
Երևանյան միջազգային թատերական փառատոնը նոյեմբերի 19-ից 30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կհյուրընկալի հետաքրքիր թատերախմբերի ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից։
Հանդիսատեսը փառատոնային օրերին հնարավորություն կունենա վայելել «Սիրո նամակ Հայաստանին», «Լիր արքա», «Փոքրիկ ծառ-հսկան», «Քեռի Վանյա», «Փափլիկը», «Կարլ Մարքս. խոստովանություններ», «Պեպո», «Իմ սիրտը լեռներում է», «Մացառուտներ», IN C ներկայացումները։
-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր և նախագահ Վարդան Մկրտչյանն ասաց, որ փառատոնը կազմակերպում են պետական թատրոնի ռեսուրսներով։ «Հայկական թատրոնի միջազգայնացման գաղափարը պարզապես գաղափար չէ, այլ ամենօրյա հետևողական աշխատանք։ Սա նաև մտածողության փոփոխության է բերում. մենք բացում ենք մեր դարպասները, ընդունում ենք հյուրերի, աշխատում ենք նրանց հետ ու փորձում մերը փոխանցել նրանց»,-նշեց Մկրտչյանը։

Նա շեշտեց՝ հավատում են խաղաղության գաղափարին, որը փառատոնի առանցքում է, իսկ ստեղծարարությունը դրան հասնելու լավագույն եղանակն է։
Փառատոնի անցկացմանն աջակցում են մի շարք կառույցներ, որոնցից է Հայաստանում ԵՄ դեսպանությունը։ Դեսպան Վասիլիս Մարագոսը հիշեցրեց, որ թատրոնը ստեղծվել է անտիկ Հունաստանում, հնագույն քաղաքակրթությունում։ Նրա խոսքով՝ թատրոնի միջոցով նաև քաղաքական երկխոսություն է տեղի ունեցել։ Մարագոսն ընդգծեց, որ ուրախ են աջակցել փառատոնին թատրոնի միջոցով տարբեր ազգերի, լեզուների միջև կամուրջներ կառուցելու գործում։ «Երևանյան միջազգային թատերական փառատոնը բազմազանության, թատերական գործիչների և հանդիսատեսի միավորման ինքնատիպ հարթակ է և հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ իրար։ Հատկապես հրաշալի է, որ այն կարողանում է համադրել դասական և մոդեռն արվեստը»,-նշեց ԵՄ դեսպանն ու հավելեց՝ փառատոնի ծրագիրը հարուստ է ու հագեցած հրաշալի ներկայացումներով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փառատոնը կարևոր մշակութային իրադարձություն է համարում։ «Ստեղծարարությունն ու խաղաղությունը մեծ նշանակություն ունեն մեզ համար և շատ կարևոր է, որ գլխավոր թատրոնն է զարգացնում այդ օրակարգը։ Մշակույթի միջոցով այդ առանցքներին անդրադառնալն ուղերձ է մեր հասարակությանն ու միջազգային գործընկերներին, որ Հայաստանն իր ամբողջ ներուժով գնում է դեպի խաղաղություն»,-ասաց նա։
Դանիելյանը կարծում է՝ Երևանյան միջազգային փառատոնը ոչ միայն երաշխավորում է արտասահմանյան բարձրակարգ թատրոնների և արվեստագետների մուտքը Հայաստան և տեղի հանդիսատեսին հնարավորություն է տալիս դիտել յուրահատուկ ներկայացումներ, այլև նույն հարթակում հանդիպում է կազմակերպում տեղի և արտերկրի թատրոնների համար։ «Այս տարի չենք մոռացել մեր հարևաններին՝ Վրաստանին և Թուրքիային. Հայաստանը դառնում է մշակութային խաչմերուկ տարածաշրջանի համար»,-հավաստիացրեց նա և հավելեց՝ քննարկվում է փառատոնը մարզեր տանելու հարցը։

Հայաստանի Գյոթե ինստիտուտի դոկտոր Յան-Թագե Քյուհլինգը խոստովանեց, որ փառատոնը շատ մոտ է իր սրտին, և ինքը շատ բարձր է գնահատում այն։ «Թատրոնի կարևոր առաքելությունն այն է, որ արտիստները ոչ միայն ներկայացնում են իրենց արվեստը, այլև դերասաններն ու հանդիսատեսը նույն ժամանակում հայտնվում են նույն վայրում և տպավորիչ արվեստ են ստեղծում, էներգիաներով են փոխանակվում։ Ըստ իս՝ թատրոնը նոր համայնք է ձևավորում և հնարավորություն է տալիս հասկանալ, երևակայել, թե ինչպես կարող ենք համախմբվել»,-ասաց նա։

