
Հայաստանի կինոյի հիմնադրամը, որի համար 2025-ն անցումային էր, հասցրել է մի շարք բարեփոխումներ իրականացնել ոլորտում, որոնք ֆիլմարտադրողների առաջ նոր հեռանկարներ կբացեն. կինոռեեստրի ներդրում, ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմ, ձայնային լաբորատորիայի ստեղծում, ֆիլմերի թվայնացում և այլն։
Իրագործված և սպասվող ծրագրերի մասին -ի թղթակիցը զրուցել է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի հետ։

– Հայաստանի կինոյի հիմնադրամը մեծ դերակատարություն ունի հայկական կինոյի ստեղծման, պահպանման և տարածման գործում։ Այդ ուղղությամբ 2025-ին ի՞նչ կարևոր քայլեր են արվել։
– 2025 թվականը համարում եմ անցումային տարի ոչ միայն կառավարման ձևի փոփոխության, այլև մտածողության վերաձևավորման իմաստով։ 2024 թվականի վերջում պետական ոչ առևտրային կազմակերպությունից անցանք հիմնադրամի ձևաչափի։ Այդ անցումը կարող էր լինել ցնցումային, բայց մեզ համար սկզբունքային էր, որ այն տեղի ունենա թե՛ իրավական, թե՛ բովանդակային առումով սահուն և արժանապատիվ կերպով։ Այսօր կարող եմ ասել, որ մենք ոչ միայն անցանք այդ փուլը առանց կորուստների, այլ նաև կարողացանք հենց անցման տարում դնել զարգացման հիմքեր։
2025-ին մեզ հաջողվեց լիարժեք գործարկել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքից բխող կառավարության որոշումները։ Վարձույթի վկայականի համակարգը, կինոռեեստրի ներդրումը, ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը, և այս ամենը պարզապես վարչական քայլեր չեն. դրանք համակարգ են ձևավորում։ Այս ամբողջ գործընթացում ունեցել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև անձամբ նախարարի հստակ աջակցությունը։ Երբ գիտես, որ պետական մակարդակում կա քաղաքական կամք և վստահություն, կարողանում ես ավելի համարձակ առաջ շարժվել։
Հատկապես կարևոր եմ համարում ներդրումների մասնակի վերադարձի ծրագիրը։ Անկախությունից ի վեր սա կինեմատոգրաֆիայի ոլորտում իրականացվող երկրորդ ամենախոշոր պետական նախաձեռնությունն է։ Սա ազդակ է, որ պետությունը պատրաստ է ներդրում կատարել ստեղծարար ինդուստրիայում։ Ստեղծարար ոլորտը միշտ ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն։ Կինոն զարգացնելով՝ զարգացնում ենք կրթություն, զբոսաշրջություն, սպասարկման ոլորտ, տեխնոլոգիաներ։ Արդեն 2025 թվականին այս ծրագրի շրջանակում ունեինք ավելի քան տասը հայտ և հստակ միջազգային հետաքրքրություն։ Ծրագրի մասին գրեցին հեղինակավոր մասնագիտական պարբերականներ, և տեղեկատվությունը տարածվեց միջազգային կինոշուկայում։ Դա նշանակում է, որ Հայաստանը սկսել է ընկալվել որպես կանխատեսելի և մրցունակ գործընկեր։
Տնտեսական գործիքներից բացի մեզ համար կարևոր է նաև բովանդակությունը՝ նոր ազգային ֆիլմերի ստեղծումը։ Թեև 2025-ին իրականացվեց մեկ մրցույթ, այն բովանդակային առումով հագեցած էր։ Ներկայացված նախագծերը մրցունակ էին, հետաքրքիր և բազմաժանր։ Ֆինանսավորում ստացան կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն, վավերագրական և խաղարկային նախագծեր։ Սա նշանակում է, որ ոլորտում կա ստեղծագործական պոտենցիալ, որը պետք է պարզապես ճիշտ կառավարվի։
