«Մոդեռնիզմի հոսքեր» ցուցահանդեսը, որն ընդգրկում է ավելի քան քառասուն արվեստագետի շուրջ 100 աշխատանք՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, բացահայտում է 20-րդ դարի կեսերին ձևավորված բարդ և հաճախ անտեսված կապերը խորհրդահայ և սփյուռքի արվեստների միջև։

Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսին հնարավոր է նոր լույսի տակ տեսնել Գառզուի, Երվանդ Քոչարի, Հարություն և Արմինե Կալենցների, Հովհաննես Ալխազյանի, Ժիրայր Օրագյանի, Հակոբ Գյուրջյանի, Գեորգի Յակուլովի, Հակոբ Հակոբյանի, Վահան Ամատունիի, Հովսեփ Էգոյնի և այլոց բացառիկ աշխատանքները։

-ի թղթակցի հետ զրույցում ցուցահանդեսի համադրողներից Վիգեն Գալստյանն ընդգծում է՝ թեմատիկ հետազոտական ցուցահանդեսն անդրադառնում է 20-րդ դարի հայ արդի արվեստի առանցքային ժամանակաշրջանին՝ 1940-1960-ականների վերջին։ «Դա ժամանակաշրջան էր, երբ հայ արվեստը բարդ իրադարձությունների միջով էր անցնում։ Այս ցուցահանդեսի նպատակն է վերհանել մինչ օրս ոչ այնքան հետազոտված, նույնիսկ անտեսված կապերը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Հայաստանի և սփյուռքի միջև, որոնց շնորհիվ Հայաստան էին ներթափանցում արևմտաեվրոպական մոդեռնիզմի տարբեր հոսանքներ, ինչը կարևոր էր մեր մշակույթի, արվեստի զարգացման համար տոտալիտար համակարգի պայմաններում»,-շեշտում է համադրողն ու հավելում՝ ցուցադրությունը համադրել են Հասմիկ Բադալյանի հետ։

Նրա խոսքով՝ ցուցահանդեսը ցույց է տալիս, որ Խորհրդային Հայաստանի արվեստը զարգանում էր նաև Խորհրդային Միության մշակութային և քաղաքական հրամայականներից դուրս, ինչում առանցքային դեր են խաղացել սփյուռքահայ արվեստագետները, որոնք մշտապես պահել են կապը Հայաստանի ստեղծագործողների հետ։

Ցուցադրությունը բաղկացած է երեք բաժնից։ Առաջին սրահում ներկայացված են 1930-1947 թվականներին հայրենադարձ արվեստագետների գործերը։ Նրանցից են Երվանդ Քոչարը, Բարդուղ Վարդանյանը, Մելքոն Քեպապչյանը, Հարություն և Արմինե Կալենցները, որոնք 1950-ականների կեսերին խարիսխ են դարձել հայկական մոդեռնիզմի զարգացման համար։

Երկրորդ սրահում ներկայացված է սփյուռքահայ արվեստի ժառանգությունը։ «1950-ականների սկզբից Հայաստան՝ երկրի ազգային պատկերասրահ սկսեցին ուղարկվել սփյուռքում գործող նշանավոր արվեստագետների աշխատանքների ամբողջական հավաքածուներ։ Այդ հեղինակներից են Հովհաննես Ալխազյանը, Սիմոն Սամսոնյանը, Աշոտ Զորյանը, Ժերարդո Օրաքյանը և այլք։ Հենց այդ շրջանում պատկերասրահը որպես նվիրատվություն ստացել է 20-րդ դարասկզբի ամենաառանցքային ավանգարդ արվեստագետներից մեկի՝ Գեորգի Յակուլովի գործերի հսկայական հավաքածուն։ Այդ ներթափանցումներն իրենց կնիքն ու ազդեցությունն են թողնում խորհրդահայ ժամանակակից արվեստի ձևավորման վրա, որովհետև տեղի արվեստագետները սփյուռքում ստեղծագործողների միջոցով առնչվում են այն գաղափարներին ու գեղագիտական ձևերին, որոնք խորհրդային մշակութային քաղաքականության պայմաններում արգելված էին կամ խիստ քննադատվում էին»,-ընդգծում է Վիգեն Գալստյանը։

Երրորդ սրահում ներառվել են այն արվեստագետների աշխատանքները, որոնք Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի և այլ կառույցների գործունեության շնորհիվ հաճախ են այցելել Խորհրդային Հայաստան։

«Այդ շրջանում Հայաստանում կազմակերպվում էին նրանց անհատական ցուցահանդեսները, պատկերասրահին էին նվիրվում բազմաթիվ գործեր։ Այդ աշխատանքներն այստեղ էին բերվում, որովհետև այդ արվեստագետներն ունեին հայկական արմատներ, բայց նրանք առաջին հերթին համաշխարհային առաջադեմ արվեստի զարգացումների մասն էին»,-ասում է համադրողը։

Սրահում հնարավոր է գտնել Գառզուի, Հակոբ Հակոբյանի, Վահան Ամատունիի, Ժան Էլվիրի, Տիգրան Դադերյանի, արաբական աշխարհի ամենանշանավոր արվեստագետներից մեկի՝ Պոլ Կիրակոսյանի աշխատանքները։ Համադրողները փորձել են ցույց տալ սփյուռքահայ արվեստի բազմակողմանիությունը, բազմաշերտությունն ու հարստությունը։

«Կարծում եմ՝ Հայաստանի արվեստասերներին այս արվեստագետների մեծ մասն անծանոթ է, սակայն նրանք արժանի են բացահայտման։ Միայն Գառզուի և Հակոբ Հակոբյանի գործերը բավարար են հասկանալու, թե ինչպես են այդ արվեստագետներն իրենց հետքը թողել 1960-1970-ականների խորհրդահայ արվեստի զարգացման վրա, որովհետև նրանց գործերի հայտնությունը Երևանում բացահայտում էր տեղացի երիտասարդ նկարիչների համար։ Այդ արվեստագետները հիմնովին փոխեցին խորհրդահայ արվեստի ընթացքը՝ հարստացնելով այն ու բարձրացնելով միջազգային մակարդակի»,-պատմում է Գալստյանը։

Նրա համոզմամբ՝ այդ ամենի շնորհիվ էր, որ 1972 թվականին Երևանում բացվեց Ժամանակակից արվեստի թանգարանը, որը միակն էր Խորհրդային Միությունում։

Ցուցահանդեսը բաց կլինի երեք ամիս։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները շրջայց են կատարել Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում