն ու անգլերեն լեզուներով, կհրատարակվեն՝ հայերեն բնօրինակների հետ միասին, Չարենցի տուն-թանգարանի և Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ»,- նշեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը:
Ի դեպ, նախապես պլանավորված էր, որ միջոցառման ընթացքում մզկիթի բակում տեղի էր ունենալու իրանցի քանդակագործի կողմից պատրաստված Եղիշե Չարենցի կիսանդրիի տեղադրումն ու հանդիսավոր բացումը, սակայն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակման հետևանքով այդ կարևոր նախաձեռնությունը հետաձգվել է, և կիրականանա հարմար առիթի դեպքում:
Իր ելույթի վերջում դեսպան Շիրղոլամին շնորհակալություն հայտնեց վաստակաշատ հետազոտող և գրող, «Չարենց-նամե» գրքի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանին:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշեց, որ իրենք ի սկզբանե նպատակ են ունեցել մեծ բանաստեղծի ստեղծագործությունները հանրայնացնել տարբեր լեզուներով, հետևաբար վերջին տարիներին իրականացվեցին շատ թարգմանություններ։

«Այս անգամ ընտրեցինք պարսկերենը, թեև աշխատանքներն իրականացվել են նախորդ տարվանից, իսկ այս տարվա սկզբին գիրքը լույս ընծայվեց և հիմա ընթերցողի սեղանին է երկլեզու հրատարակությամբ։ Նպատակ ունենք իրանահայ համայնքին ևս հաղորդակից դարձնել Չարենցի գրական ժառանգությանը, այս դեպքում առայժմ միայն «Չարենց-նամե» պոեմի շրջանակում։ Հույս ունենք հետագայում ավելի շատ ստեղծագործություններ թարգմանել պարսկերենով։ Թարգմանությունը շատ կարևոր է գրողների գրական ժառանգության միջազգայնացման առումով, ուստի մենք ստանձնել ենք այդ առաքելությունը»,- ասաց Մանուկյանը։
Նա հավելեց, որ մեր օրերում դժվար է գտնել այնպիսի թարգմանիչների, ովքեր վստահ կլինեն, որ հավուր պատշաճի կթարգմանեն Չարենցի երկերը, որովհետև մեծ բանաստեղծի ստեղծագործություններում կան խոսքեր, որոնք դժվար է ստուգաբանել և ավելի մատչելի դարձնել օտարալեզու ընթերցողների համար։ Նա ուրախությամբ հայտնեց, որ համագործակցությունը փորձառու գրող, թարգմանիչ Ժորժ Աբրահամյանի հետ տվել է ցանկալի արդյունք։
«Չարենց-նամե» պոեմի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը իրանահայ է, ծնվել է Թեհրանում, 2004 թվականից բնակվում է Երևանում։ Նա ավարտել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետը, թարգմանել է Հաֆեզի, Ռումի գազելները, շուտով կհրատարակվի Խայամի ստեղծագործությունների հայերեն ժողովածուն։

«Մեր մեծ բանաստեղծի պոեմի անվանումը վկայում է այն մասին, որ նա ազդվել է իրանական «Շահ նամե» էպոսից։ Գիրքը շատ կարևոր է և անպայման պետք է թարգմանվեր պարսկերենով, որովհետև նրա հենց սկզբնամասում Չարենցը Խանի Մակուն համարում է հարազատ վայր։ Դա նշանակում է, որ Չարենցը մեծ սեր ու հարգանք է տածել Իրանի և նրա մշակույթի հանդեպ։ Չարենցը նաև մեծ գործ է կատարել՝ փրկելով Կապույտ մզկիթն ավերումից, քանի որ ժամանակին որոշում էր կայացվել տեղում գինու գործարան կառուցել։ Հատկապես իրանցիները, որոնք այցելում են այստեղ, իրենց երախտիքի խոսքն են ասում Չարենցի մասին և հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին»,- նշեց Աբրահամյանը։
Նրա կարծիքով՝ իրանցիները պետք է անմիջականորեն հաղորդակից լինեն հայ մեծ բանաստեղծի գրական ժառանգությանը, հետևաբար սույն թարգմանությունը մեծապես կծառայի այդ նպատակին։ Աբրահամյանը հայտնեց, որ կա նախնական պայմանավորվածություն Չարենցի մյուս ստեղծագործությունները թարգմանելու վերաբերյալ։
«Այս պոեմի ամբողջ թարգմանության ժամանակ իմ կողքին զգացել եմ Եղիշե Չարենցի ներկայությունը։ Պատկերացնում էի նրա ժպիտն ու երևակայում նրա հետ երկխոսությունը։ Կարծում եմ, որ նա շատ գոհ կլիներ այս նախաձեռնությունից։ Նրա գրքի շնորհիվ՝ իրանցիներն ավելի լավ կճանաչեն նրան։ Հուսով եմ, որ խաղաղություն կլինի, և պարսկերեն թարգմանված գրքի շնորհանդեսը կլինի նաև Իրանի Մակու քաղաքում։ Նման ծրագիր կա։ Գրականությունն, ինչ խոսք, յուրովի կամրապնդի հայերի ու իրանցիների դարավոր բարեկամությունը և ավելի կսերտացնի երկկողմ կապերը»,- եզրափակեց Աբրահամյանը։


















































































































































































































































































































































































































































































































































































































































