Փաստաթղթերի իսկությունը հաստատված է․ Փաշինյանի եղբայրն աշխատել է ռուսական պետական համակարգում։ Ինչո՞ւ Փաշինյանը չպատասխանեց՝ արդյոք իր եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել, թե ոչ։
Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ իր եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, Ռուսաստանի քաղաքացի է, որը 1990-ականներին արտագաղթել է Հայաստանից։ Սակայն Փաշինյանը խուսափել է պատասխանել առանցքային հարցին՝ արդյոք ՀՀ ԱԱԾ-ն երբևէ ստուգե՞լ է իր եղբոր հնարավոր կապերը խորհրդային հատուկ ծառայությունների, այդ թվում՝ ԿԳԲ-ի հետ:

«Իշխանություն» լրատվական գործակալությունը պարզել է, որ Փաշինյանի եղբայրը պարզապես սովորական «խոպանչի» չի եղել։ 2004 թվականին Արմեն Փաշինյանն աշխատել է ռուսական պետական կառույցում՝ «Ռոսգոսկարանտինի» Կրասնոդարի մասնաճյուղում։ Բացի այդ, 2015-ից 2017 թվականներին նա աշխատել է նաև «ԿոնսուլտՏամոժՍերվիս» ՍՊԸ-ում, որը զբաղվում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների ժամանակավոր պահպանությամբ և փաստացիորեն պետական կառույցներին սպասարկող ոլորտում է։
«Սատանայի որսորդների» համար ԱԱԾ-ի այս տեղեկատվությունն ավելի քան բավարար է Նիկոլ Փաշինյանի եղբորը «ստուգելու» համար։ Իրենց հակառակորդներին «վարկաբեկելու» նպատակով ՔՊ-ականներն առանց որևէ հրապարակային ապացույցի նրանց անվանում են «օտարերկրյա գործակալներ», «ԿԳԲ-ի ազդեցության գործակալներ» կամ «օտար ուժերի գործակալներ»:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր եղբոր՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու փաստը ներկայացնում է բոլորովին այլ լույսի ներքո՝ տպավորություն ստեղծելով, թե նա ընդամենը «խոպանչի» է, ով մեկնել է արտերկիր՝ աշխատանք վաստակելու։ Իրականում Փաշինյանի եղբայրը շատ ավելի սերտ կապեր ունի ռուսական պետական կառույցներիհետ, քան մնացած բոլոր «հորինված գործակալները»:





























