
Մինչ իշխանությունները զբաղված են պետության հաշվին իրենց բարձր աշխատավարձեր ու միլիոններով պարգևավճարներ բաժանելն արդարացնելով, բազմաթիվ ոլորտներում մարդիկ չնչին աշխատավարձ են ստանում։ Վերջին տվյալներով, Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 308.800 դրամ է։ Առաջին հայացքից գուցե թվում է, թե փոքր չէ։ Բայց բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ անվանական աշխատավարձերը շատ հեռու են միջինից։ Դեռ չենք ասում, որ փաստացի կամ հարկումից հետո այդ աշխատավարձերն անհամեմատ ավելի ցածր են։
Ոլորտներ կան, որտեղ միջին անվանական աշխատավարձը նույնիսկ 150.000 դրամի չի հասնում։ Մինչդեռ՝ Հայաստանի այսօրվա կառավարիչները կարող են իրենց 7-8 մլն դրամի միայն պարգևավճարներ տալ ու դա համարել ներդրում՝ աղքատությունը վերացնելու ուղղությումբ։
Բացի այն, որ բարձր աշխատավարձեր են ստանում, դեռ մի բան էլ այսպիսի պարգևավճարներ են իրենց շռայլում։ Այն դեպքում, երբ հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիներ չնչին աշխատավարձեր են ստանում։
Վերջին տվյալներով, ամենացածր աշխատավարձը Հայաստանում սպասարկման ոլորտում է։ Այն կազմում է միջինում 149.700 դրամ։ Մեկ տարվա ընթացքում այն ոչ միայն չի բարձրացել, այլև նվազել է ավելի քան 4000 դրամով։
Հարկումից հետո, սպասարկման ոլորտի միջին աշխատավարձը հասնում է հազիվ 110.000 դրամի։
Այդ գումարով մարդիկ մեկ ամբողջ ամիս պիտի կարողանան ապրել՝ այսօրվա համատարած բարձր գների, հազար ու մի վճարների պայմաններում։ Հիմա համեմատեք այս մարդկանց ստացած աշխատավարձերը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներին Նիկոլ Փաշինյանի շռայլած տարեվերջյան 7-8 մլն դրամ պարգևավճարների հետ։ Տարբերությունը հասնում է 60-70 անգամի։ Այս մարդիկ 5-6 տարի պիտի աշխատեն, որ այդքան գումար կարողանան վաստակել, իսկ Նիկոլ Փաշինյանի նախարարներն այդքան գումար 1 ամսում՝ որպես պարգևավճար են ստանում։
Այսքանից հետո զարմանալի չէ, որ ծակ գրպաններով իշխանության եկածները կարճ ժամանակում հասցրեցին այդպես հարստանալ, հարմար տեղավորվեցին պետության գրպանում, հարյուր-հազարներով, նույնիսկ միլիոններով աշխատավարձեր են ստանում, ապրում են ճոխությունների մեջ, իսկ հասարակ քաղաքացիների կյանքը ոչնչով չբարելավվեց։
Սպասարկումից շատ չեն տարբերվում աշխատավարձերը նաև կացության ու հանրային սննդի կազմակերպման ոլորտում զբաղված քաղաքացիների մոտ։
Միջին անվանական աշխատավարձն այստեղ անցած տարվա վերջին ընդամենը 151.700 դրամ է եղել։ Եթե հանում ենք հարկերը, տակը մնում է շուրջ 112.000 դրամ։
Ի տարբերություն սպասարկման ոլորտի, վերջին 1 տարում այստեղ աշխատավարձերն ավելացել են 8000 դրամով։ Պարզ է՝ 8000 դրամն այն գումարը չէ, որը կարող է թույլ տալ փակել բազմաթիվ ծախսերը, որոնք ամեն տարվա հետ ծանրանում են այս քաղաքացիների գրպանի վրա։
Միայն պարենային մի շարք կարևոր ապրանքների գների, երբեմն երկնիշ բարձրացումները բավարար են, որպեսզի կլանեն այդ մի քանի հազար դրամը։ Պատկերացնելու համար՝ ասենք, որ անցած տարի, օրինակ՝ տավարի միսը Հայաստանում թանկացել է 11.7 տոկոսով, խոզի միսը՝ 12.7 տոկոսով, գառան միսը՝ 14.1 տոկոսով, ձուկը՝ 18.3 տոկոսով, արևածաղկի բուսական յուղը՝ 8.2 տոկոսով, սուրճը՝ 9.5 տոկոսով, կակաոն՝ 31.9 տոկոսով, ձուն՝ 7.2 տոկոսով, մակարոնեղենը՝ 7.9 տոկոսով, հնդկացորենը՝ 9.4 տոկոսով, ոլոռը՝ 10.4 տոկոսով, կարագը՝ 7.2 տոկոսով, տրանսպորտը՝ 24.5 տոկոսով, կրթությունը՝ 8.5 տոկոսով, և այսպես շարունակ։
Մի քանի հազար դրամով աշխատավարձերի բարձրացումը ոչինչ է այսքան թանկացումների պայմաններում։
Աշխատավարձերը ցածր են հատկապես մշակույթի, արվեստի ոլորտներում։
Մինչ Հայաստանի կառավարիչներն իրենց 7-8 մլն դրամ միայն պարգևավճար են տալիս, մշակույթի ու արվեստի ոլորտի աշխատողների միջին անվանական աշխատավարձը 160.000 դրամի էլ չի հասնում։
Այդքան խոսում են ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին, այնինչ՝ հաջորդ ոլորտը, որտեղ աշխատավարձերն անհամեմատ ցածր են, գրեթե կրկնակի ցածր միջինից՝ կրթությունն է։ Այստեղ է երևում, թե ինչքան է բարձրացել ուսուցիչների աշխատավարձը։ Մի քանի հարյուր ուսուցչի 400-500.000 դրամ աշխատավարձ են տալիս, այնպես են ներկայացնում, կարծես բոլորն են այդքան ստանում։ Պաշտոնական տվյալներով, կրթության ոլորտում միջին աշխատավարձն ընդամենը 169.000 դրամ է։
Եթե 169.000 դրամ անվանական աշխատավարձից էլ հանենք գրեթե 44.000 դրամի հասնող հարկերը, տակը կմնա հազիվ 125.000 դրամ։ Այսպիսին է կրթության ոլորտում իրական միջին աշխատավարձը։
Հատուկենտ ոլորտներ կան, որտեղ աշխատավարձերը բարձր են միջինից։
Ինչպես նախկինում՝ առաջնայնությունը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաներին ու ֆինանսական ոլորտին, որտեղ վարձատրությունը երբեմն 3-4 անգամով գերազանցում է միջին աշխատավարձին։
Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում, հրապարակված վերջին տվյալներով, միջին անվանական աշխատավարձը եղել է 1 մլն 341.000 դրամ՝ 160.000 դրամով անցնելով 1 տարի առաջվա ցուցանիշից։ Բայց աշխատավարձի այդ մակարդակը կայուն չէ, այն անընդհատ փոխվում է, վերջինը ձևավորվել է հավանաբար բոնուսների կամ հավելավճարների տրամադրման արդյունքում։
Տարեկան կուտակային միջին անվանական աշխատավարձն այստեղ կազմում է 930.000 դրամ։
Աշխատավարձերի աճը դադարել է ՏՏ-ում, նույնիսկ մի փոքր նվազել է, բայց այն շարունակում է մնալ առաջատարներից մեկը, եթե ոչ՝ առաջատարը։
ՏՏ-ում միջին անվանական աշխատավարձն անցած տարվա վերջին եղել է գրեթե 993.000 դրամ, իսկ տարեկան կուտակայինը կազմել է 1 մլն 37.000 դրամ։
Եվս 2-3 ոլորտ կա, այդ թվում՝ հանքարդյունաբերությունը, որտեղ աշխատավարձերը բարձր են միջինից։ Մնացած բոլոր տեղերում դրանք տատանվում են հիմնականում 200-250.000, հարկումից հետո, 150-200.000 դրամի սահմաններում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ











































































































































































































































































































































