Առանձին կարևորություն եմ տալիս կինեմատոգրաֆիստների հետ ունեցած քննարկումներին։ Տարվա սկզբին օրենքի կիրառման շուրջ տարաձայնություններ եղան։ Դա բնական է ցանկացած նոր համակարգի դեպքում, բայց կարևորն այն է, որ այդ քննարկումները վերածվեցին համատեղ աշխատանքի։ Միասին մշակեցինք նոր մրցութային կանոնակարգ, փորձեցինք այն դարձնել առավել հստակ, թափանցիկ և կանխատեսելի։
Կինոարտադրողը պետք է արտադրի և վստահ լինի, որ իր թիկունքում գործում է ուժեղ, արդար և կայուն կառույց։ Եթե մենք կարողացել ենք 2025-ին ստեղծել այդ վստահության հիմքը, ապա կարող ենք ասել, որ անցումային տարին իր առաքելությունը կատարել է։

– Նկատում եմ, որ մեր երկրում տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը ֆիլմարտադրության նկատմամբ։ Թե՛ լիամետրաժ, թե՛ կարճամետրաժ ֆիլմերը պարբերաբար ներկայացվում են միջազգային հարթակներում, մրցանակների են արժանանում։ Այդ ֆիլմերից շատերը նկարահանվում են պետական աջակցությամբ։ Ի՞նչ տրամաբանությամբ է հիմնադրամն առաջնորդվում, ի՞նչ չափանիշներով է ընտրում այն նախագծերը, որոնք պետք է ֆինանսավորի։
-Պետական աջակցությամբ իրականացվող նախագծերի ընտրությունը մեզ համար ամենազգայուն և պատասխանատու գործընթացներից մեկն է։ Մենք առաջնորդվում ենք հստակ սահմանված մրցութային կանոնակարգով։ Մեր նպատակը մեկն է՝ ապահովել թափանցիկություն, մասնագիտական գնահատում և հավասար հնարավորություններ բոլոր ստեղծագործողների համար։
Ազգային ֆիլմերի պետական ֆինանսավորման մրցույթների կանոնակարգում հստակ սահմանված են մասնակցության պայմանները, պահանջվող փաստաթղթերը, գնահատման չափանիշները և ֆինանսավորման տրամաբանությունը։ Այդ ամենը հրապարակային է և հասանելի։ Մենք կարևորում ենք, որ համակարգը լինի կանխատեսելի․ ստեղծագործողը պետք է հստակ հասկանա՝ ինչ պահանջներ են ներկայացվում իրեն և ինչ չափանիշներով է գնահատվելու իր աշխատանքը։
Մրցույթներն անցկացվում են ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ ձևաչափերով՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն ուղղություններով։ Սա մեզ համար կարևոր է, որովհետև հայկական կինոն պետք է զարգանա բոլոր ուղղություններով։ Մենք չենք սահմանափակում ժանրերը կամ թեմաները։ Այստեղ կարևոր են որակը, գաղափարը և իրագործելիությունը։
Կանոնակարգին համապատասխանող հայտերը գնահատվում են անկախ փորձագետների կողմից՝ անհատական ձևաչափով։ Յուրաքանչյուր նախագիծ ստանում է մասնագիտական գնահատում, և ֆինանսավորում են ստանում առավել բարձր միավորներ հավաքած աշխատանքները։ Այս մեխանիզմը թույլ է տալիս նվազագույնի հասցնել սուբյեկտիվիզմը և պահպանել մրցակցային առողջ միջավայրը։
Ֆիլմերի ֆինանսավորումը նպատակ չէ, այլ միջոց։ Մենք ուզում ենք աջակցել այն նախագծերին, որոնք կարող են ոչ միայն նկարահանվել, այլ նաև ապրել հանդիսատեսի մեջ, փառատոններում, միջազգային հարթակներում։ Եթե ֆիլմը կարողանում է խոսել իր ժամանակի հետ և միաժամանակ պահպանել իր հեղինակային ինքնությունը, մենք հավատում ենք, որ արժե կանգնել նրա կողքին։

-Կարևորում եք ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգը, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ։ Ի՞նչ հեռանկարներ է այն բացում կինոարտադրողների առաջ։ Հետաքրքիր առաջարկներ ստացե՞լ եք։ Եթե այո, կխնդրեմ բացել փակագծերը։
-Ներդրումների մասնակի վերադարձը ռազմավարական քայլ է դեպի կինոտնտեսության ձևավորում։ Նմանատիպ ծրագրեր այսօր գործում են գրեթե բոլոր այն երկրներում, որոնք լուրջ հավակնություններ ունեն միջազգային կինոշուկայում։ Եթե ուզում ես լինել համաշխարհային կինոքարտեզի վրա, պետք է խոսես նույն տնտեսական լեզվով։