Հանդիպմանը ներկա էր նաև բեմադրիչ Ջոն Բլոնդելը, որն առաջին անգամ չէ համագործակցում փառատոնի և Սունդուկյանի անվան թատրոնի հետ։ Ավելի վաղ նա Հայաստանում բեմադրել է «Էվրիդիկե» ներկայացումը և ներկայացրել է «Քեռի Վանյա» բեմադրությունը, որն այս անգամ ևս բեմում կլինի։

Բեմադրիչը խոստովանեց, որ հրաշալի է «տուն» վերադառնալը։ «Կյանքիս վերջին վեց կամ յոթ տարվա ամենահետաքրքիր իրադարձությունները տեղի են ունեցել Հայաստանում՝ այս թատրոնում, և ես շատ ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ, որտեղ ինձ զգում եմ ինչպես տանը։ «Էվրիդիկե»-ն բեմադրել եմ 2021 թվականին, 2022-ին Վարդան Մկրտչյանի հետ բեմադրեցինք «Քեռի Վանյա»-ն, որում Մկրտչյանը Վանյայի դերում է, այնուհետև՝ «Լիր արքա»-ն, որը ժամեր առաջ խաղացել ենք արտերկրում կազմակերպված Շեքսպիրայն միջազգային փառատոնի շրջանակում»,-պատմեց նա։
Բլոնդելը շեշտեց, որ կարճ ժամանակում այդ երեք ներկայացումները մասնակցել են տասը փառատոնի Հայաստանում, ԱՄՆ-ում, Լեհաստանում և այլ երկրներում։ Ըստ նրա՝ թատրոնի հիմնական առարկան փոփոխությունն է։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես է ամեն բան փոխվում բեմում, և հանդիսատեսին հրավիրում ենք փոխելու իրենց սրտերը, որոշ հարցերում՝ գաղափարները, քարացած կարծրատիպերն ու մտքերը»,-նշեց Ջոն Բլոնդելը՝ նկատելով, որ Մայր թատրոնում ևս դրական փոփոխություններ են տեղի ունեցել. ստեղծվել են «Պաննո» և բացօթյա ներկայացումների հարթակները։
Փառատոնի մեկնարկը կտրվի նոյեմբերի 19-ին «Սիրո նամակ Հայաստանին» պատմասացությամբ և ցուցահանդեսով, որը լուսանկարների, խոսքի և երաժշտության միջոցով կներկայացնի Ուինսլոու Մարտինի քսանամյա ճամփորդական ուղին Հայաստանում։
Ներկայացման բեմադրիչը Րաֆֆի Նիզիբլյանն է, որն ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ում։ Նա հիշեցրեց, որ երկար տարիներ պարել է բեմում և մասնակցել բազմաթիվ փառատոնների, որոնցից մեկի շնորհիվ առաջին անգամ այցելել է Հայաստան, ուստի հասկանում է մշակութային հարթակի կարևորությունը միմյանց ճանաչելու և փորձի փոխանակման գործում։ Խոսելով փառատոնի թեմայի՝ խաղաղության մասին, նա ընդգծեց, որ խաղաղությունը չի պատահում, այն կառուցում են մարդիկ, պետությունները։

Փառատոնին «Քեռի Վանյա» և «Լիր արքա» ներկայացումներով հանդես կգա «Լիթ Մուն» թատերական ընկերությունն ԱՄՆ-ից։ Ծրագրում ընդգրկված է նաև յուրահատուկ ընտանեկան ներկայացում-աշխատարան՝ նախատեսված ութ տարեկանից բարձր բոլոր արվեստասերների համար։
Այս տարի փառատոնն ունի նաև հատուկ շեշտադրություն՝ նպատակ ունենալով երևանյան հանդիսատեսին հաղորդակից դարձնել Հայաստանից դուրս արարող հայկական թատրոններին՝ մասնավորապես Պետրոս Ադամյանի անվան Թիֆլիսի պետական հայկական դրամատիկական թատրոնին և Ստամբուլի «Յանկարծ» անկախ թատերախմբին։
Փառատոնը ներկայացնում է նաև ուրույն համագործակցային ծրագիր Հայաստանում Եվրոպական միության և Գյոթե ինստիտուտի հետ միասին։
Հայաստանաբնակ պարողները հնարավորություն կունենան աշխատել Sasha Waltz & Guests խմբի անդամ Դավիդե Դի Պրետորոյի հետ և երեքշաբաթյա փորձերից հետո պարային ներկայացմամբ հանդես գալ Սունդուկյանի անվան ազգային թատրոնում։
ԵՄԹՓ-ի շրջանակներում հանդես կգան նաև հայաստանյան թատրոններ՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։
ԵՄԹՓ-ը փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին։ Փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, հայ թատրոններին միջազգայնացման նոր ուղի հաղորդել, ինչպես նաև հնարավորություն ընձեռել մշակույթի մասնագետներին զարգացնել մասնագիտական ցանցը։


































































































































































































































































