ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին՝ ընդգծելով Համաշխարհային բանկի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունն ու քննարկելով համատեղ ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության ուղղությունները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և կարևորել ՀԲ-ի հետ գործակցությունը։

Խուդաթյանն ընդգծել է` Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական գործընկեր, այլ վստահելի ռազմավարական գործընկեր՝ կառուցվածքային բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։

ՀԲ-ի հետ համագործակցությունն ընդգրկում է միաժամանակ մի քանի առանցքային ոլորտներ։

Ֆաբրիցիո Զարկոնեն իր հերթին ընդգծել է ՏԿԵ նախարարության հետ համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ»,- ասված է հաղորդագրությունում։