Պարգևավճարների շքերթ՝ թերակատարված բյուջեի հաշվին
Պետական պաշտոնյաներին տարեվերջին միլիոնների պարգևավճարներ բաժանելը ցնցում առաջացրեց հասարակության շրջանում։ Մարդիկ, որոնք մի կերպ «յոլա» են գնում իրենց խղճուկ աշխատավարձերով ու թոշակներով, հանկարծ իմանում են, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ընդհուպ 7-8 մլն դրամի պարգևավճար են ստացել՝ չհաշված իրենց ամենամսյա ոչ պակաս բարձր աշխատավարձերը։
Կառավարությունն ինքն իրեն գնահատել է ու համարել, որ լավ է աշխատել։ Լավ աշխատանքի համար էլ որոշել է պարգևատրել միլիոնավոր դրամներով այն պետական բյուջեից, որը «լավ» աշխատած կառավարությունը չի կարողացել կատարել։ Չի կարողացել ամբողջությամբ հավաքել բյուջեի հարկային եկամուտները։
Բյուջեի ճշգրտված պլանով նախատեսել են հավաքել 2 տրիլիոն 729.4 մլրդ դրամի հարկային եկամուտներ, հավաքել են 2 տրիլիոն 725.2 միլիարդը։
Բյուջեի հարկային եկամուտների ճշգրտված պլանը թերակատարել են 4.2 մլրդ դրամով։
Թերակատարված բյուջեի հաշվին էլ որոշել են իրենց առատորեն պարգևատրել։
Բյուջեի հարկային եկամուտների ճշգրտված պլանը չկատարած պատասխանատու մարմնում գրեթե 1 մլրդ դրամի պարգևավճար են բաժանել։ Այն աշխատանքի դիմաց, որ թերակատարել են բյուջեի ճշգրտված պլանը։
Բյուջեի թերակատարումը միային ՊԵԿ-ի թերակատարումը չէ, նաև կառավարության թերակատարումն է ու աշխատանքի գնահատականը։ Բայց դա չի խանգարել, որ կառավարությունն իր չկատարած աշխատանքի դիմաց համատարած բարձր պարգևավճարներ նշանակի նախարարներին, փոխնախարարներին, վարչությունների ու բաժինների պետերին, գերատեսչությունների ղեկավարներին, նրանց տեղակալներին։
Գանք բյուջեի ծախսերին, որը պակաս կարևոր չէ, քան հարկերի հավաքումը։
Այս պահին բյուջեի տարեկան ծախսերի կատարողականն ամփոփված չէ, բայց 11 ամիսների տվյալները հայտնի են։ Մինչև դրանց անդրադառնալը՝ նշենք, որ ամբողջ տարվա ընթացքում բյուջեի ծախսերը, նախատեսվածի համեմատ, էական շեղումներով են կատարվել կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ թերակատարվել են։ Թերակատարման հիմնական ուղղություններից մեկը, ինչպես միշտ, եղել են կապիտալ ծախսերը։
Բյուջեի 11 ամիսների կատարողականով ունենք տարեկան ճշգրտված պլանի համեմատ 619 մլրդ դրամի կամ 1.6 մլրդ դոլարի չկատարված ծախս։
Կապիտալ ծախսերի կատարողականը 11 ամիսներին կազմել է տարեկան պլանի ընդամենը 69 տոկոսը։ Որպեսզի նախատեսածն ամբողջությամբ փակեն, վերջին 1ամսում պիտի կատարեն մնացած 31 տոկոսը։
Այս պահին դեռ չի հրապարակվել բյուջեի ծախսերի տարեկան կատարողականը, բայց առանց վարանելու կարելի է ասել, որ տարեկան արդյունքներով, ծախսերն էլ են թերակատարվել։ Թեպետ դա չի խանգարել, որպեսզի բյուջեի ծախսերի կատարման պատասխանատու ֆինանսների նախարարության պաշտոնյաների աշխատանքն էլ կառավարությունը «լավ» գնահատի ու չկատարված բյուջեի հաշվին բարձր պարգևավճարներ վճարի։
Բյուջեի՝ ինչպես եկամուտների, այնպես էլ՝ ծախսերի չկատարումը ձախողում է։
Կառավարության աշխատանքը գնահատվում է, առաջին հերթին, բյուջեի կատարողականով։ Բայց ինչպես տեսնում ենք, կառավարությունը թերացել է այն կատարել։ Չնայած դա պատճառ չի եղել բյուջեի հաշվին իրենց լի ու բոլ պարգևատրելու համար։
