Պրոֆեսորը փակագծեր է բացում

Հրատարակվել է Արմեն Ճուղուրյանի եւ Ատոմ Մխիթարյանի «Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն եւ գիտաչափություն» ուսումնամեթոդական ձեռնարկը: Ձեռնարկի, կրթության եւ գիտության ոլորտի վերաբերյալ զրուցել ենք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հետ:

– Պարոն Ճուղուրյան, կարծես ավանդույթ է դարձել վերջին տարիներին կրթության եւ գիտության թեմաներով ուսումնական ձեռնարկների համահեղինակումը Ատոմ Մխիթարյանի հետ: Այս անգամ որն էր ուսումնական ձեռնարկի հրատարակման շարժառիթը:

– Համալսարանական կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի առկայությունը ներկայումս էական կարեւորություն է ստանում, քանի որ ուսումնառության տարիներին հետազոտական աշխատանքների շնորհիվ ուսանողի մոտ զարգանում են քննադատական մտածողություն եւ ստեղծարար հմտություններ: Հենց այս նպատակով էլ ընթերցողին ներկայացնում են ուսումնական ձեռնարկ, որտեղ ուսուցանվում են հետազոտական հմտություններ, թե ինչպես հրատարակել գիտական հոդված, ինչպես նախապատրաստվել ատենախոսության պաշտպանության, ինչու մասնակցել գիտաժողովներին կամ ինչպես ձեւավորել գիտական վարկածներ:

– Ասել է թե՝ ձեռնարկը նախատեսված է ուսանողների համար, որոնք իրենց առաջին քայլերն են անում հետազոտության ճանապարհներին:

– Չէի ասի, որ ձեռնարկի թիրախային լսարանը միայն երիտասարդ ուսանողներն են: Այն օգտակար կարող է համարվել անգամ փորձառու եւ մեծ վաստակ ունեցող հետազոտողների համար: Ուսումնական ձեռնարկում հատուկ շեշտադրումներ են կատարվում գիտաչափության մեկնաբանություններին, նշելով Հիրշի ինդեքսի կարեւորությունը, վերլուծելով հիմնական գիտաչափական ցուցանիշները, որոնք նորույթ են անգամ փորձառու գիտնականների համար: Սակայն եկեք չմոռանանք, որ հետազոտության մեկնարկին կանգնած երիտասարդության շրջանում անհրաժեշտ է ձեւավորել գիտական վարկածների վերլուծության, գիտական համայնքին ինտեգրման, հետազոտության սեփական արդյունքներով ինքնադրսեւորման հմտություններ: Եվ հաճախ, երիտասարդ հետազոտողները մասնակցելով գիտաժողովներին, իրենց թեմային առնչվող քննարկումներին, դուրս են գալիս «ձեռնունայն», քանի որ չեն կարողանում արդյունավետ ինքնակառավարվել նման միջավայրերում: Ուստի, մեր առջեւ խնդիր դրեցինք ձեռնարկում մեկնաբանելու, թե ինչպես նախապատրաստվել գիտական քննարկումներին եւ ատենախոսության պաշտպանություններին, ինչպես կազմակերպել գիտական շնորհանդեսներ, որ այն գրավի հետազոտական համայնքի ուշադրությունը եւ այնուհետեւ գնահատվի գիտաչափական բարձր վարկանիշներով:

– Ձեռնարկում հատուկ քննարկման նյութ եք դարձրել հետազոտական վարկածների ձեւավորումը: Ինչով եք դա բացատրում:

– Հետազոտական վարկածների առաջ քաշումը եւ դրանց հիմնավորումները կարեւոր գիտագործնական նշանակություն են ձեռք բերում հատկապես մեր օրերում: Այս նպատակով, ուսումնական ձեռնարկում իրենց մեկնաբանություններն են ստանում գիտական վարկածների ձեւավորման եւ դրանց վերլուծությունների մոտեցումները, համարելով, որ դրանք օգտակար կլինեն երիտասարդներին ճիշտ կողմնորոշվելու «հետազոտական հորձանուտներում»:

– Եթե հակիրճ ամփոփելու լինենք, ինչ կտա ուսումնական ձեռնարկը ընթերցողին:

– Հուսով ենք, որ ուսումնական ձեռնարկի ընթերցմամբ հնարավորություն կընձեռվի էապես բարձրացնելու ուսումնառուի հետազոտական աշխատանքների արդյունավետությունը, քանի որ արդյունքում նրան կփոխանցվեն գիտագործնական արդիական կարողություններ, ինչպես նաեւ գիտաչափության հմտություններ:

Հարցազրույցը՝ Լիլիթ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: