ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնւմ են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության ընթացակարգային բարեփոխումներին ուղղված աշխատանքները:

«Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս խորհրդակցությունը տեղի է ունենում ի շարունակություն Կառավարության նիստում վերջերս տեղի ունեցած քննարկման, որը վերաբերում էր հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմերի վերանայմանը: Քննարկման արդյունքում արձանագրվել էր, որ կա նախագծերով առաջարկվող փոփոխությունների լավարկման անհրաժեշտություն և վարչապետը հանձնարարել էր աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը զեկուցել է իրականացված վերլուծությունների մասին և մանրամասներ ներկայացրել առաջարկվող նոր ընթացակարգերի, հարկային ոլորտի զարգացման և վարչարարության բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև օրինապահ հարկ վճարողի ինստիտուտի վերափոխմանն ուղղված աշխատանքներին:

Վարչապետը կարևորել է հարկային քաղաքականության հետևողական բարելավումն ու լավարկումը»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր:

Ներկայացվել են հարկման համակարգերի բարելավման առաջարկությունները և ակնկալվող արդյունքները, քննարկվել են հարկային քաղաքականության լավարկմանն ու վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Կարևորվել է ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումն ու կիրառվող գործիքակազմերի բարելավումը, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը:

Քննարկման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել վերոնշյալ ուղղություններով և հանդես եկել առաջարկություններով։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առկա նոր իրողությունները և ստեղծվող հնարավորությունները։ Երկրի ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել լուծումներ, որոնք ուղղված կլինեն համակարգի պարզեցմանն ու ոլորտում թվայնացման գործիքների կիրառման ընդլայնմանը: