Ձմեռային ընդմիջումից հետո մեկնարկել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան, իսկ գործող չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ դարձավ առաջին խաղում։

Առաջնության 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով հաղթեց «Ռոստովին»։ Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավեց 11-մետրանոց հարվածով։

25-ամյա Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 19 հանդիպման, դարձել 9 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ «Կրասնոդարը» 43 միավորով առաջին տեղում է։