Աննա Հակոբյանը հայտարարում է, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկար տարիներ ձգված քաղաքացիական ամուսնությունը ավարտվել է, և փետրվարի 25-ին նա լքում է կառավարական առանձնատունը։ Նա ընդգծում է, որ ամուսնությունը երբեք չի գրանցվել ո՛չ քաղաքացիական, ո՛չ եկեղեցական կարգով, իսկ այս ամուսնալուծությունը ոչ միայն անձնական, այլ նաև հզոր քաղաքական ազդակ է մի իշխանության համար, որը տարիներ շարունակ ներկայացվել է «ընտանեկան արժեքների» և «վստահության» խորհրդանիշով։

Հակոբյանը հատուկ անդրադառնում է գույքային թեմային՝ կանխավ գիտակցելով, որ առաջիկայում սպասվում է բամբասանքների և շահարկումների հեղեղ իր հասցեին։ Նա ասում է, որ սեփական տուն չունի, իսկ վարկով գնված բնակարանը դեռ կառուցման փուլում է, ինչի պատճառով, կառավարական առանձնատանը ապրելուց հետո, փաստացի տեղափոխվելու է վարձակալված բնակարան։ Ըստ նրա, իր հաշվեհամարներին առկա էմիայն նախկին տան վաճառքից մնացած գումարը և «Իմ քայլը» հիմնադրամում աշխատավարձից ու եկամտային հարկի վերադարձից կուտակված միջոցները։ Սա հակասում է  այն պատկերին, որով տարիներ շարունակ ներկայացվել է Փաշինյանի շրջապատը՝ որպես ինքնաբավ և ապահովված էլիտա։

Հակոբյանը նշում է, որ ոչ մեքենա ունի, ոչ էլ առաջիկայում կօգտվի պետական պահպանությունից, ուստի եթե նրան տեսնեն Երևանի փողոցներում միայնակ քայլելիս, խնդրում է չզարմանալ և չվիրավորել, քանի որ վերջին ութ տարիներին բավականաչափ վիրավորանք արդեն ստացել է։ Նրա այս ուղերձը  անուղղակիորեն ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարման տարիներին ստեղծված մթնոլորտում անգամ իշխանությանը մոտ կանգնած անձինք կարող են մնալ հանրային ագրեսիայի դեմ առանց բավարար պաշտպանության։

Աննա Հակոբյանը հայտարարում է, որ ցանկանում է շարունակել աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, քանի որ դա վարձու աշխատանք է և իր հիմնական եկամտի աղբյուրը։ Միևնույն ժամանակ նա արձանագրում է, որ միայն իր ցանկությունը բավարար չէ, իսկ երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողի միջև տեղի ունեցած հարցուպատասխանից դատելով՝ չի բացառվում, որ ինքը քրեական պատասխանատվության ենթարկվի այդ նույն հիմնադրամի ղեկավարի կարգավիճակով։ Ստացվում է պարադոքսալ պատկեր․ Փաշինյանի թիմի «սոցառաջխաղացման» գլխավոր վահանակներից մեկը՝ հիմնադրամը, այժմ հայտնվում է հնարավոր քրեական գործերի ենթատեքստում, իսկ դրա դեմքը մնում է մենակ իրավական և հանրային հարվածների ռիսկի տակ։

Դրանից հետո Հակոբյանը ցույց է տալիս տարիների ընթացքում ստացած զարդերը՝ նշելով, որ դրանք արարողակարգային նվերներ են, որոնք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ, կոռուպցիոն վտանգ չեն ներկայացրել և մոտ յոթ ամիս առաջ հանձնվել են իրեն։ Այժմ, սակայն, նա հայտարարում է, որ այս բոլոր նվերները, զարդերը և, ըստ էության, բավականին թանկարժեք համարվող հագուստը փոխանցում է պետությանը՝ իր հետ տանելով միայն անձնական հագուստ և հիգիենայի պարագաներ։ Սա թե՛ խորհրդանշական, թե՛ քաղաքական ժեստ է, որը հարցականի տակ է դնում Փաշինյանի շրջապատում տարիներ շարունակ կուտակված «պաշտոնական շքեղության» արդարացվածությունը։

Հակոբյանը վերադառնում է նաև իր հանրային կերպարին՝ հիշեցնելով, որ վերջին ութ տարվա ընթացքում, որպես վարչապետի տիկին, տարբեր հարթակներում ունեցած իր ոճային և իմիջային հայտնությունները մշտապես մեծ աղմուկ ու քննադատություն են առաջացրել։ Նա հայտարարում է, որ զգեստապահարան ձևավորելու համար երբեք բյուջե չի ունեցել, և փաստացի «աճպարարությամբ» է զբաղվել՝ դիզայներների հետ համագործակցության շնորհիվ, որոնք տարատեսակ միջոցառումների համար իրենց ունեցածից հագուստ են տվել, որոնք ինքը կրել և հետ է վերադարձրել։ Այս խոստովանությունը մտահոգիչ պատկեր է ստեղծում այն իրականության մասին, որտեղ պետության առաջին դեմքի կողակիցը անգամ ստիպված է եղել գոյատևել փոխառյալ հագուստով, մինչդեռ Փաշինյանի իշխանությունը հասարակությանը վաճառել է «նոր Հայաստանի» ապահովվածության պատկերը։​

Ի վերջո, Հակոբյանը հատուկ գրառումով հորդորում է թե՛ ընկերներին, թե՛ ծանոթ-անծանոթներին և նույնիսկ ամենամոտ հարազատներին, այս թեման իր հետ չքննարկել՝ դրա վրա արգելք դնելով։ Նա նույն կոչով դիմում է նաև հասարակությանը՝ չծախսել չափից շատ ժամանակ այս հարցը «դնել-վերցնելու» վրա՝ դա կոչելով անօգուտ և անպտուղ զբաղմունք, և առաջարկում «լսել, արձանագրել և անցնել առաջ»։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ մոտ երեք տասնամյակի համակեցությունից հետո հենց այսպես է ավարտվում մի պատմություն, որը խորհրդանշական էր Փաշինյանի քաղաքական նախագծի համար, և այդ ճեղքումը չի կարող չհարվածել նրա անձնական և քաղաքական հեղինակությանը։