Սերգեյ Փարաջանովի 102-ամյակը՝ նոր ոգով. կինոռեժիսորի թանգարանում անիմացիոն ցուցադրություն բացվեց

Խորհրդային և համաշխարհային կինոյի ինքնատիպ ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի 102-ամյակի առթիվ նրա ծննդյան օրը՝ հունվարի 9-ին, ստեղծագործողի թանգարանում բացվեց «Ֆիլմեր և հայտնիներ» խորագրով ցուցահանդեսն ու ընթերցողներին ներկայացվեց «Կոլաժ ինքնանկարի ֆոնի վրա» գիրքը։

-ի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանն ընդգծեց՝ անիմացիոն ցուցադրությունը նորություն է թանգարանում, ուստի մտավախություն են ունեցել, թե ինչպես այն կընդունվի, քանի որ թանգարանի այցելուները 35 տարի շարունակ դիտել են հիմնական ցուցադրությունը, առնչվել այն ավանդույթներին ու սովորույթներին, որոնք Փարաջանովից ժառանգել էր կինոռեժիսորի անձնական լուսանկարիչ, թանգարանի հիմնադիր և տնօրեն Զավեն Սարգսյանը։

«Դժվար էր փոփոխություն մտցնել այն ցուցադրության մեջ, որը տարիների ընթացքում մշակել էր Զավեն Սարգսյանը։ Հեշտ չտրվեց։ Երկար ենք մտածել՝ ինչ անել հիմնական ցուցադրությանն ու էքսկուրսիային չխանգարելու համար»,-խոստովանեց Միքայելյանը։

Անիմացիոն ցուցադրության շրջանակում թանգարանի երկու հարկում տեղադրված մեծ էկրաններին հնարավոր է ծանոթանալ Փարաջանովի և նրա մեծանուն ժամանակակիցների՝ Անդրեյ Տարկվսկու, Իվ Սեն Լորանի, մադամ դը Գոլի, Մարչելո Մաստրոյանիի և այլոց մասնակցությամբ հետաքրքիր պատմությունների, որոնց մի մասին հանրության լայն շրջանակը ծանոթ չէ։

«Թանգարանները զարգանում են, այցելուների պահանջները փոխվում են, շատերը ցանկանում են նոր ու հետաքրքիր լուծումներով ցուցադրություններ տեսնել։ Մենք փորձեցինք նորարարական լուծումներից գտնել ամենահարմարը. թանգարանը չունի առանձին անիմացիոն ցուցադրությունների տարածք, ուստի դիմեցինք այս տարբերակին՝ պահելով փարաջանովյան ռիթմը։ Առաջին հարկում Փարաջանովն ու այլ հայտնի մարդիկ են, իսկ երկրորդ հարկում՝ նրա ֆիլմերը, ինչպես նաև Փարաջանովի Ջոկոնդային նվիրված պատմությունը»,-մանրամասնեց Միքայելյանը։

Նա տեղեկացրեց, որ ձևաչափը պահպանվելու է, իսկ անիմացիոն ֆիլմերն անընդհատ փոփոխվելու են և թույլ են տալու նորովի բացահայտել Սերգեյ Փարաջանով արվեստագետին և մարդուն։

Անդրադառնալով «Կոլաժ ինքնանկարի ֆոնի վրա» գրքին՝ տնօրենը հիշեցրեց, որ այն առաջին անգամ հրատարակվել է 2005 թվականին։ Հեղինակը Փարաջանովի մտերիմ ընկերն է` Կորա Ծերեթելին, որի հետ շատ են ճամփորդել։ Կորա Ծերեթելին բազմիցս հյուրընկալվել է Փարաջանովի տանը, նրա պատվավոր հյուրն է եղել։ Ծերեթելին գիրքը ստեղծել է՝ հենվելով իր՝ Փարաջանովի հետ կապված հուշերի վրա։ Թանգարանը գիրքը վերահրատարակելու բացառիկ թույլտվություն է ստացել հեղինակից, սակայն որոշ փոփոխություններ է արել. ռուսալեզու գրքում ներառվել են այն լուսանկարները, որոնք առկա են թանգարանի ֆոնդերում։