Մինչև 35 տոկոս վերադարձի հնարավորությունը արտադրողի համար առաջին հերթին վստահություն է։ Նա գիտի, որ պետությունը պատրաստ է կիսել ռիսկը, և դա փոխում է նախագծի ֆինանսական մոդելը, բայց ավելի կարևոր է մուլտիպլիկատիվ ազդեցությունը։ Երբ Հայաստան է գալիս միջազգային արտադրություն, դա միայն ֆիլմի նկարահանում չէ, այլ նաև ծառայությունների շղթա՝ տեխնիկա, մասնագետներ, հյուրանոցներ, տրանսպորտ, սնունդ, հետարտադրություն, մասնագիտական փոխանակում։ Այս ամենը միասին ստեղծում է իրական տնտեսական շարժ։
Արդեն այսօր մի քանի խոշոր միջազգային ընկերություններ դիմել են մեզ խորհրդատվության համար։ Այս պահին չեմ ցանկանա հրապարակել անուններ, քանի որ կարծում եմ ժամանակավրեպ կլինի։ Բայց կարող եմ ասել, որ խոսքը միլիոնավոր դոլարների ներդրումների հնարավորության մասին է։ Սա արագ արդյունքի ծրագիր չէ։ Մենք չենք շտապում։ Մեզ համար կարևոր է ոչ թե մեկ աղմուկ հանած նախագիծը, այլ շարունակական ներկայությունը միջազգային կինոտնտեսության քարտեզում։
Կարևոր է նաև մեկ այլ հանգամանք. եթե մեծ միջազգային նախագծեր գալիս են Հայաստան, դրանք պետք է սպասարկվեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Միայն այդ դեպքում կձևավորվի Հայաստանի մասին պատկերացում՝ որպես վստահելի և տեխնիկապես պատրաստ գործընկեր։ Համաշխարհային կինոտնտեսության քարտեզում հայտնվելը պատահականություն չէ․ դա հետևողական աշխատանքի արդյունք է։ Մենք պատրաստ ենք այդ ճանապարհը անցնել հանգիստ և վստահ քայլերով։
-Ինչպես արդեն նշվեց, մեր կինոն գնահատվում է արտերկրում, սակայն Հայաստանում մասնագիտական շրջանակն է քաջածանոթ անցուդարձին։ Հանրության մեծ մասը լավ չգիտի, թե ինչ ֆիլմեր են նկարահանվում այսօր։ Հեղինակային կինոն հազվադեպ է ցուցադրվում հեռուստատեսությամբ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է արվի, որպեսզի մերօրյա կինոն դառնա մեր կյանքի անբաժան մասը։
-Խնդիրն, իսկապես, բազմաբևեռ է, և մենք չենք կարող այն դիտարկել մեկ պարզ լուծման շրջանակում։ Նախ պետք է ընդունել մի բան․ հեղինակային կինոյի հանդեպ հետաքրքրությունն ամբողջ աշխարհում ավելի սահմանափակ է, քան «պոպկորն» ֆիլմերի նկատմամբ։ Սա ոչ միայն հայկական, այլև համաշխարհային իրականություն է, բայց դա չի նշանակում, որ հեղինակային կինոն պետք է մնա փակ շրջանակների համար։ Պարզապես այն պահանջում է այլ մոտեցում, այլ ներկայացման մշակույթ։
Երկրորդ կարևոր հարցը կինոթատրոնային համակարգի վիճակն է։ Խորհրդային շրջանում Հայաստանի ամբողջ տարածքում գործում էին մշակույթի տներ, շրջանային կինոցանց, մեծ քաղաքներում՝ կինոթատրոններ։ Ֆիլմը հասանելի էր։ Դիտումը սոցիալական արարողություն էր։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո փլուզվեց նաև վարձույթի մեխանիզմը։ Այդ ճեղքը անդունդ է ձևավորվել կինոտնտեսության մեջ, որը հետագայում ամբողջությամբ չլրացվեց։ Այսօր այդ խնդիրը շարունակում է մնալ արդիական։
Եթե չկա կայացած շուկա, որտեղ ֆիլմը կարող է վաճառվել, չկա նաև կայուն հասանելիություն հանդիսատեսին։ Հենց այդ պատճառով հիմնադրամը ծրագրեր է մշակում կինոթատրոնային տնտեսության զարգացման ուղղությամբ։ Մեզ պետք է ոչ միայն արտադրություն, այլ նաև շուկա «կինոթատրոն»։ Կինոն պետք է ունենա իր բնական միջավայրը։
Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, այստեղ արդեն մշակույթի ընկալման խնդիր ունենք։ Մենք պետք է վերագտնենք այն գիտակցումը, որ կինոն իր ամբողջական շունչն առնում է կինոթատրոնում։ Մեծ էկրանը, համատեղ դիտման փորձառությունը, լռությունը դահլիճում. դա նույնքան մշակութային արարողություն է, որքան թատրոնը կամ օպերան։ Եթե այդ մշակույթը կորցնում ենք, կորցնում ենք նաև կինոյի մի հատվածը։
Իհարկե, հեռուստատեսությունը և սթրիմինգային հարթակները կարևոր են, և դրանք պետք է լինեն կինոյի կյանքի շարունակությունը բայց առաջնային ցուցադրությունը պետք է տեղի ունենա կինոթատրոնում։ Միայն այդ դեպքում ֆիլմը կարող է ապրել լիարժեք կյանքով։
Մեր խնդիրը կինոդիտման մշակույթ վերականգնելն է։ Կինոն պետք է վերադառնա մարդկանց առօրյա։
-Արժեքավոր աշխատանքները ստեղծվում են արվեստի քննադատության, մրցակցության արդյունքում ևս։ Մեր իրականությունում ի՞նչ դերակատարություն ունի կինոքննադատությունը և կա՞ մրցակցային դաշտ։
-Եթե փորձեմ անկեղծ պատասխանել, պետք է ասեմ, որ այսօր համակարգային կինոքննադատություն Հայաստանում գրեթե չկա։ Գուցե պատասխաններիցս տպավորություն ստեղծվի, որ անընդհատ դժգոհում եմ, բայց չեմ կարող նաև ձևացնել՝ կարծես խնդիրը գոյություն չունի։
Իհարկե, կան անհատներ, որոնք ունեն ինտելեկտուալ ներուժ, գիտելիք և ճաշակ։ Կան մարդիկ, որոնք կարող են գրել, վերլուծել, ձևակերպել դիտարկումներ, սակայն քննադատության մշակույթը՝ որպես կայացած միջավայր, որպես պարբերական և հետևողական մտավոր դաշտ, ըստ իս, կորցված է։ Քննադատությունը մեզ մոտ հաճախ ընկալվում է որպես անձնական կարծիք կամ արձագանք, այլ ոչ թե մասնագիտական վերլուծություն։
Մինչդեռ արվեստը զարգանում է երկխոսության մեջ։ Քննադատությունը հակառակորդ չէ ստեղծագործողին, այն հայելի է։ Երբ չկա հայելի, դժվար է տեսնել սեփական ուժեղ և թույլ կողմերը։ Սա վերաբերում է ոչ միայն կինոյին։ Ցանկացած ոլորտում՝ մշակույթում, կառավարման մեջ, անգամ անձնական կյանքում քննադատական միտքն առաջընթացի հիմքն է։
Մրցակցային դաշտը նույնպես լիարժեք ձևավորված չէ։ Մրցակցությունը պետք է լինի գաղափարների, որակի, պրոֆեսիոնալիզմի շուրջ։ Այն պետք է բարձրացնի նշաձողը, ոչ թե բաժանի մարդկանց։ Այդպիսի միջավայրի ձևավորումը ժամանակ է պահանջում։
Պետք է խոստովանեմ, որ այս ուղղությամբ համակարգային քայլեր դեռ չենք ձեռնարկել, բայց վստահ եմ, որ առաջիկայում կանդրադառնանք նաև այս հարցին։
-Կինոյի հիմնադրամը մեծ ջանքեր է գործադրում մեր կինոժառանգության պահպանման և հանրահռչակման համար։ Թվայնացվում և վերականգնվում են հայկական կինոյի գոհարները։ Ի՞նչ ֆիլմեր են թվայնացվել վերջին շրջանում և դեռ ի՞նչ ֆիլմեր պետք է թվայնացվեն։
-Կինոժառանգության բաժնի մասին խոսելիս պետք է ճիշտ ձևակերպում ընտրել։ Այսօր այնտեղ իրականացվում է գրեթե ինստիտուցիոնալ ծավալի աշխատանք։ Այն այլևս պարզապես պահպանման հարթակ չէ, այլ գործնականում ամբողջական ինստիտուտի գործառույթներ իրականացնող կառուցվածք։ 2025 թվականին ժառանգության պահպանման ոլորտում կատարվել են մի շարք հիմնարար քայլեր։ Մեզ համար առաջնահերթություն էր ամբողջական կատալոգիզացիայի իրականացումը, ինչն այժմ անում ենք՝ համաձայն ՖԻԱՖ-ի կողմից հրապարակված ստանդարտների։ Մենք պետք է ամբողջական պատկերացում ունենանք մեր ունեցած ժառանգության մասին։ Ստեղծվել են ջերմ և բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի «Գոսֆիլմաֆոնդ»-ի հետ. համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հեռանկարներ ունենք։
Իրականացվել են պահոցների լվացման և մաքրման աշխատանքներ։ Սա գուցե հանրային հնչեղությամբ մեծ իրադարձություն չի թվում, բայց մասնագիտական առումով չափազանց կարևոր է։ Սնկային վարակների կանխարգելումը և ժապավենների դեգրադացիայի դանդաղեցումը պահպանման հիմնական նախապայմաններից են։ Եթե մենք չենք պահպանման ֆիզիկական միջավայրը, ապա չենք կարող խոսել վերականգնման մասին։
Տարվա ամենանշանակալի իրադարձություններից մեկը նախադեպը չունեցող ծրագիրն էր՝ Մոսկվայից («Մոսֆիլմ» կինոկոնցեռնի արխիվից) Հայաստանի Հանրապետություն մեր կինոժառանգության մի մասի տեղափոխումը։ Անկախությունից ի վեր նման ծավալով վերադարձ չի իրականացվել։ Հայաստան է տեղափոխվել 26 ֆիլմի նյութ, ընդհանուր 399 արխիվային տուփ՝ ավելի քան 1.2 տոննա քաշով։ Դրանք ներառում են 35 մմ նեգատիվներ, դրական պատճեններ, ինչպես նաև ձայնային մագնիսական և օպտիկական ժապավեններ։ Սա ոչ միայն նյութական, այլ խորհրդանշական վերադարձ էր։
ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ 2025 թվականին իրականացվել է 12 ֆիլմի թվայնացում և 15 ֆիլմի վերականգնում (կամ 16 տարբերակ՝ եթե «Պեպո»-ի երկու տարբերակները հաշվվում են առանձին միավորներով)։ Թվայնացված ֆիլմերի շարքում են «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունի»-ն, «Մատաղ»-ը, ինչպես նաև մի շարք վավերագրական և հեղինակային աշխատանքներ։
Իրականացվել են նաև լայնածավալ լրացուցիչ թվայնացումներ՝ ճարտարապետությանը վերաբերող վավերագրական նյութեր, շուրջ 60 ժամ հում արխիվային նյութ, ձայնային ժապավեններ և այլ նյութեր։
Այս տարի ստեղծվել է նաև կինոպաստառների նոր ֆոնդ, որը համալրվել է թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան ֆիլմերի օրիգինալ պաստառներով։ Սա կարևոր քայլ է ոչ միայն պահպանման, այլ նաև ապագա ցուցադրությունների և հանրահռչակման տեսանկյունից։
Առանձին ուզում եմ նշել ձայնային լաբորատորիայի ստեղծումը։ Մեր ժառանգության մի մասը ձայնային կրիչների վրա է, և առանց համապատասխան տեխնիկական միջոցի այն հնարավոր չեր դիտարկել։ Այս գործում մեծ դեր է ունեցել Հանրային ռադիոն, որի հետ համագործակցության շրջանակում մեր աշխատակիցը նաև անցել է մասնագիտական վերապատրաստում։ Այժմ ունենք հնարավորություն թվայնացնելու մագնիսական ժապավենները։ Տարեսկզբին ՀԲԸՄ-ի աջակցությամբ ձեռք բերեցինք նաև ժապավենների դիտման մասնագիտական սեղան, ինչը զգալիորեն հեշտացրել է նախապատրաստական և թվայնացման գործընթացները։ Առիթը չկորցնելով՝ ուզում եմ ՀԲԸՄ-ի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել։
Միաժամանակ աշխատանքներ են տարվում կինոժառանգության հանրահռչակման ուղղությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մեր նպատակն է, որ վերականգնված ֆիլմերը չմնան արխիվում, այլ վերադառնան հանդիսատեսին։ Այս առումով վստահ կարող եմ ասել՝ հայ հանդիսատեսին առաջիկայում հաճելի անակնկալ է սպասվում։
-Շուտով բոլորիս գեղեցիկ տոն է սպասվում. ապրիլի 16-ին նշվում է Հայ կինոյի օրը։ Նախորդ տարի օրը մեկնարկեցիք Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներով։ Ի՞նչ է նախատեսված այս տարի։
