Մշակույթի ոլորտում խրախուսման ամբողջ շղթան դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա. ԿԳՄՍ փոխնախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում տեղի է ունեցել «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2025 թվականի եզրափակիչ գալա համերգը։

Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, իսկ ղեկավարը՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը։ Այն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն:

Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

–ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել սաներին, կազմակերպիչներին, մանկավարժներին և ծնողներին ծրագրի իրականացման համար.

«12 տարի ճանապարհ անցած այս կարևորագույն նախագիծն ընդգրկված է պետական ծրագրերի ցանկում և ստանում է համապատասխան ֆինանսավորում՝ որպես կրթամշակութային առաջնահերթություն։ Մշակույթի ոլորտում խրախուսման, քաջալերման ամբողջ շղթան դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա: Ներդրվել է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը», ըստ որի՝ պետության կողմից ֆինանսական խրախուսում է տրամադրվում վերոնշյալ գործիչներին, այդ թվում՝ երիտասարդներին: Այն միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Դրամական խրախուսումը հատկացվում է 300.000-900.000 դրամի սահմաններում՝ մեկ տարվա կտրվածքով։ Ունենք նաև ծրագիր, որի միջոցով հնարավոր է վերադարձնել ավիատոմսերի գումարները՝ ստանալով փոխհատուցում։ Այսինքն՝ եթե պատանին մի կարևոր համերգի, միջոցառման պետք է մասնակցի, պետությունը նաև հոգում է ավիատոմսի, իսկ հատուկ դեպքերում նաև հյուրանոցի ծախսերը։ Շարունակելով այս քաղաքականությունը՝ այժմ մենք քննարկում ենք նվաճումներ ունեցող երեխաներին և պատանիներին պետական այլ ծրագրերում ընդգրկելու հնարավորությունները»,– նշել է ԿԳՄՍ փոխնախարարը։

Նրա դիտարկմամբ՝ հեղինակավոր հարթակներում հանդես գալու, մրցանակներ ստանալու գործում պետական ֆինանսական խրախուսումն անչափ կարևոր է, սակայն մեծ է նաև մանկավարժների և ծնողների դերը՝ կայացման դժվարին ճանապարհին պատանիներին ու երիտասարդներին աջակցելու և ոգևորելու առումով:

Գալա համերգին ներկայացվել են տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, առաջընթացը և ծրագրի մասնակիցների ստեղծագործական ու կատարողական ձեռքբերումները։ 2025 թ. համերգային ծրագրում հնչել են հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11–20 տարեկան բացառիկ տաղանդավոր երաժիշտ-կատարողների (դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարողական հմտությունների խորացմանը և միջազգային ասպարեզում նրանց մրցունակության բարձրացմանը։ 2025 թվականին իրականացվել են անհատական դասընթացներ, վարպետության դասեր, համերգային ելույթներ և մասնագիտական խորհրդատվություն՝ ներգրավելով ոլորտի առաջատար մասնագետներին։

Ծրագրում այս տարի ընդգրկված նոր անդամների հաջողությունները փաստում են նախաձեռնության արդյունավետությունն ու դրա շարունակականության կարևորությունը:

Ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդներին, զարգացնել և կատարելագործել նրանց մասնագիտական և բեմական կարողությունները, խրախուսել միջազգային մրցույթներին, փառատոներին և նախագծերին նրանց մասնակցությունը, ձևավորել արդյունավետ հարթակ՝ ոլորտի փորձառու երաժիշտների գիտելիքները սաներին փոխանցելու համար:

Հայ արվեստի և մշակույթի երկօրյա համաժողովը՝ կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև
Ֆրիդա Կալոյի ինքնանկարն աճուրդում վաճառվել է նկարչուհիների համար ռեկորդային գնով՝ 55 միլիոն դոլարով
Դոնի Ռոստովի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկա շաբաթվա էլեկտրոնային աճուրդների ցանկը