Ֆերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ ներկա է եղել Գիրք նվիրելու տոնի և Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառմանը:

Ինչպես-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են Հովհաննես Թումանյանի կյանքը, գործունեությունը, գրական ժառանգությունը պատկերող դրվագներ՝ հայերեն և եզդիերեն:

Երեխաներն անդրադարձել են Թումանյանի գրական ուղուն՝ ասմունքելով նրա վաղ պատանեկան շրջանի գործերը՝ հատվածներ պոեմներից, քառյակներ, բանաստեղծություններ: Վոկալ կատարումներով ներկայացվել են Թումանյանի բանաստեղծությունների և թարգմանությունների հիման վրա ստեղծված երգերը, որոնց ներքո հանդես են եկել պարային կատարումներով: Դպրոցի երգչախումբը հանդես է եկել «Անուշ» օպերայից հատվածներով: Այնուհետև երեխաները ներկայացրել են Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի բեմադրությունը՝ եզդիերեն:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և դպրոցի տնօրեն Նարինե Սաֆարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրինությանը, մանկավարժներին, ծնողներին, դպրոցականներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն դպրոցականների աշխարհայացքի ձևավորման և արժեհամակարգի հարստացման գործում։ Նրա խոսքով՝ բովանդակալից և գեղեցիկ այս միջոցառումը մեծ գնահատանքի է արժանի, քանի որ կարճ ժամանակում երեխաներն ասմունքի, երգի, պարի, բեմադրության միջոցով ներկայացրել են Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգությունն ու դրա դրսևորումներն արվեստի մյուս ճյուղերում:

«Գիրք նվիրելու օրը շատ կարևոր նախաձեռնություն է հատկապես դպրոցականների համար տոն դարձնելու տեսակետից, բայց նաև մեզ համար շատ կարևոր է Մայրենիի օրը: Պետության ուշադրության կենտրոնում են հատկապես ազգային փոքրամասնությունները, իսկ մեր երկրում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիական համայնքն է: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի դպրոցում երեխաները շատ լավ սովորեն իրենց մայրենի լեզուն, ակտիվորեն հաղորդակցվեն իրենց մշակույթին, ավանդույթներին, ամբողջ ժառանգությանը և դրանք փոխանցեն հաջորդ սերունդներին։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի եզդիական համայնքն ակտիվ ներգրավված է այս գործընթացներում. նաև տեղեկացա, որ այս դպրոցում սովորող երեխաներից մեկի տատիկն է «Շունն ու կատուն» թարգմանել եզդիերեն: Երեխաները հրաշալիորեն ներկայացրեցին այս բեմականացումը եզդիերենով»,- նշել է Արաքսիա Սվաջյանը և հորդորել երեխաներին լավ սովորել մայրենին՝ ՀՀ պետական լեզվին՝ հայերենին զուգահեռ։

Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցում եզդիերենը դասավանդվում է՝ որպես պետական հանրակրթական ծրագրում ընդգրկված առարկա։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դպրոցում գործող խմբակների կարևորությանը՝ արձանագրելով, որ գործում են պարի խմբակ, երգչախումբ, առաջիկայում կբացվի նաև նկարչական խմբակ: Արաքսիա Սվաջյանը հորդորել է դպրոցի տնօրենությանը երեխաների սպորտային հետաքրքրություններին ուղղված խմբակներ ևս բացել:

Արաքսիա Սվաջյանը միջոցառումից հետո շրջել է դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ:

Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն. նախարարը՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ
Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների մարզական կոչումներ են շնորհվել