Հանրապետությունում հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարի չափը դարձել է 20 տոկոս։
–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ դեռ 2022 թվականին գործարկված փորձնական այս ծրագիրը ծավալվեց՝ ավելացավ թե՛ շահառուների թիվը, թե՛ անկանխիկ գործարքներից ստացվող հետվճարի տոկոսի չափը։
«Ծրագրի արդյունավետությունն ակնհայտ է։ 2025 թվականի ամբողջական թվերը դեռ ամփոփված չեն, սակայն նոյեմբերի տվյալներով ավելի քան 378 հազար շահառու օգտվում է այս հնարավորությունից։ Ծրագրի մեկնարկին հետվճարի չափը 10 տոկոս էր, այսօր արդեն 20 տոկոս։ Վստահ եմ, որ սա բերելու է ավելի շատ մարդկանց շրջանում վարքագծային փոփոխությունների։ Այսինքն՝ ավելի շատ շահառուներ կօգտվեն այս հնարավորությունից։ Ավելին ասեմ, եթե այդ քարտը ԱՐՔԱ է, ապա այդ 20 տոկոսին գումարվում է ևս 2 տոկոս։ Եթե մեր շահառուները չունեն ԱՐՔԱ քարտ, ապա կարող են ցանկության դեպքում իրենց գործող քարտը փոխարինել դրանով, որևէ խնդիր այդ առումով չկա»,-ասաց Դավիթ Խաչատրյանն՝ ընդգծելով, որ այս գործիքակազմը նպաստառուներին ևս վերաբերում է։ Նրանք նույնպես կարող են հետվճար ստանալ նպաստի գումարները անկանխիկ ծախսելու դեպքում։
Թոշակառուների թիվը ավելի քան 650 000 է այժմ, հետվճարի համակարգից օգտվում է մոտ 60 տոկոսը։ Նախարարությունում վստահ են, որ այս թիվը զգալի ավելանալու է։ Հատկապես, երբ կա օրենսդրական փոփոխություն, որ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները վճարվելու են անկանխիկ եղանակով։
«Չնայած կանխիկով թոշակ ստացողների թիվը շուրջ 50 000 է, այնուամենայնիվ ապրիլի 1-ից այդ թիվը լինելու է զրո, այսինքն՝ բոլոր մեր շահառուները ստանալու են անկանխիկ եղանակով, հետևաբար դա նաև ազդեցություն է ունենալու թե՛ շրջանառության, թե՛ անկանխիկ գործարքներ կատարող շահառուների թվի վրա։ Մեր շահառուները հնարավորություն են ստանում այս վարքագծով բարձրացնել իրենց կենսաթոշակը կամ նպաստը։ Ըստ էության, եթե կենսաթոշակը ենթադրենք կազմում է 60 000 դրամ, ապա հնարավոր է այն դարձնել 72 000 դրամ: Դրանից բացի, քանի որ անկանխիկ գործիքներն ամբողջությամբ թափանցիկության շրջանակում են իրականացվում, հետևաբար դրանք ամբողջությամբ գտնվում են հարկային համակարգի և առհասարակ ամբողջ վճարային համակարգերի թափանցիկության դաշտում»,-ասաց նախարարի տեղակալն՝ ընդգծելով, որ այս գործընթացն իր ազդեցությունն է ունենում հարկային մուտքերի և հարկային կարգապահության տեսանկյունից։
Նրա խոսքով՝ հարկային մուտքերն էլ տարբեր ծրագրերով վերադարձվում են քաղաքացիներին։





















































































































































































































































































































































































