Մալթայի միջազգային բիենալեում Հայաստանը կներկայանա համամարդկային գաղափարներ խորհրդանշող նախագծով

Մալթայում կայանալիք արվեստի 2-րդ միջազգային բիենալեում Հայաստանի մասնակցությունը մշակութային առաքելություն և ստեղծարար կայունության հռչակման, իր ժամանակակից տեսլականը ներկայացնելու և ժառանգությունը հանրահռչակելու պատեհ հնարավորություն է։

-ի հաղորդմամբ՝ ընթացիկ տարվա մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում նախատեսվող միջազգային բիենալեին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեցին Հայաստանի ազգային տաղավարի ձևավորման համակարգողները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը նշեց, որ չնայած նորաբաց հարթակ լինելուն, Մալթայի բիենալեն միանգամից դարձել է աշխարհահռչակ, որին շատ հայտնի արվեստագետներ մասնակցեցին։

«Առաջին իսկ անգամից մենք տեսանք, որ այս հարթակում պետք է ներկայություն ապահովվել՝ Վենետիկի բիենալեի հետ համատեղ։ Այս մասնակցությամբ մենք նաև ընդլայնում ենք մեր մասնակցությունը համաշխարհային կարևոր հարթակներում և ներկայացնում ենք Հայաստանի ստեղծագործական ներուժը»,-ասաց փոխնախարարը՝ հիանալի առիթ համարելով Մալթայի բիենալեն Հայաստանի ժամանակակից մշակույթով ու արվեստով ներկայանալու համար։

Նա ընդգծեց, որ պատահական չէ նաև Հայաստանի տաղավարը ներկայացնելու համար ընտրված արվեստագետը՝ Ռաֆֆի Ետալյանը, քանի որ նա արդեն միջազգային փորձ ունի։

«Իր ստեղծագործությունները, ինստալյացիաները՝ լինի քանդակի կամ նկարների և այլ մշակութային առարկաների ձևով, համահունչ է քայլում աշխարհում ստեղծվող արվեստին ու աշխարհի մշակութային շնչին։Այս երկուսի համատեղումը՝ Մալթայի միջազգային բիենալե և աշխարհի մշակութային ու արվեստների շնչով քայլող արվեստագետ, մենք ունենում ունենում ենք հայկական տաղավար՝ Հայաստանի պաշտոնական տաղավարը Մալթայում»,-հավելեց Դանիելյանը։

Նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի նախագծով հայկական տաղավարը Մալթայի բիենալեում կներկայացվի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» խորագրի ներքո։

Նախագիծը քանդակային և ձայնային ինստալյացիա է, որը հանդիսատեսին հրավիրում է խորհրդածական վիրտուալ ճանապարհորդության՝ բացահայտելու տեսանելիի և անտեսանելիի, ներկայի և անցյալի հարաբերակցությունը:

Խոսելով նախագծի մասին Ետալյանը մանրամասնեց, որ այն ծնվել է լռությունից, աղմուկից այն կողմ և խոսում է լռության, հիշողության, դիմակայության և հույսի մասին։

«Ինստալյացիայի ներքևում տեղադրել եմ ջուր,իսկ ցուցասրահի տարածքում լսվում է ջրի կաթիլների ձայնը, որը տեսանելի չէ։ Անտեսանելի կաթիլը խորհրդանշում է ներքին ձայնը, վերածնունդը, այն գաղափարը, որ ընկճված փորձառությունից հետո ծնվում է ինչ-որ նոր ստեղծագործություն, նոր գեղագիտություն։ Այդ ներքին ձայնը հիշեցնում է, որ անգամ լռության մեջ կյանքը շարունակվում է»,-ներկայացրեց արվեստագետը։

Նախագծի համադրող Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ այն անդրադառնում է համամարդկային, շատ պարզ գաղափարի, որ անկախ ազգությունից ու աշխարհագրական վայրից, մարդիկ կիսում են։

«Երբ Ռաֆֆի Ետալյանն ինձ ներկայացրեց նախագիծը, հասկացա, որ կարող ենք աշխատել համատեղ և ներկայացնել ոչ միայն ցուցադրություն, ոչ թե պարզապես նախագիծ, այլ ազգային տաղավար, որը նպատակ չունի պատմել Հայաստանի մասին, այլ, որ Հայաստանը պատմի, կիսի իր փորձը և դառնա այս աշխարհի կարևոր ձայներից մեկը»,-նշեց Հովհաննիսյանը։

Մալթայում նախատեսվող արվեստի 2-րդ միջազգային բիենալեն կանցկացվի «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT) խորագրի ներքո:

Բիենալեում ներկայացվելու է 47 նախագիծ, որոնք ընտրվել են աշխարհի 122 երկրներից ստացված ավելի քան 3200 դիմումներից։ Միջոցառման մասշտաբն ընդգծվում է ազգային և թեմատիկ 29 տաղավարներով՝ բիենալեն դիրքավորելով որպես տարածաշրջանի խոշոր միջազգային մշակութային իրադարձություն։

Հայաստանյան տաղավարի հանձնակատարն է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը։

Մալթայի բիենալեին Հայաստանը մասնակցելու է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Հայաստանում կանցկացվի «Հունարենը և երաժշտությունը. երեք և ավելի հազարամյակների կենդանի ավանդույթ» խորագրով միջոցառում
Հայաստանն ու Հունաստանը միմյանց կապող նոր կրթական և մշակութային հարթակ է ստեղծվել Երևանում