Հիմա տնտեսության մասին. Անդրադառնանք տնտեսության ոլորտի ամենակարևոր նախարարություններից մեկին՝ էկոնոմիկայի նախարարությանը, որը պատասխանատու է, առաջին հերթին՝ արդյունաբերության համար։ Եվ ի՞նչ ունենք արդյունաբերության «ձեռքբերումների» առումով։
Տարեկան տվյալները դեռ չեն հրապարակվել, բայց 11 ամիսների արդյունքում ունենք արդյունաբերության ընդամենը 0.5 տոկոս աճ, մշակող արդյունաբերության 1.9 տոկոս անկում։ Արդյունաբերության չնչին աճն էլ գերազանցապես այն բանի հաշվին է, որ տարեվերջին կտրուկ ակտիվացավ, այսպես կոչված՝ հիմնական մետաղների արտադրությունը, ինչը հայտնի է ռուսական ոսկու հայկականացմամբ ու վերաարտահանումներով։
Այդպիսի ձևական աճեր 2024թ. էլ ունեցանք, բայց դա ոչինչ չտվեց արդյունաբերությանը։ Բարձր աճ գրանցվեց՝ առանց իրական զարգացումների։
Էկոնոմիկայի նախարարության ու ընդհանրապես կառավարության «փայլուն» աշխատանքի արդյունքը տեսնում ենք մեր տնտեսության ու տնտեսական աճի մտահոգիչ կառուցվածքում։ Իրական տնտեսության, արտադրության ու մշակող արդյունաբերության փոխարեն՝ տնտեսության կառուցվածքում ավելանում է առևտրի, ծառայությունների ու շինարարության մասնաբաժինը։
Արտահանելի հատվածի պոտենցիալը, որն ամենակարևորն է տնտեսության համար, գրեթե չի աճում։
Սա է կառավարության տնտեսական գործունեության լավագույն գնահատականը։
Բայց խնդիրը միայն այն չէ, որ տնտեսության մեջ իրական զարգացումներ չկան, չնայած վիճակագրական աճերին։ Նույնը սոցիալական ոլորտում է, առողջապահության մեջ կամ մեկ այլ տեղ։ Թե՞ կարծում են՝ կառավարության լավ աշխատանքի գնահատականը, Արցախը հանձնելուց, այդքան կորուստներից ու զիջումներից հետո, նախաստորագրված խաղաղության պայմանագիրն է կամ ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը։
Ո՞ր լավ աշխատանքի համար են իրենց առատորեն պարգևատրել։ Այն դեպքում, երբ երկրում առնվազն յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ աղքատ է, պաշտոնապես 160 հազարից ավելի գործազուրկ կա, 550 հազար թոշակառու կա, ում միջին թոշակը 50 հազար դրամի չի հասնում, նվազագույն աշխատավարձը հազիվ 75 հազար դրամ է, ու բազմահազար աշխատողներ ամբողջ ամիս աշխատում են՝ այդքան աշխատավարձ ստանալու համար։
Այսպիսի միջավայրում պաշտոնյաներին մի քանի միլիոնի պարգևավճար վճարելը ծաղր է այս մարդկանց նկատմամբ։
Մինչդեռ՝ ժամանակին հայտարարում էին, թե պատրաստ են անշահախնդիր ծառայել ժողովրդին։ Այսօրվա միլիոնների հասնող պարգևավճարներն այդ «անշահախնդիր» ծառայության արտահայտությունն է՝ հազիվ օրվա հացը վաստակող հարյուր-հազարավոր քաղաքացիների ֆոնին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ











































































































































































































































































































































































