Հնդկաստանում ընթացող ըմբշամարտի Pro Wrestling League (PWL) պրոֆեսիոնալ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը շարունակում է գրանցել տպավորիչ արդյունքներ։ Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիրը (65 կգ) իր ակտիվում գրանցել է արդեն երրորդ հաղթանակը։

«Maharashtra Kesari» թիմի կազմում հանդես եկող հայ մարզիկի հերթական մրցակիցը տիտղոսակիր ըմբիշ, 2025 թվականի աշխարհի փոխչեմպիոն, մոնղոլ Տումուր-Օչիրին Տուլգան էր։ Դիտարժան և լարված պայքարում Թևանյանին հաջողվել է վստահ առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ գոտեմարտն ավարտելով 10։4 հաշվով։

Մինչ այս հաջողությունը, հայ ըմբիշը ևս երկու կարևոր հաղթանակ էր տարել PWL-ի շրջանակում։ Մասնավորապես, նախորդ գոտեմարտերում նա ուժեղ էր գտնվել հնդիկ ըմբիշ Վիշալ Կալիրամանայից («Up Dominators» թիմ), ում հաղթել էր 4։2 հաշվով, ինչպես նաև սկզբունքային գոտեմարտում 5։2 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Ալի Ռահիմզադեի նկատմամբ։

Հիշեցնենք, որ հնդկական լիգայում Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ։ «Up Dominators» թիմի կազմում մինչև 74 կգ քաշային կարգում հանդես է գալիս Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը։

armsport.am