19 Մարտի, 2026

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19–ի նիստում հաստատել է Հայաստանի բուհերի 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։

Ըստ այս որոշման՝ նախատեսվում է 2026-2027 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 11 000 վճարովի ընդունելության տեղ, որոնք կբաշխվեն բուհերի կողմից ներկայացրած հայտերին համապատասխան՝ տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերի շրջանակում:

Ինչպես նախորդ՝ 2025-2026 ուստարվա, այնպես էլ 2026-2027 ուստարվա համար համապատասխան տեղեր են հատկացվել ԵՊՀ «Ֆիզիկա» (47 տեղ), «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» (15 տեղ) և «Ռադիոֆիզիկա» (47 տեղ) կրթական ծրագրերին: Կադաստրի կոմիտեի առաջարկով ԵՊՀ «Աշխարհագրություն» մասնագիտության «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրի համար նախորդ տարվա 4 տեղի փոխարեն նախատեսվել է 5 տեղ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտությունների ցանկում ներառված՝ «Տեղեկատվական անվտանգություն» և «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտություններին հատկացվել է ընդհանուր 50 տեղ, որից 15-ը «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ», իսկ 10-ը «Ավիատիեզերական ճարտարագիտություն» կրթական ծրագրերին:

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերին հատկացվել են 12-ական տեղեր, «Արհեստ-արվեստ» ծրագրին՝ 1 տեղ, իսկ «Oպերատորություն» և «Ռեժիսուրա» մասնագիտություններին տրամադրվել են 1-ական, «Հատուկ մանկավարժություն» մասնագիտության նոր՝ «Հատուկ մանկավարժություն» կրթական ծրագրին՝ 2, «Էրգոթերապիա» կրթական ծրագրին՝ 1 տեղեր:

2026-2027 ուսումնական տարվա համար Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Քիմիա» կրթական ծրագրերի պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ տեղերը բաշխվել են «Մաթեմատիկա-Ֆիզիկա» և «Կենսաբանություն-Քիմիա» կրթական ծրագրերին (ընդհանուր՝ 9 տեղ):

Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2026-2027 ուստարվա համար նախատեսվել է 119 տեղ, նախորդ տարվա 118 տեղի փոխարեն: Մասնավորապես, նախորդ ուստարվա համեմատությամբ 8 տեղ է հատկացվել «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա» կրթական ծրագրին, «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 32 տեղը բաշխվել է տվյալ մասնագիտության կրթական ծրագրերին՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա»՝ 18 տեղ (նախորդ տարվա 22-ի փոխարեն), «Սննդամթերքի անվտանգություն»՝ 6 տեղ (նախորդ տարվա 5-ի փոխարեն), «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» 8 տեղ։ «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն» կրթական ծրագրի համար նախատեսվաում է 7 տեղ (նախորդ տարվա 6-ի փոխարեն), «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի համար՝ 5 տեղ (նախորդ տարվա 4-ի փոխարեն):

Ընդհանուր առմամբ 2026-2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 2921 տեղ, որից 2109-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին, ընդ որում՝ 2109 տեղից՝ 1282-ը՝ (որը կազմում է ընդհանուր տեղերի թվի շուրջ 61%-ը) նախատեսված է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտի կրթական ծրագրերի համար (2025-2026 ուսումնական տարում STEM ոլորտին հատկացվել ընդհանուր տեղերի 60%-ը):

ՊՆ–ի հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային կտրամադրվի 309 տեղ, «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար նախատեսել է 273 տեղ (2023-2025 թվականների ՄԺԾԾ-ով ամրագրված էր 350 տեղ)` հաշվի առնելով 2023-2025թթ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության արդյունքների վերլուծությունը, ըստ որի՝ 2023-2024 ուստարվա նախատեսվել էր 180 տեղ, ընդունվել են 124-ը ( փաստացի սովորում են 63-ը), 2024-2025 ուստարում նախատեսվել էր 160 տեղ, ընդունվել են 119-ը (սովորում են 93-ը), 2025-2026 ուստարում տրամադրվել է 273 տեղ, ընդունվել են 137-ը:

Ինչպես 2025-2026, այնպես էլ 2026-2027 ուստարիների համար, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել են նպատակային ուսուցման համար պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղեր, մասնավորապես՝ Մ.Հերացու անվան պետական համալսարանին՝ 47 (2025-2026 ուստարվա համար Առողջապահության նախարարության առաջարկով՝ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի դիմորդների համար 5-ական տեղեր, Կոտայքի մարզի դիմորդների համար` 2 տեղ), Կոմիտասի անվան կոնսերվատորիա՝ 1 տեղ և Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտին՝ 10 տեղ (ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիր)։

Նմանատիպ նյութեր