
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտվող 2025 թվականը նշանակալից է համարում Եվրասիական տնտեսական միության միջազգային համագործակցության առումով։
-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդպիսի կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ժամանակ ունեցած ելույթում։
«Այս տարի մենք ամփոփում ենք մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումը, որի շրջանակներում կուտակվել է համագործակցության զգալի գործնական փորձ։
Այս համատեքստում, մենք ներկայումս մշակում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները՝ հենվելով ձեռք բերված արդյունքների վրա։ Եվ այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների և այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը։
Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում»,- ասել է ՀՀ վարչապետը։
Այս համատեքստում Փաշինյանը ողջունել է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ կայուն հետաքրքրություն ցուցաբերող դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացումը։
«Ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումն ինտեգրման առաջնահերթ նպատակներից մեկն է։ Սա ենթադրում է խոչընդոտների հետևողական վերացում, կարգավորչական ընթացակարգերի թվայնացում և պարզեցում, ինչպես նաև տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում։ Համոզված եմ, որ Հանձնաժողովը՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ պետք է շարունակի լուծել զգայուն հարցերը՝ փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների մշակման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ վերջին տարիներին ծառայությունների ոլորտի կարևորությունը ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսություններում կայուն աճում է։ Նրա խոսքով՝ այս ոլորտը ձևավորում է ՀՆԱ-ի և զբաղվածության զգալի մասը։
«Միասնական ծառայությունների շուկայի գործունեությունը բարելավում է մատակարարների որակը և մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար։
Կարծում ենք, որ այս ուղղության զարգացումը պետք է լինի ավելի դինամիկ, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա։
Ոչ պակաս նշանակալի ուղղություն է նաև թվայնացումը: Կայուն զարգացումն այսօր անհնար է առանց թվային տեխնոլոգիաների ներդրման, որոնք ամուր հիմք են ձևավորում, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի համար»,- մանրամասնել է նա։
Փաշինյանը նշել է, որ այս տարի կոնսենսուս է ձևավորվել էլեկտրոնային առևտրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ: Համաձայնեցված որոշումները հիմք են ստեղծում միասնականացված, բայց միևնույն ժամանակ ճկուն մոտեցման համար, և արդեն իսկ ներդրվում են մի շարք մեխանիզմներ՝ ստեղծելով կանխատեսելի պայմաններ շուկայի մասնակիցների համար։
«Այս համատեքստում, այս տարի ինտեգրման առանցքային գործնական ուղղություններից մեկն ապրանքների տեղաշարժի թափանցիկության և հետագծելիության բարձրացումն էր։
Դրոշմավորման համակարգերի զարգացումը՝ անդամ պետությունների հարկաբյուջետային համակարգերի անհրաժեշտ թվային ինտեգրման հետ միասին, նպաստում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը։
Այս միջոցառումներն ուղղած են բարեխիղճ մրցակցության ապահովմանը և ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանը՝ միաժամանակ նվազեցնելով բիզնեսի վարչարարական բեռը։
Զբոսաշրջության ոլորտն ունի զգալի բազմապատկական ազդեցություն և ներդրում ԵԱՏՄ երկրների տնտեսություններում, և այսօր ընդունված Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը նոր խթան կհաղորդի փոխադարձ զբոսաշրջային հոսքի ավելացմանը»,- հավելել է ՀՀ վարչապետ։
Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ տարածաշրջանի տնտեսական կայունության և կայուն զարգացման։
























































































































































































































































































































































































