-Ապրիլի 16-ը կինո գնալու օր է։ Կարծում եմ՝ անկախ տարեթվից, անկախ ծրագրերից, կինոթատրոն մտնելն ինքնին արդեն տոն է։ Այդ օրը խորհրդանշական է․ հենց այդ օրն է ծնվել հայկական կինոն։ Բայց տոնի իրական իմաստը միայն հիշողությունը չէ, այլ ներկայությունը։
Կարևոր է, որ ապրիլի 16-ին կինոթատրոնները լցված լինեն մարդկանցով, որպեսզի միասին նստենք մութ դահլիճում և հիշենք, որ կինոն ապրում է միայն այն ժամանակ, երբ ունի հանդիսատես։
Այս պահին կարող եմ միայն այսքանը ասել․ ապրիլի 16-ին բոլորս դեպի կինոթատրոններ։
-Արդեն հստակեցվա՞ծ են 2026-ի անելիքները։ Եթե այո, կմանրամասնե՞ք, թե ինչ ծրագրեր եք իրականացնելու առաջիկայում։
–Եթե 2025 թվականը հիմնադրամի համար անցումային շրջան էր, ապա 2026-ը ես կկոչեի մեկնարկի տարի։ Մեկնարկի՝ նոր մտածողությամբ, արդեն կայացած համակարգով և ավելի հստակ ռազմավարությամբ։
Այն ծրագրերը, որոնք ամեն տարի իրականացրել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, շարունակվելու են նաև այս տարի։ Կլինեն ֆիլմերի ֆինանսավորման մրցույթներ՝ տարբեր ձևաչափերով, կշարունակվի կինոժառանգության թվայնացման ծրագիրը, և, իհարկե, ակտիվ կմասնակցենք միջազգային կինոշուկաներին։ Այս ուղղությունները մեզ համար արդեն հաստատված և կայացած աշխատանքային հենք են, բայց 2026-ը միայն շարունակություն չէ, դա նաև նոր նախաձեռնությունների տարի է։ Ծրագրերի մի մասը շուտով հանրությանը հայտնի կդառնա։ Դրանցից մի քանիսն արդեն հաստատված են գործընկեր կազմակերպությունների կողմից, մյուսներն ակտիվ քննարկումների և վերջնական ձևավորման փուլում են։ Մենք չենք ցանկանում շտապել հայտարարություններով. կարևոր է, որ յուրաքանչյուր նախաձեռնություն ունենա ամուր հիմք և երկարաժամկետ հեռանկար։
Ռազմավարական առումով աշխատում ենք միաժամանակ մի քանի ուղղություններով՝ կինոտնտեսության զարգացում, արտադրական կարողությունների ամրապնդում, կրթական ծրագրերի ընդլայնում, ինչպես նաև ժառանգության պահպանման և հանրահռչակման նոր ձևաչափեր։ Մեր նպատակը մեկ ծրագրի իրականացումը չէ, այլ համակարգի խորացումը։
Իհարկե, այս ամենը և դեռ ավելին ու ավելի մանրամասն շուտով կտեսնեք կինոյի հիմնադրամի կայքէջում տարեկան բովանդակային հաշվետվության տեսքով, որտեղ նաև կլինեն թվեր, որոնք կխոսեն մեր այս մեկ տարվա իրականացրած աշխատանքի մասին, իսկ հիմա, եթե համեմատելու լինենք, ապա 2025-ը կառույցի կայացման տարի էր, իսկ 2026-ը պետք է դառնա ազդեցության տարի։ Մենք արդեն ձևավորել ենք հենքը։ Այժմ ժամանակն է այդ հենքի վրա կառուցել ավելի մեծ և տեսանելի արդյունքներ։















































































































































































































































































































































































































































































































































































































