Ազգագրագետ Լևոն Աբրահամյանը ևս մտերիմ է եղել Փարաջանովի հետ, ուրախալի համարեց Ծերեթելիի գրքի վերահրատարակումը։

«Ծերեթելին պետք է Հայաստան գար Փարաջանովի հոբելյանին նվիրված միջոցառմանը, սակայն չստացվեց, իսկ այս գիրքը մեծ դեր խաղաց Փարաջանովին առավել հանրահռչակելու գործում, որովհետև դրանում ներառվել են հեղինակի հուշերն ու որոշ սցենարներ։ Կորան առաջիններից էր, որ Փարաջանովի հետ արտերկիր էր մեկնել. նա զարմանալի պատմությունների մասին է գրել այս գրքում»,-ասաց նա։

Աբրահամյանը հիշեցրեց, որ Փարաջանովի 100-ամյակի շրջանակում կազմակերպվել էր գիտաժողով, և հայտարարվել էր, որ գիրք է հրատարակվելու, որն արդեն պատրաստ է։ «Թվում է՝ ամեն ինչ ասված է, բայց պարզվեց՝ դեռ շատ բան կա ասելու նրա մասին։ Փարաջանովը բաց երևույթ է, և ես հույս ունեմ, որ այս տարի Երևանում կլինի այն, ինչը Դենիել Բըրդն անվանել է «Կինոյի տաճար», երբ տարբեր մոնիտորների վրա ցուցադրվում են ֆիլմերից կադրեր, որոնք դուրս են մնացել բուն ֆիլմից։ Առաջին անգամ Փարաջանովի ֆիլմերից դուրս մնացած կադրերը ցուցադրվել են Ռոտերդամում։ Տարբեր մոնիտորների վրա ցուցադրվող կադրերը կապվում են, և մի մոզաիկա է ստեղծվում, ինչի արդյունքում ամեն ֆիլմ նորովի է ապրում»,-ընդգծեց Լևոն Աբրահամյանը։

Սերգեյ Փարաջանովը կինոյի պատմության ամենավառ անհատականություններից է։ Նա ծնվել է Թիֆլիսում։ Փարաջանովը բացահայտ քննադատական մոտեցում է ունեցել խորհրդային բարքերի նկատմամբ, ինչի պատճառով պարբերաբար ենթարկվել է պարսավանքի, իսկ հաստատման ներկայացվող սցենարները մերժվել են կասկածելի պատճառաբանություններով։

Մինչև 1963 թվականը նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական և 3 վավերագրական ֆիլմեր, որոնք ոչնչով աչքի չեն ընկել: 1964-ին «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերել, սակայն Փարաջանովի կյանքի տարօրինակությունը կայանում է նրանում, որ այն պահից, երբ հայտնի է դարձել, սկսվել են նրա դժբախտությունները: 1965-ին նա սկսում է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելվում է։ 1966-ին նրան հրավիրում են Հայաստան, որտեղ սկսում է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը, որը դառնում է նրա գլուխգործոցը։ Կինոնկարը մեծ դժվարություններով է էկրան բարձրանում «Նռան գույնը» անունով, ինչից հետո Փարաջանովը 15 տարի վտարվում է կինոյից:

Ֆրանսիացի ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ Ժան-Լյուկ Գոդարը Փարաջանովի մասին ասել է. «Կինոյի տաճարում կան պատկերներ, լույս և իրականություն։ Եվ այդ տաճարի տիրակալը Սերգեյ Փարաջանովն էր»։

Տիգրան Մանսուրյանի տարեդարձը կնշվի կոմպոզիտորին նվիրված համերգային ծրագրով
Ֆիլհարմոնիան 2026-ը կմեկնարկի Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար Անդրեա Չիկալեզեի համերգով