ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու «Կրթություն 2026» նախարարական համաժողովին. տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով. «Այն նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականությունների մշակմանը: Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այսօր հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, մասնավորապես՝ արհեստական բանականության ուսուցման ներդրումն ավագ դպրոցներում:

Կողմերը քննարկել են ուսումնական ծրագրերի մշակման, ուսուցիչների վերապատրաստման, STEM կրթության, թվային գրագիտության և նորարարական դասավանդման մեթոդների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտահետազոտական համագործակցությանը, ակադեմիական փոխանակման ծրագրերին, միջբուհական կապերի զարգացմանը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին»: