Խոցելի իրավիճակում գտնվող շուրջ 300 կանայք փոքր, բայց սահուն քայլերով առաջ են շարժվում և իրենց գաղափարը բիզնես դարձնում։ #SheCan ծրագրի շահառուների կազմում մեծ է Արցախից բռնի տեղահանված կանանց թիվը։ Նրանց մի մասը Հայաստանում է շարունակել իր բիզնեսն ընդլայնել և նոր շունչ տալ, մյուս մասն էլ վաղուց մտքում եղած գաղափարներն է կյանքի կոչել։

Արցախից բռնի տեղահանված Իրինա Սարգսյանը մանկավարժ է, սակայն մասնագիտությամբ չի աշխատում։ Այժմ փոքր բիզնես ունի, կաշվե դրամապանակներ, պայուսակներ, թևնոցներ ու վզնոցներ է պատրաստում։ Ասում է՝ սթրեսից դուրս գալու լավագույն միջոցը եղել է կաշվի հետ աշխատելը։

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Մելինե Մուքայելյան էլ ծրագրի միջոցով ընդլայնել է չրերի արտադրության բիզնեսը։ Մրգային ու բանջարեղենային չիպսերը պատրաստում է առանց որևէ հավելումների, փորձում է պահպանել բնական համն ու տեսքը։ Դրամաշնորհ է շահել և անհրաժեշտ նոր գործիքներ ձեռք բերել։

Ծրագիրը ֆինանսավորում է Հայ օգնության ֆոնդը։ ՀՕՖ-ի «Այո» հարթակի համայնքների հետ կապերի ղեկավար Հելենա Մելքոնյանի խոսքով՝ կարևոր է ճանաչելի դարձնել կանանց աշխատանքները, և փորձում են ամեն բան անել կանանց գաղափարներին ևս կյանք տալու համար։

GITC-ի գործադիր տնօրեն, #SheCan ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանն էլ ընդգծում է՝ կանանց բիզնեսի զարգացման գիտելիքներ և դրամաշնորհներ է տրամադրվել, որպեսզի ձեռք բերեն իրենց անհրաժեշտ սարքավորումները։

Բիզնես կամ բիզնես գաղափարներ ունեցող կանայք կարող են դիմել #SheCan ծրագրին։ Այժմ բաց է ծրագրին դիմելու նոր ընդունելությունը։ GITC-ի կենտրոնի բոլոր հարթակներում տեղադրված է ընդունելության կարգը։ Ծրագիրը 3-ամսյա է, երկու ամիս կանայք ստանում են բիզնես սկսելու, ռիսկերը կառավարելու և շուկայավարման մասին գիտելիքներ, հետո ներկայացնում են իրենց բիզնես ծրագիրը, իսկ լավագույնները ստանում են դրամաշնորհներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան