Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմ է բարձրացել «Անհաջող ժամադրություն» կատակերգությունը

Արմեն Կարապետյանի «Անհաջող ժամադրություն» խելահեղ կատակերգությունն արդեն Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկում է։

-ի հաղորդմամբ՝ բեմադրությունն ու երաժշտական ձևավորումն իրականացրել է Ավետիս Շահինյանը, բեմանկարչությունն ու զգեստների ձևավորումը՝ Գագիկ Բաբայանը։

Ներկայացման մեջ խաղում են Սամսոն Ստեփանյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը և ներկայացման հեղինակ Արմեն Կարապետյանը։

Սյուժեն պատմում է միջին տարիքի երկու մարդու մասին, որոնք տարիների հիասթափություններից հետո այլևս չեն հավատում պատահական երջանկությանը։

«Բուն գաղափարն այն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է լինի երջանիկ։ Ինչ ճանապարհով կհասնի այդ երջանկությանը, կախված է սեփական ընտրությունից։ Այս ներկայացմամբ ցույց ենք տալիս երջանկության հասնելու հնարավոր ճանապարհներից մեկը՝ դուրս ստերեոտիպային ու մակերեսային պատկերացումներից։ Կարևոր է տեսնել դիմացինի ներսը, հոգին, գնահատել նրա ինտելեկտուալ ունակությունները։ Նմանը նմանին է գտնում, և մենք ուզում ենք ցույց տալ այդ բնական համընկնումը»,-նշում է պիեսի հեղինակ Արմեն Կարապետյանը։

Ըստ նրա՝ ներկայացումը պատմություն է մարդու ներքին պայքարի մասին. հերոսներն անհաջող փորձեր են ունեցել, բայց չեն հանձնվել։ Նրանց մեջ կա շարունակական պայքար՝ երջանկությունը գտնելու համար։ Հենց այդ պայքարի ընթացքում է, որ նրանք բացահայտում են միմյանց իրական բնույթը, գտնում ընդհանուր գծեր ու կամաց-կամաց մոտենում իրար։

Ներկայացման շուրջ աշխատել են մոտ երկու ամիս՝ կերպարների բնավորությունների, մասնագիտությունների և ընդհանուր սյուժետային կառուցվածքի մանրակրկիտ մշակմամբ։

«Ցանկանում ենք՝ հանդիսատեսը զգա պատմության կենսական ու մարդկային լիցքերը։ Գիտակցաբար հրաժարվեցինք բարդ ձևականություններից՝ ընտրելով պարզության ու անկեղծության գեղագիտությունը։ Դա մեզ հնարավորություն տվեց կենտրոնանալ մարդու ներաշխարհի, հարաբերությունների նրբությունների և հոգեբանական շարժառիթների վրա։ Ներկայացման գլխավոր ուղերձը շատ հստակ է․ երբեք ուշ չէ գտնել զուգընկերոջը, երբեք ուշ չէ նոր սկիզբ ունենալ։ Մարդը ցանկացած տարիքում կարող է գտնել իր երջանկությունը, եթե համարձակվում է բացվել, անկեղծ լինել և վստահել դիմացինին։ Ուզում ենք հիշեցնել, որ միայնակ լինելը վերջնական վիճակ չէ։ Երբ մարդիկ փորձում են ճանաչել միմյանց ոչ թե արտաքին շաբլոնների, այլ հոգևոր ու ինտելեկտուալ համապատասխանության միջոցով, այդ ժամանակ է ձևավորվում իրական կապը։ Այս գաղափարներն են շարժող ուժը յուրաքանչյուր տեսարանում՝ հումորի, լարվածության և անկեղծության համադրությամբ։ Համոզված եմ, որ հանդիսատեսը կնկատի նաև այս հոգեբանական շերտերը և յուրաքանչյուր դիտումից հետո ինչ-որ բան կվերցնի իր անձնական փորձության համար»,-ասում է ռեժիսոր Ավետիս Շահինյանը:

Ներկայացման տևողությունը 1 ժամ 20 րոպե է, այն նախատեսված է 14 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։